Մեկնաբանություն

05.03.2013 13:33


Մեկին սպանեցին, մյուսին հեռացրին հայրենիքից (տեսանյութ)

Մեկին սպանեցին, մյուսին հեռացրին հայրենիքից (տեսանյութ)

Պատահական զուգադիպությամբ այսօր` մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի ծննդյան օրն է: Վազգենը կդառնար 54 տարեկան, իսկ Սամվելը դարձավ 48 տարեկան: 

Անշուշտ, Արցախի այս երկու հերոսները հակասական ընկալում ունեն մեր այսօրվա հասարակության մեջ: Մի կողմից ոչ ոք չի ուրանում նրանց մեծ ներդրումը ղարաբաղյան պատերազմում, մյուս կողմից էլ` նրանք ոչ միանշանակ են ընկալվում հասարակական-քաղաքական կյանքում իրենց թողած հետագծի մասով:

Անկասկած, այս երկու տեսակետն էլ արտացոլում է այն դառն իրողությունը, որ առկա է հայ հասարակության մեջ: Իհարկե, նրանց գործունեությունն իդեալական չի եղել, հասարակական ըմբռնման տեսանկյունից, սակայն մեկ բան ակնհայտ է, նրանք անգնահատելի դեր են ունեցել բանակաշինության մեջ եւ ղարաբաղյան անցած պատերազմում: 

Մենք չէինք ուզենա փորփրել նրանց անցած ուղու դրական եւ բացասական կողմերը, քանի որ անսխալական գործիչներ չեն լինում, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պետերազմը իր շտկումներն է մտցնում մարդկանց գործելաոճի մեջ: Պատերազմը ծնում է կոպիտ եւ կոշտ մարդկանց, պատերազմը միաժամանակ ծնում է հերոսների եւ վախկոտների: 

Հանրահայտ ասացվածք է նաեւ այն, որ պատերազմում «փլավ չեն բաժանում», քանի որ այն առարկայական պրոցես է, որտեղ եթե դու չես հասնում հաջողության, ապա հաջողության է հասնում քո թշնամին, ընդ որում` քո հաշվին, եւ այս իմաստով բոլոր ազգերն անցել են իրենց պատերազմների փուլերը, որոնց ժամանակ ծնվել են այդ ազգի հերոսներն ու դավաճանները, խիզախներն ու վախկոտները: Բոլոր ազգերի մոտ աշխատել է մեկ ընդհանուր օրինաչափություն. այն ժողովուրդը, ով չի հարգում իր հերոսներին, չի հարգում իր բանակն ու պետությունը, ստիպված է «հարգելու» հակառակորդի հերոսներին: Այդպես է եղել անցյալում եւ այդպես էլ կլինի միշտ: Օտար երկրների լծի տակ ապրող դարավոր փորձ ունեցող հայ ժողովուրդը, ցավոք, չունի սեփական հերոսների հարգման ավանդույթ: Եւ քանի որ այդ ավանդույթը չկա, մենք միշտ էլ կանգնած ենք լինելու լուրջ մարտահրավերների առաջ: Իսկ այսօր մենք կարող ենք արձանագրել մեկ փաստ. մեր հերոսներից մեկը դավադիր ձեւով սպանվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, մյուսը` ստիպված ապրում է հայրենիքից դուրս: 

Մենք չենք քննարկում, թե ինչու է այդպես ստացվել, մենք պարզապես արձանագրում ենք այս փաստը, որն ամոթալի է մեզ եւ մեր պատմության համար, քանի որ դժվար է պատկերացնել մեկ այլ նման օրինակ, որ ասենք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Շարլ դը Գոլը կամ Գեորգի Ժուկովը կամ էյզենհաուերը, դավադիր սպանվեին կամ հեռացվեին իրենց հայրենիքից: Այդ ժողովուրդները երբեք իրենց հերոսներին այդպիսի ճակատագրով չէին դատապարտի, քանի որ ունեին  պետականության մեծ եւ հարուստ փորձ

Մենք այդ փորձը չունենք, սակայն պարտավոր ենք անընդհատ սովորել եւ հետեւություն անել հաջողված եւ հաղթանակած ժողովուրդների պատմություններից, եթե ուզում ենք, ինչպես Վազգենն էր ասում, որ 21-րդ դարը մերը լինի։

Արտակ Հակոբյան 

Աղբյուր՝ http://zham.am/index.php?newsid=298

Այս խորագրի վերջին նյութերը