Մեկնաբանություն

06.03.2013 12:29


«Խալաստոյով» դեպի Երևանի ավագանու ընտրություններ

«Խալաստոյով» դեպի Երևանի ավագանու ընտրություններ

Եթե մի կողմ թողնենք Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած երեկվա հանրահավաքում հնչած ելույթների հուզական հատվածները, հուժկու, բայց անհասցե քննադատություններն ու հավաքվածների վանկարկումները, ապա տակը կմնա ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը, որն անկեղծ էր ու զերծ պատրանքներից։

Ռուստամյանը, ըստ էության, խոստովանեց, որ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ համապետական լուծման որևէ տարբերակի հնարավոր չէ հասնել, ու պետք է պատրաստվել մայիսի 5ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Իսկ դա նշանակում է, որ «զադնի» չդնելու խոստման տակ  Րաֆֆին փորձում է փետրվարի 18–ից հետո իներցիայով (այսինքն՝ «խալաստոյով») մնալիք ձայների օգնությամբ մայրաքաղաքի ավագանու կազմում ներկայացված լինելու ծրագիր իրականացնել՝ ձեռքի հետ նշանակվելով «ընդդիմության առաջնորդ»։ Նկատենք, սակայն, որ ընդդիմության առաջնորդ չեն նշանակվում, քանզի դա նշանակովի պաշտոն չէ, որքան էլ որ Սերժը սրտանց ցանկանա։

Ճիշտ է, Րաֆֆին Արմենի պատրանքազերծ ելույթից հետո շտապեց հայտարարել, թե մայիսի 5–ից առաջ լինելու է ապրիլի 9–ը (այդ օրը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է նախագահի երդման արարողություն), բայց դե...

Եթե Րաֆֆին համոզված է, որ մարզերում մարդկանց բարև տալով ու սարերից «խալաստոյ» գցած դեպի Երևան իջնելով՝ արիլի 9–ին կարողանալու է նախագահ դառնալ, ապա հեքիաթների է հավատում։ Մայրաքաղաքում լարվածության կենտրոն ստեղծելու փոխարեն մարզերը չափչփելով ու Լիսկայի հրաժարականը պահանջելով՝ հաստատ հաջողության չես հասնի։

Եթե դու քվեարկությունից երկու օր անց գնում ես ընտրակեղծիքով հաղթած Սերժի հետ հանդիպման և որպես փոխզիջում անմիջապես առաջարկում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա քո ատամները պարզապես հաշվում են, և դու արդեն սկսում ես պայքարել ավագանու աթոռների համար։

Եթե դու գովում ես Սերժին, իսկ ընտրակեղծարարության մեջ մեղադրում գյուղապետներին ու լիսկաներին, ապա քեզ այլևս չեն ընդունի Բաղրամյան 26–ում, ու կմնաս Քաջարանի քաղաքապետի կաբինետում Սերժի նկարի տակ քննարկումներ անցկացնելու հույսին։

Րաֆֆու այս կոպիտ սխալներն ու թուլակամ պահվածքը հիմա ընդունված է համարել նոր տեխնոլոգիա, բարի հեղափոխություն, գանդիզմ ու եսիմինչիզմ։ Իրականում սա փուչիկիզմ է։ Ո՞վ է տեսել, որ հաղթած թեկնածուն իր ոտքով գնա ընտրակեղծիքների գերագույն գլխավոր հրամանատարի մոտ ու սկսի առևտուր անել։ Ո՞վ է տեսել, որ մարդն իրեն 80 տոկոս ձայնի տեր հայտարարի ու միևնույն ժամանակ գնա 20–տոկոսանոցի մոտ ու խնդրի արտահերթ ԱԺ ընտրություններ։

Հանգամանքների բերումով զգալի ձայների տեր դարձած Րաֆֆին, ցավոք, այդպես էլ չհասկացավ, որ Սերժը միայն ուժի լեզուն է հասկանում ու միայն ճնշման տակ է զիջումների գնում։  

Րաֆֆին չհասկացավ նաև, որ քաղաքական պայքարը «կուլտուրնի միռապռիյատիյա» չէ, և համերգ կազմակերպելով ու Գառնի–Գեղարդ գնալով՝ «ռահվիրան» ինքնաբացարկ չի տա։  

Դատելով ամենից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաշքի է սպասում։ Նա Սերժ Սարգսյանին պարբերաբար հրավիրում է Ազատության հրապարակ, որպեսզի ՀՀԿ ղեկավարը որպես «ազատամարտի ռահվիրա» իշխանությունը կամովին հանձնի ժողովրդին, այսինքն՝ Րաֆֆուն։ Սարգսյանը, բնականաբար, չի գալիս։ Բայց Րաֆֆին, թերևս, հույսը չի կտրել։ Նա սպասում է ապրիլի 9–ին այնպես, ինչպես երեխաներն են սպասում Ձմեռ պապիկի ամանորյա գիշերային այցին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը