Լրահոս

26.06.2009 17:56


ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ անվտանգության գնահատման տարեկան համաժողովին

 

            Հունիսի 23-24-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ անվտանգության գնահատման տարեկան համաժողովին: Համաժողովը ԵԱՀԿ անվտանգության բնագավառի ամենամյա խոշորագույն միջոցառումն է, որի ընթացքում ԵԱՀԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են Եվրոպայում անվտանգության հայեցակարգի կատարելագործման, սպառազինությունների վերահսկման մեխանիզմների գործունեության և արդիականացման հնարավորության, հակամարտությունների կանխարգելման ևկարգավորման ուղիների, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև անվտանգության ոլորտում ԵԱՀԿ անդամ-երկրների ստանձնած պարտավորությունների ընթացքի հետ կապված հարցեր:

            Համաժողովի ընթացքում, որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա մանրամասն ներկայացրել է Եվրոպայում անվտանգության հայեցակարգի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, անդրադարձել այդ ասպարեզում գոյություն ունեցող խնդիրներին ու բացթողումներին, ինչպես նաև նախանշել անվտանգության համակարգի ամրապնդման և արդիականացման հնարավոր ուղիները, մասնավորապես՝ եվրոպական անվտանգության նոր պայմանագրի և անվտանգության ոլորտում փոխլրացնող իրավական պարտավորությունների ստանձնման անհրաժեշտությունը:

            Նշված հարցերի շուրջ հանդես է եկել նաև Հայաստանի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ով կարևորելով Եվրոպայում անվտանգության համակարգը և մասնավորապես՝ այդ ոլորտում ԵԱՀԿ դերը, ընդգծել է ժամանակակից պահանջներին ու մարտահրավերներին դրա համապատասխանեցման անհրաժեշտությունը: Հայկական պատվիրակությունն առանձին ելույթներով հանդես է եկել համաժողովի բոլոր նիստերի ընթացքում՝ հանգամանորեն ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը անվտանգության ոլորտի խնդիրների վերաբերյալ:

            ԵԱՀԿ տարածքում չլուծված հակամարտությունների շուրջ ծավալված քննարկման ընթացքում փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած են ազգերի ինքնորոշման միջազգայնորեն ընդունված իրավունքի կիրառման և ԼՂ ազգաբնակչության անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքները:

ԵԱՀԿ անվտանգության գնահատման տարեկան համաժողովի քննարկումների արդյունքներն ամփոփվում են տարեվերջին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերում:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը