Մեկնաբանություն

08.03.2013 18:08


Երևանյան գարուն

Երևանյան գարուն

Փետրվարի 18–ին կեղծված նախագահական ընտրությունների հետ կապված հետընտրական գործընթացները շարունակվում են։ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ՍԴ։

Պայքարի վերջնարդյունքի հետ կապված տարբեր տեսակետներ կան։ Ունենք հոռետեսների, լավատեսների և իրատեսների բանակ։

Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, որը միասնաբար չի ընդունում Սերժ Սարգսյանի համար «խփած» տոկոսները, միակարծիք չէ հետընտրական պայքարը գնահատելիս։ Մի մասը գտնում է, որ «բարևով, արևով, տերևով ու կեղևով» հազիվ թե «ազտամարտի ռահվիրան» զիջի, մյուս մասն էլ համոզված է, որ Րաֆֆիի բարի տեխնոլոգիաներն ու «զորավարի» հետ հեռախոսազրույցներն արդյունավետ են ու կհանգեցնեն իշխանափոխության, իսկ իրատեսները գործնական քայլեր են մշակում իշխանափոխության ընթացքը հաջող ավարտի հասցնելու համար։ Թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ, կյանքը ցույց կտա։

Երևանը և երևանցիները

Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ֆորմալ արդյունքով կավարտվի հետընտրական պայքարը, չպետք է մոռանալ, որ այն ունի միջանկյալ հանգրվան։ Մայիսի 5–ին տեղի են ունենալու Երևանի ավագանու կամ այլ կերպ ասած՝ քաղաքապետի ընտրությունները։

Շատ լավ հնարավորություն է ստեղծվում ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՀՅԴ–ի համար՝ համատեղ ուժերով իշխանափոխություն իրականացնել Հայաստանի կեսը համարվող Երևանում։

Մի փոքր տեխնիկական խնդիրներ կան ՀԱԿ–ի հետ կապված, քանի որ այդ կառույցը գտնվում է կուսակցականացման փուլում, սակայն այդ ամենը չպետք է խանգարի Լևոն Տեր–Պետրոսյանի թիմին։ Ի վերջո կարելի է համախոհ կուսակցությունների դաշինքով կամ գործընկեր կուսակցություններից մեկի անվան տակ մասնակցել։ Տվյալ դեպքում էականը կռվի մեջ մտնելն է, իսկ աննշան տեխնիկական հարցերը միշտ էլ լուծելի են՝ անկախ մեզանում տիրող ցինիկ մթնոլորտից։

Ինչ վերաբերում է պայքարի ռազմավարությանն ու մարտավարությանը, ապա հեծանիվ հորինել պետք չէ։ Հարկավոր է առաջնորդվել համայնքային ընտրություններից մեկի ժամանակ հաջող փորձարկում անցած «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևով, և հաղթանակն իրեն սպասեցնել չի տա։

Հարկավոր է նաև հաշվի առնել ԱԺ և նախագահական ընտրությունների դառը փորձն ու սեպարատ խաղեր չտալ։ «Ժառանգության» համար հիմա լավ հնարավորություն է ստեղծվում վերախմբագրել սեփական վարքագիծը՝ պայքարի միակ թիրախ դարձնելով բացառապես գործող քաղաքապետին ու ներքին խմորումներից բզկտված ՀՀԿ–ական ցուցակին։ Շատ կարևոր է, որ այս 4 ուժերն ընտրատեղամասերում համատեղ գործողությունների ծրագիր մշակեն ու միևնույն ժամանակ պարտավորվեն միմյանց դեմ քարոզ չանելու հարցում։ ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն այդպես վարվեցին, իսկ «Ժառանգությունը»՝ ոչ։ Արդյունքում Րաֆֆիի թիմը մի կերպ հայտնվեց խորհրդարանում, իսկ «Ժառանգություն» խմբակցությունում, պատկերավոր ասած, մնաց 2,5 հոգի։ Մեր ընտրողները փորձ են ձեռքբերել ու շատ լավ հասկանում են ամեն ինչ։ Այնպես որ, ճիշտն ընտրողների պատժին չարժանանալն է։

Նախագահական ընտրությունների նույնիսկ կեղծված արդյունքները ցույց տվեցին, որ ինչպես մեր հանրապետության մյուս բնակավայրերի ընտրողները, երևանցիները նույնպես կողմ են իշխանափոխությանը և հակաիշխանական քաղաքական ուժերից պահանջում են միասնականություն։ Հետևաբար՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ–ն պարտավոր են համատեղել ջանքերը։ Դա հասարակության հրամայական պահանջն է։

Իդեալականը, իհարկե, այն կլիներ, որ նշյալ 4 ուժերը մեկ միասնական ցուցակով հանդես գային։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել էր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։ Նկատենք, սակայն, որ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով միասնական ցուցակով գնալու ծրագիրն իրատեսական չէ։ Իշխանություններն իրենց գործակալներն ու հաճախորդներն ունեն ընդդիմադիր դաշտում և ցանկացած պահի կարող են խոչընդոտներ ստեղծել միասնական ցուցակի համար։

Սերժն իր հաճախորդներին լավ է ճանաչում և ամեն ինչ կանի, որ միավորում չստացվի, ուստի չարժե այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, որպեսզի հետագայում հիասթափություն չլինի ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ էլ հասարակության շրջանում։

Ներկա իրողությունները հաշվի առնելով՝ շատ ավելի ճիշտ ու արդյունավետ կլինի Երևանի ընտրությունների ժամանակ իշխանության առաջ պայքարի երեք ճակատ բացելու մարտավարությունը։

Պետք է խուսափել արհեստական քաղաքական նախագծերից ու ընտրողին հնարավորություն տալ լիարժեքորեն ընտրել ըստ իր ճաշակի ու համակրանքի։ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը, ըստ այդմ, պետք է ընտրապայքարի մեջ մտնեն առանձին ցուցակներով, իսկ ահա «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն լավ կլինի, որ միասնաբար հանդես գան, քանզի դաշնակցությունն առանձին մասնակցելով՝ հազիվ թե կարողանա հաղթահարել նվազագույն շեմը՝ 7%։ 

Եթե ՀՅԴ–ն առանձին հանդես գա ու չանցնի օրենքով նախատեսված տոկոսը, ապա դա ձեռնտու չէ ընդդիմադիր դաշտին։ Ի դեպ, ՀՅԴ–ում շատ լավ հասկանում են այս ամենը և պատահական չէ, որ միացել են Րաֆֆիի պայքարին։ ՀՅԴ վերնախավը նույնիսկ չի էլ թաքցնում, որ իր խնդիրը «Ժառանգությանը» կցվելով՝ ավագանու կազմում ներկայացված լինելն է, այլ ոչ թե կեղծված նախագահական ընտրությունների արդյունքների վերանայումը։ Ինչևէ։

Եվ այսպես, ավագանու ընտրությունների ժամանակ պետք է պայքարի մեջ մտնել  երեք մարտունակ շարքերով, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ջարդել ընտրակեղծիքի մեքենան և դիմակայել իշխանական ռեսուրսին։

Երևանում իշխանափոխությունը դուռ կբացի հետագա փոփոխությունների համար։ Պետք է մայրաքաղաքում վերացնել Սերժ Սարգսյանի հաստատած քաղաքական մենաշնորհը և ստեղծել իրական կոալիցիա։

Մեզ պետք է ընտրովի, ինքնուրույն և հանրության առաջ հաշվետու քաղաքապետ ու ավագանի, այլ ոչ թե Տարոն Մարգարյանի պես Բաղրամյան 26–ից նշանակված ու կամակատար քաղաքապետ և սովետական շրջանի «անլեզու» կթվորուհիների ֆունկցիան կատարող ավագանի։

Մայիսի 5–ին ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՀՅԴ–ի միասնական ու հաստատակամ լինելն իշխանափոխության և անարյուն հեղափոխության հնարավորություն կստեղծի, ու մենք էլ կունենանք մեր քաղաքական և հաղթանակած գարունը՝ Երևանյան գարունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը