Լրահոս

26.06.2009 19:10


Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Հայտարարված համաներումը վարչախմբի կողմից երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու մտահոգության արդյունք չէր, առավել ևս՝ ոչ էլ մարդասիրության դրսևորում։ Բացարձակապես անմեղ մարդանց տարիուկես զնդանելը վարչախմբի հանցագործությունն է, ինչի համար շուտ թե ուշ պատասխան են տալու մեղավորները։ 51 քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակումը պարտադրված քայլ էր, արդյունք՝ Հայ Ազգային Կոնգրեսի հետևողական ու գրագետ քաղաքական աշխատանքի, ամենալայն զանգվածների համառ ու անտեղիտալի պայքարի։ Դա Հայ Ազգային Կոնգրեսի ամենաառարկայական հաղթանակն է, ինչի առթիվ շնորհավորում ենք համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցներին։

Քաղբանտարկյալների մեծ մասի ազատության մեջ հայտնվելը հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում Հայ Ազգային Կոնգրես - համաժողովրդական շարժմանը հաջողվեց.

    ա) դիմակայել պետական ուժային և ոչ ուժային բոլոր կառույցների ներգրավմամբ իրականացվող համընդհանուր ճնշումներին ու պետական ահաբեկչությանը.

    բ) ամենօրյա աշխատանքով պահպանել Շարժումը ու բարձրացնել պայքարի ոգին.

    գ) ձախողել հարյուրավոր մարդկանց երկար տարիներով անազատության մեջ պահելու՝ վարչախմբի ոճրագործ ծրագիրը.

    դ) ամբողջությամբ փլուզել իշխանության յուրացման, պետական հեղաշրջման և մարտի 1-ի զոհերի համար պատասխանատվության՝ Շարժման դեմ հերյուրված խելացնոր մեղադրանքները.

    ե) ի ցույց դնել անխտիր բոլոր քաղբանտարկյալների դեմ հարուցված մեղադրանքների շինծու և դատավճիռների պատվիրված լինելը.

    զ) դառնալ այնպիսի մի ծանրակշիռ քաղաքական գործոն, որի հետ չեն կարող հաշվի չնստել միջազգային հանրությունը և եվրոպական կառույցները։

Շարժման առաջնորդների ու ակտիվիստների ազատազրկումը չծառայեց այդ կերպ ընդդիմադիր պայքարը խեղճացնելու ու ճնշելու վարչախմբի մտահղացմանը։ Ընդհակառակը՝ ի դեմս քաղբանտարկյալների, վարչախումբն իր դեմ ստացավ մի նոր ճակատ, որում նրա խայտառակ պարտությունը այլևս որևէ կասկած չի հարուցում։ Մայիսի 31-ին Երևանի քաղաքային իշխանության ընտրություններին վճռական մասնակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը բազմապատկեց իր հաղթաթղթերը և քաղաքական գործոնի իր կշիռը։ Այդ հաղթաթղթերի շնորհիվ ԵԽ կառույցները քաղբանտարկյալներին ազատ արձակելու անընդհատ ձգձգվող խնդրում կանգնեցին վարչախմբի վրա առավել մեծ ու իրական ճնշումներ գործադրելու անշրջանցելի անհրաժեշտության առջև, ինչի արդյունքը եղավ նրանց մեծ մասի ազատ արձակումը։ Բացառիկ քաղաքական տարողությամբ այս իրողությունը մինչև վերջ փլուզեց Համաժողովրդական շարժման դեմ մեկուկես տարի շարունակ թմբկահարվող բոլոր հորինածո մահացու մեղադրանքները, և առարկայացրեց դեպի իրական մեղավորները ու հանցագործները տանող ճանապարհները։

 

Գողական ու խուժանական բնազդներով առաջնորդվող վարչախումբը չկարողացավ օգտագործել իր վերջին շանսը՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու ու հետապնդումները դադարեցնելու միջոցով ներքաղաքական երկխոսության համար պայմաններ ստեղծելու համար. նա ազատ արձակեց այնքան քաղբանտարկյալ, որքան անհրաժեշտ էր միայն ԵԽ պատժամիջոցից խույս տալու համար։ Դրանով նա ապացուցեց, որ չնայած կրած պարտությանը, չի հրաժարվում սեփական ժողովրդին որպես թշնամի ընկալելու ու նրա դեմ անհեռանկար պատերազմը շարունակելու արկածախնդիր գաղափարից։ Ուստիև Հայ Ազգային Կոնգրեսը կրկնապատկված եռանդով և ուժով շարունակելու է պայքարը բանտերում մնացած մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման ու քաղաքական հետապնդումները դադարեցնելու համար։ Միաժամանակ Կոնգրեսը նաև վճռականորեն մնալու է այս պայմաններում միակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանություն հաստատելու և սահմանադրական կարգը վերականգնելու իր քաղաքական պլատֆորմի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը