Քաղաքական

26.06.2009 19:15


Վլադիմիր Կազիմիրով. «Արբեջանական կողմը տարածքների «օկուպացման» հարցն իր համար հաղթաթուղթ է դարձրել»

Վլադիմիր Կազիմիրով. «Արբեջանական կողմը տարածքների «օկուպացման» հարցն իր համար հաղթաթուղթ է դարձրել»

Հունիսի 26-ին Մոսկվայի տանը տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ-ի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին լրագրողների հարցերին պատասխանելիս նա ասել է, որ Ադրբեջանը շատ անգամ չի օգտագործել կրակի դադրեցման հնարավորությունները.

-Փաստացի, ադրբեջանական կողմը տարածքների «օկուպացման» հարցն իր համար հաղթաթուղթ է դարձրել՝ միաժամանակ թաքցնելով, որ այդպես է եղել ոչ միայն այն պատճառով, որ հայերը հարձակման են դիմել, այլև, որ Ադրբեջանը շատ անգամ չի օգտագործել կրակի դադրեցման հնարավորությունները։ Եթե ռազմական գործողությունները դադարեցվեին Շուշիի և Լաչինի անկումից հետո, ապա բանակցություններն այսօր կվարվեին միայն այդ երկու տարածքների շուրջ, իսկ հիմա պետք է բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղից դուրս 7 տարածքների շուրջ։ Ճիշտ է, ադրբեջանցիները սիրում են խոսել նաև բուն Ղարաբաղի մասին, բայց դա այլ հարց է։ Միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է հասնի նրան, որ այս հողի վրա նոր արյունոտ հակամարտություն չառաջանա։

Նա նաև նշել է, որ ցանկացած հակամարտության արմատական հարցը, նամանավանդ այնպիսի սուր հակամարտության, ինչպիսին Ղարաբաղյանն է, դիտարկվում է հենց պատերազմի և խաղաղության տեսանկյունից.

-Ես հասկանում եմ, որ այս հակամարտության կարգավորման մեջ հայերն ունեն իրենց առաջնահերթությունները, ադրբեջանցիները՝ իրենց։ Իսկ ի՞նչ անի միջազգային հանրությունը, ի՞նչպես դիտարկի այս հակամարտությունը. նախապատվությունը տա հայկակա՞ն առաջնահերթություններին, թե՞ ադրբեջանական։ Ես համոզված եմ, որ մենք չպետք է քննարկենք այդ հարցերը։ Այդ հարցերը պետք է մնան բանակցությունների առարկա, բայց հենց հայերն ու ադրբեջանցիները պետք է լուծեն ինչպես կարգավիճակի, այնպես էլ՝ զորքերի դուրսբերման հարցը։ Միջազգային հանրության համար պետք է ձևավորել միանգամայն նոր առաջնահերթություն, այն է՝ չթույլատրել ռազմական գործողություններ, հակամարտությունը լուծել խաղաղ և քաղաքական միջոցներով։

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացի ներկա փուլը և ՄԽ-ի արդյունավետությունը, Վլադիմիր Կազիմիրովը պատասխանել է.

-Թարմ հետքերով ավելի հեշտ էր պայմանավորվել։ Երբ զինված հակամարտությունը նոր էր ավարտվել, հարցերի լուծման և առաջընթացի հնարավորություններն ավելի մեծ էին, քան հիմա, երբ այդ ամենը 15 տարվա արմատներ ունի։ Հաճախ են ասում, որ բանակցային գործընթացն ընթանում է Մինսկի խմբի շրջանակներում։ Դա դարձել է մի տեսակ կաղապարային բանաձև, որն այնքան էլ ճշգրիտ չէ։ Այո, մենք որոշ ժամանակ փորձել ենք աշխատել ՄԽ-ի շրջանակներում, սակայն ինքներդ եք հասկանում, թե ինչ է նշանակում աշխատել 9 միջնորդի առկայության պայմաններում, հատկապես, երբ այդ «չեզոքների» մեջ կային այնպիսիք, ովքեր չեզոք էին չակերտների մեջ։ Այդ իսկ պատճառով, Բուդապեշտյան վեհաժողովը որոշում ընդունեց, որ բանակցությունների անցկացումը հակամարտող կողմերի միջև, կրկնում եմ՝ հակամարտող կողմերի, այլ ոչ թե՝ բոլորի կողմից ճանաչված պետությունների միջև, հանձնարարվում է ՄԽ-ի համանախագահներին։ Համանախագահների, ընդհանրապես, միջնորդների դերն այս հակամարտության մեջ և՛ մեծ է, և՛ միաժամանակ մեծ չէ, որովհետև համանախագահները կամ միջնորդները կարող են միայն առաջարկել. կողմերն են որոշում ընդունել կամ չընդունել այդ առաջարկությունները։ Համանախագահները որոշում են ընդունում հակամարտող կողմերի դատին հանձնել, կամ չհանձնել այս կամ այն առաջարկությունը։

Վլ. Կազիմիրովի կարծիքով, կողմերից որևէ մեկը նպատակ չունի դիտավորյալ դանդաղեցնել հակամրտության կարգավորումը.

-Պետք է հաշվի առնել այն առաջարկների էությունը, որը պաշտպանում է այս կամ այն կողմը։ Երկկողմանի անվստահությունը, որն առաջացել է հակամարտող կողմերի միջև, բերում է նրան, որ կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ առաջին հերթին լուծվեն այն հարցերը, որոնք իրեն են հետքրքրում, իսկ այն հարցերը, որոնք հետաքրքրում են հակառակ կողմին՝ հետո կլուծենք։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը