Մեկնաբանություն

09.03.2013 17:03


«ՀՀԿ»–ն ընդդեմ ՀՀԿ–ի

«ՀՀԿ»–ն ընդդեմ ՀՀԿ–ի

Իշխանական քարոզչամեքենան ինտենսիվորեն տարածում է այն միտքը, որ բարեփոխումներ անելու համար Սերժ Սարգսյանը պետք է տարանջատվի ՀՀԿ–ից։ Այդպիսով ուզում են ասել, թե իբր Սերժը լավն է, իսկ ՀՀԿ–ն՝ վատը։

Հիշեցնեմ, որ նման քաղաքականություն մի ժամանակ վարում էր նաև Միխայիլ Գորբաչովը։ Նա էլ էր «նախաձեռնողականություն» ցուցաբերում, դեմագոգիայով զբաղվում ու տառապում դրսի աչքին առաջադեմ երևալու մոլուցքով։

Գորբաչովն այնպես, ինչպես հիմա Սերժը, ոչինչ չէր անում երկրի ներսում վիճակը շտկելու համար, քանզի խոշորագույն դիլետանտ էր՝ դատարկախոս։

ՍՍՀՄ առաջին ու վերջին նախագահին, ինչպես հիմա Սերժին, թվում էր, թե եթե ինքը դրսի ուժերին բոլոր հարցերում «Այո» ասի, եթե դեմագոգիկ կերպով խոսի հրապարակայնությունից ու դեմոկրատիայից, ապա կդառնա բարեփոխիչ։

Գորբաչովի համար, ինչպես Սերժի, կարևորը ոչ թե բովանդակությունն էր, այլ ձևը։ Թե ինչպես այդ ամենն ավարտվեց Գորբաչովի, Կոմկուսի և ՍՍՀՄ–ի համար, գիտենք բոլորս։

Գորբաչովի ու ՍՍՀՄ–ի ճակատագիրը վառ օրինակ է, թե ինչպես չպետք է անել բարեփոխումները և ինչի կարող է հանգեցնել մարտնչող տգիտությունն ու ցախեսցինոբերիզմը։

Վերադառնալով մեր «ոչխարներին»՝ ասեմ, որ հարցն այն չէ, որ մեզանում բարեփոխումների կարիք չկա, իսկ ՀՀԿ–ն լավն է, և միայն Սերժն է պատճառը, որ այս օրին ենք։ ՀՀԿ–ն ու մյուս կուսակցությունները, անշու՛շտ, բարեփոխվելու և հասարակության առաջ բացվելու կարիք ունեն, սակայն հարցն այն է, որ երբ պետությունն ու կուսակցությունը քեզանով ես փոխարինում, իսկ դրանից հետո նեոբոլշևիկյան համակարգ ստեղծելու նպատակով սկսում «բարեփոխումները», ապա վերջում կարող ես ստանալ փլուզված կուսակցություն և երկիր։

Ինչ մնում է Սերժին ՀՀԿ–ից տարանջատելուն միտված այժմյան գործողություններին, ապա այստեղ, բացի գորբաչովիզմից, առկա է նաև իրերն իրենց անուններով չկոչելու, բլեֆ անելու և կեղծ կատեգորիաներով մարդկանց ականջից «լապշա» կախելու միտում։

ՀՀԿ–ն հետսովետական տարածքում գործող դասական «իշխանության կուսակցություն» է։ Սակայն հիմա դա այդպես չէ։ Ճիշտ է, ՀՀԿ կարգավիճակի փոփոխությունն առայժմ նկատելի է միայն մասնագիտական աչքի համար, սակայն ժամանակի ընթացքում հանրության լայն շրջանակները կֆիքսեն թե ինչն ինչոց է։

Բանն այն է, որ Սերժի օրոք այդ կուսակցությունը պետության վարչաբյուրոկրատական մեքենայի քաղաքական անտուրաժից և կիսալեգալ բիզնես վերնախավի հավաքատեղիից սկսեց փոխակերպվել մահմեդական երկրներում հանդիպող ընտանեկան–կլանային տրամաբանությամբ գործող իշխանության ձեռքի գործիքի։ Իսկ  դա նշանակում է, որ ՀՀԿ–ն դադարել է «իշխանության կուսակցություն» լինելուց՝ վերածվելով մեկ ընտանիքի կցորդի։

Հայաստանում «իշխանության կուսակցությունն» արդեն ներկայացված է, պատկերավոր ասած, մեկ ընտանիքով, իսկ այս կամ այն մարդու անդամությունն այդ «կուսակցությանը» որոշվում է ոչ թե ՀՀԿ–ական կուստոմսով, այլ գործող նախագահի նեղ շրջապատի ներկայացուցիչը լինելու հանգամանքով։

Այդ տեսանկյունից «ՀՀԿ»–ականներ, այսինքն՝ ընտանեկան շահեր ներկայացնող «իշխանության կուսակցության» անդամներ են Սերժ Սարգսյանը, նրա եղբայր Սաշիկ Սարգսյանը, մյուս եղբայր Լևոն Սարգսյանը, փեսա Միքայել Մինասյանը, ՀՀԿ ղեկավարի վարորդ Վաչիկ Ղազարյանը, «հոգևոր» դասի կամ սրբազան ավազակաորջի որոշ ներկայացուցիչները, Սերժի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանը («Ֆլեշ»), Սերժի շտաբի պետի տեղակալի կարգավիճակում հայտնված գորշ կերպար Լևոն Յոլյանը, Սերժի կամակատար վարչապետ Տիգրան Սարգսյանը և  ծագող երիտօլիգարխները։

Նրանց, ում ընդունված է ՀՀԿ–ական համարել, այժմ այնքան էլ կապ չունեն «իշխանության կուսակցության» հետ։ Ավելի ճիշտ՝ կապ ունեն, բայց «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագրի շրջանակներում փորձ է արվում նրանց դուրս թողնել սերժական «ՀՀԿ»–ից։ Այսինքն՝ Սերժն ու «իշխանության կուսակցության» մյուս ներկայացուցիչները ձգտում են փոքրացնել վարչական ու տնտեսական ռեսուրսներին մոտ գտնվողների քանակը՝ թուրքմենբաշիական այդ ծրագիրը հանրությանը ներկայացնելով որպես բարեփոխում և կադրային սերնդափոխություն։

Բերեմ մեկ օրինակ, որը շատ խոսուն է։

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆորմալ առումով ՀՀԿ–ական չէ։ Նա նաև պաշտոնյա չէ։ Բայց արի ու տես, որ նա ԱԺ և նախագահական ընտրություններում դարձավ համապատասխանաբար ՀՀԿ և Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալը։ Նրա այդ կարգավիճակն ակնհայտորեն պայմանավորված էր Սերժի ընտանիքի անդամը լինելու հանգամանքով, ինչն ապացուցում է, որ սերժական «ՀՀԿ»–ականները միշտ չէ, որ ՀՀԿ–ի անդամատոմս են ունենում։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ «Սերժն ընդդեմ ՀՀԿ–ի» հեքիաթի տարածումը լրիվ այլ նպատակ է հետապնդում։ Այնպես որ, պետք չէ կուլ տալ «անկախ» քարոզիչների նետած խայծն ու «բալետ» անել հին ու նոր ՀՀԿ–ականներից մեկի օգտին։

Հայաստանի խնդիրը քաղաքական, տնտեսական ու վարչական մենաշնորհ հաստատելու ձգտումներն են։ Հետևաբար՝ պայքարի թիրախը պետք է լինեն հետադիմական համակարգի պարագլուխ Սերժ Սարգսյանն ու սերժական «ՀՀԿ»–ն։ Մնացածը դատարկ խոսակցություններ են՝ լինեն դրանք քաղաքագիտության դոկտորի կամ վերլուծաբան կոչվածի մատուցմամբ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը