Լրահոս

27.06.2009 09:38


«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ա.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հիմնավորվել է «Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ա.Մուրադյանին առաջադրված մեղադրանքը և դատախազության կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունն ու քրեական գործն ուղարկել դատարան:

  Սպանության փորձ կատարելու համար դատապարտված Ա.Աղաբաբյանի' «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից 2009 թվականի ապրիլի 1-ին տեղի ունեցած փախուստի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ա.Մուրադյանն անցել է իր լիազորությունների սահմանը՝ այդպիսով կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված արարք:

  Մասնավորապես նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ա. Մուրադյանը, խախտելով  «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի 11-րդ գլխի պահանջները, դուրս գալով օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտված՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արշակ Աղաբաբյանին, առանց վերջինիս գրավոր համաձայնության, հիմնարկի պետի գրավոր որոշման և համապատասխան ձևակերպումներ կատարելու, պարբերաբար դուրս է հանել խցից և ներգրավել քրեակատարողական հիմնարկի տնտեսական բնույթի աշխատանքներին: 2009 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Ա. Աղաբաբյանը հերթական անգամ  դուրս է հանվել խցից և ներգրավվել հիմնարկի համար ստացված սննդամթերքը բեռնաթափելու և պահեստ փոխադրելու աշխատանքներին, որի ընթացքում դատապարտյալը մնացել է առանց հսկողության: Վերջինս, օգտվելով իր նկատմամբ հսկողության բացակայությունից, ժամը 17-ի սահմաններում տնտեսական պահեստի պատուհանից դուրս է եկել Նալբանդյան փողոց և դիմել փախուստի:

  Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  309-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

ՀՀ գլխավոր դատախազության

մամուլի  ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը