Մեկնաբանություն

11.03.2013 11:51


«Իշխանության կուսակցության» ինքնափլուզումը

«Իշխանության կուսակցության» ինքնափլուզումը

Երբ հայտնի շրջանակները խոսում են այն մասին, թե Սերժ Սարգսյանը պետք է ՀՀԿ–ից տարանջատվի, ենթատեքստում նկատի ունեն իշխանության է՛լ ավելի կենտրոնացումն ու նախագահի ընտանիքի անդամների գերակայությունը պետական ապարատի ու ՀՀԿ կոչված կոնգլոմերատի նկատմամբ։ Եվ այս ամենը փորձ է արվում ներկայացնել որպես բարեփոխում։

Հետաքրքրականն այն է, որ իրականում ՀՀԿ–ն է ուզում տարանջատվել Սերժ Սարգսյանից։ Ավելի ճիշտ՝ ՀՀԿ–ի ներսում ստեղծված թևերն ու թևիկները Չեռնենկոյի վերածված իրենց կուսղեկավարից վաղուց են տարանջատված։ Պարզապես ստատուս քվոն պահելն առայժմ ձեռնտու է հակամարտող կողմերին՝ «Մինչև տեսնենք, թե ինչ ենք անում» թեմայով։

Շատ կեղտոտ մթնոլորտ է հիմա տիրում իշխանական կուլիսներում. Սերժը ՀՀԿ–ին օգտագործում է իշխանությունը պահելու և հնարավորության դեպքում «յուրայիններին» «քցելու» նպատակով։ Բնական է, որ այդ պայմաններում «յուրայիններն» էլ նույն մարտավարությունն են կիրառում Սերժի հանդեպ. օգտագործում են նրան՝ սեփական իշխանությունը պահելու, ավելացնելու և անհրաժեշտ պահին ՀՀԿ ղեկավարին «քցելու» համար։

Ինչ վերաբերում է Սերժ–ՀՀԿ ներքին հարաբերությունների մյուս կողմին, ապա ՀՀԿ–ում առկա թևերն ու թևիկները, որոնք միմյանց տանել չեն կարողանում և հակադիր կարծիքներ ունեն իշխանության բաժանման հարցում, միակարծիք են այն հարցում, որ Սերժ Սարգսյանը «կաղ բադ» նախագահ է ոչ միայն այն պատճառով, որ մտել է նախագահի համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետի ավարտական փուլ, այլև այն պատճառով, որ պարտվել է անգամ «գյոզալական» պայմաններում անցկացված ընտրություններում։

Ամենալավը ՀՀԿ–ում գիտեն, որ Սերժ Սարգսյանը ձայն չունի և միայն կոպիտ միջամտության շնորհիվ է հռչակվել նախագահ։ Նույնիսկ 2008–ին այդպես չէր։ Ճիշտ է, Սերժն այն ժամանակ էլ կեղծիքներով ու մարտի 1–ի միջոցով հայտնվեց Բաղրամյան 26–ում, սակայն որոշակի քանակի քվե, որպես Ռոբերտ Քոչարյանից ստացած ժառանգություն, ուներ։

Հիմա Սերժը ոչ մի ձայն չունի՝ եթե, իհարկե, չհաշվենք փողով գնվածները, վարչական ռեսուրսով բերվածն ու իր նեղ շրջապատից ստացածը։

ՀՀ–ում իշխանությունը երբեք այսքան «ձայնազուրկ» չի եղել։ 1996–ից սկսած՝ նախագահական ընտրություններում միշտ էլ կեղծիքներ եղել են հօգուտ իշխանության թեկնածուի, բայց մեխանիզմը եղել է հետևյալը՝ իշխանության թեկնածուի «X» քանակի հանրային ձայնին ավելացվել է «Y» քանակի կեղծիք, որպեսզի ապահովվի հաղթանակ։

Վերջին հինգ տարիներին վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով Սերժն այդ «X» քանակը չունի։ Իսկ դա նշանակում է, որ նրա օգտին արձանագրված ձայները կեղծված են աննախադեպ քանակով։ «Ֆեյք» ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի ապահոված ցուցանիշները իշխանության տխրահռչակ գործունեության լավագույն գնահատականն են. մեր հասարակությունը տոտալ կերպով մերժում է «Սերժ & Co»–ին։

ՀՀԿ–ում այս ամենը գիտեն, և դրա համար ամեն մի թև ու թևիկ ձգտում է Սերժին առերևույթ ծառայելով հանդերձ՝ տարանջատվել նրանից։ Սա ՀՀԿ–ի կամ ավելի ճիշտ՝ «իշխանության կուսակցության» ինքնափլուզման գործընթացի մեկնարկն է։ Տվյալ դեպքում «իշխանության կուսակցություն» ասելով՝ նկատի ունեմ Սերժ Սարգսյանի ու իրեն կցված երիտօլիգարխիայի համատեղ բուրգը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը