Մեկնաբանություն

11.03.2013 14:45


Երևան–Վատիկան տրանզիտ

Երևան–Վատիկան տրանզիտ

Իշխանական կուլիսներում, լրագրողական ու փորձագիտական շրջանակներում քննարկվող թեմաներից մեկը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեսպան նշանակվելու մասին լուրն է։

Վատիկանում Մ. Մինասյանի դեսպան նշանակվելը ցույց է տալիս, որ տապալվել են երիտօլիգարխիայի ծրագրերը՝ կապված նախագահական ընտրությունների հետ։

Երիտօլիգարխիան վիճակն ուզում էր փրկել արտահերթ ԱԺ ընտրությունների հասնելու տարբերակով և այլոց ձեռքերով մարզպետարանների ու համայնքապետարանների սեփականաշնորհման միջոցով, բայց դա էլ չստացվեց, քանզի Սերժ Սարգսյանը վախեցավ կտրուկ քայլերից՝ շատ լավ հասկանալով, որ համակարգը հայտնվել է բզկտված վիճակում, և ցանկացած արտահերթ լուծում կարող է բերել իշխանափոխության։ Այսինքն՝ կադրային բարեփոխումների ու սերնդափոխության անվան տակ երիտօլիգարխիան փորձեց վերջին գրոհն իրականացնել սեփական ծրագրերն առաջ տանելու համար, բայց հանդիպեց իշխանական բուրգի դիմադրությանը, որը գոնե ներսում բազմաբևեռ է, ու բնական է, որ ամեն մի թև դեմ է միաբևեռությանը։

Եվ այսպես, «փողոցի» օգտագործմամբ իշխանության գերկենտրոնացման ծրագիրը տապալվեց, ու Մինասյանին արդեն այլ բան չէր մնում, քան Վատիկանում հայտնվելը՝ «Հետագայում կա՛մ էշը կստակի, կա՛մ էշատերը» տարբերակով։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Սերժը պյուռոսյան հաղթանակ տարավ ու հիմա պարզապես Բաղրամյան 26–ի տնվորն է, այլ ոչ թե տերը։

Ոչմրցակցային ու «հովվերգական» ընտրություններ կազմակերպելով՝ Սերժն ու իր նեղ թիմն ուզում էին ոչ միայն անապատի վերածել քաղաքական դաշտը, այլև, «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելը հեշտացնելու համար, «քցել» նաև յուրային համարվող իշխանական վերնախավին՝ ՀՀԿ–ին և խոշոր բիզնեսին։

Սերժն ուզում էր «ֆեյք» ընտրություններում հաղթող հռչակվել միայնակ, որպեսզի պարտական չլինի «յուրայիններին»՝ հետագայում հեշտությամբ ինքնահռչակվելով թուրքմենբաշի ու հանգիստ կյանքի կոչելով «Ժառանգորդ» օպերացիան։ Սերժն իր երիտթևի հետ միասին ուզում էր կեղծել «փափուկ» և ցինիկ ձևով, բայց չստացվեց։

Չստացվեց, քանզի ընտրողը խառնեց Բաղրամյան 26–ի ծրագրերը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ցույց տվեց, որ այլևս չեղյալ է համարում նախկին պայմանավորվածությունները և միայն իր կյանքի գնով Սերժին թույլ կտա երդվել Ավետարանի վրա։

Սերժ Սարգսյանը փետրվարի 18–ի ժամը 20–ից սկսած հասկացավ, որ իր ու ջահելների նախագծած ընտրակեղծիքների նորագույն տեխնոլոգիան չի աշխատել, որ ինքը պարտվել է անգամ Րաֆֆի Հովհաննիսյանից, և որ ստիպված է դիմել հին ու փորձված մեթոդին։ Իսկ դա նշանակում է, որ Սերժը դարձավ կրկնակի կեղծիքներով ինքնահռչակված նախագահ։ Մինչև փետրվարի 18–ը կեղծեցին ջահելները, իսկ դրանից հետո՝ «հին գելերը»։ Ինչն էլ իր հերթին նշանակում էր, որ ջահելները գոնե այս պահին մղվեցին հետին պլան, քանզի Սերժն առայժմ աթոռին է մնացել հների միջոցով։

Մինասյանի դեսպան նշանակմամբ Բաղրամյան 26–ը հիմա փորձ է անում իշխանական բուրգի տարբեր թևերին ու թևիկներին ցույց տալ, որ փեսան այլևս կապ չունի ներքին կյանքի հետ՝ դրանով իսկ փորձելով մեղմել փեսայի գործունեությունից խիստ դժգոհ բիզնեսի և պետական վերնախավի բարկությունը։ Նկատենք, որ այդպիսով հետաձգվում է «Ժառանգորդ» օպերացիայի գլխավոր հերոսի որոշման հարցը։

Կա տեսակետ, որ Միքայելին դեսպան նշանակելով՝ Սերժն առաջնորդվում է «Խփիր յուրայիններիդ, որպեսզի օտարները վախենան» սկզբունքով։ Այսինքն՝ Սերժն ուզում է պետական ապարատի վերաձևումն իրականացնել «Սկսում ենք մեզանից» կեղծ ու դեմագոգիկ կարգախոսի ներքո։

Թե ո՞ր տարբերակի հետ գործ ունենք, պարզ կդառնա «անկախ» մամուլի հետագա վարքագծից, պետական կառավարման համակարգում տիրող իրավիճակից ու բիզնես դաշտում արձանագրվող գործընթացներից։ Իհարկե՝ մտքում ունենալով նաև Րաֆֆիի հետ կապված ֆորս–մաժորը։

Սևակ Մինասյան 

Այս խորագրի վերջին նյութերը