Մեկնաբանություն

11.03.2013 19:21


Մահ կամ ինքնաբացարկ (տեսանյութ)

Մահ կամ ինքնաբացարկ (տեսանյութ)

Մարտի 10–ի հանրահավաքում «Միայն իմ դիակի վրա» ձևակերպումն օգտագործելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հետդարձի ճանապարհ չթողեց ո՛չ իր, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի համար։ Րաֆֆին փակուղու առջև կանգնեցրեց և՛ իրեն, և՛ Սերժին։ Հիմա ժամանակն արդեն այլ կանոններով է գնալու, և զարգացումները պետք է գնահատել այլ չափորոշիչներով։

Փաստորեն, Րաֆֆին Սերժին ասում է` կա՛մ դու ապրիլի 9–ին երդմնակալության արարողություն կանես, բայց միայն իմ մահվան դիմաց, կա՛մ ինքնաբացարկ կտաս։

Հաշվի առնելով այն հանագամանքը, որ Սերժն ատամներով կառչած է աթոռից՝ կարող ենք ասել, որ Րաֆֆու քայլը ֆորս–մաժորային իրավիճակ է ստեղծել քաղաքական դաշտում։ Պատահական չէ, որ Բաղրամյան 26–ից խուճապահար  հայտարարեցին, թե Սերժն ուզեցել է հանդիպել Րաֆֆուն, սակայն վերջինս չի արձագանքել։ Այդպիսով՝ ՀՀԿ ղեկավարը խոստովանեց, որ հայտնվել է ոչ ստանդարտ իրավիճակի մեջ և դարձել «երկխոսիստ»։

Ոչ ստանդարտ վիճակում է նաև Րաֆֆին։ Նա շատ բարձր նշաձող է սահմանել՝ մահ կամ ինքնաբացարկ։ Եթե նա հետքայլ կատարի իր պահանջից, ապա կվերածվի կենդանի դիակի ու ծաղրի առարկայի, իսկ եթե հաջողացնի իր քայլով ստիպել իշխանությանը գնալ զիջումների (այսինքն՝ Սերժը հրաժարվի նախագահի աթոռից), ապա կիսաստված կդառնա։  Այս ամենի այլընտրանքը մահն է, որին գոնե հայտարարության մակարդակով ընդառաջ է գնում Րաֆֆին։ Ասել է թե՝ նա արդեն մահապարտի կամ, այսպես ասած, շահիդուհու կարգավիճակով է շարունակում պայքարը՝ ինչ որ առումով հիշեցնելով Թունիսում ինքնահրկիզված առևտրականին։ Իսկ թե ինչ եղավ Թունիսում մեկ հոգու ինքնահրկիզումից հետո, կարիք չկա հիշեցնելու։

Սերժն էլ է այլևս մահապարտ դարձել։ Ավելի ճիշտ՝ Րաֆֆին Սերժին մահապարտ դարձրեց։ Սերժի կարգախոսն է՝ մահ կամ իշխանություն։ Նա չի պատկերացնում զիջման որևէ տարբերակ, որի արդյունքում ինքը չի մնալու նախագահի աթոռին։ Եվ ուրեմն՝ նա էլ է մահապարտ։

Եթե Սերժը մնա աթոռին ու, Աստված մի արասցե, Րաֆֆին որոշի գիտակցված մահվան ճանապարհն ընտրել, ապա կենդանի դիակ կդառնա Սերժ Սարգսյանը, որից հետո նրա իրական դիակի վերածվելը օրերի խնդիր կլինի։ Նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կկատարվի այն դեպքում, երբ Սերժը փորձի երդվել Րաֆֆու մահվանը զուգահեռ։  

Եվ այսպես, Րաֆֆին գործնականում հրաժարվում է քաղաքական ու իրավական պայքարի գործիքակազմից և հետընտրական զարգացումները տեղափոխում լրիվ ուրիշ հարթություն։

Ի դեպ, Րաֆֆին իր հայտարարությամբ շատ ծանր դրության մեջ դրեց նաև Հայ առաքելական եկեղեցուն և անձամբ Գարեգին Բ–ին։ Սփյուռքի բարերարներից ֆինանսական հոսքեր ակնկալող Վեհափառը Սերժի պես ընկավ ծուղակը։

Բանն այն է, որ Րաֆֆիին Սփյուռքն աջակցում է գրեթե հարյուր տոկոսով։ Եթե Գարեգին Բ–ն օրհնի կեղծված ընտրություններով Սերժի «հաղթանակը», ապա մեղմ ասած կվնասի իր վարկանիշին հատկապես դրսում, ինչը հղի է ինչպես բարոյական, այնպես էլ ֆինանսական հետևանքներով։ Թե ինչ որոշում կընդունի Վեհափառը, դժվար է կանխատեսել։

Հիմա մենք նյարդերի պատերազմի փուլ ենք մտնում։

Կկարողանա՞ արդյոք Սերժն իր մեջ ուժ գտնել ու զիջել, կպարզվի ապրիլի 9–ին։

Կկարողանա՞ արդյոք Րաֆֆին գնալ մինչև վերջ (այսինքն՝ հասնել Սերժի ինքնաբացարկին, քանզի միայն դա է հայտարարված նշաձողը)։ Ընդ որում՝ այդ վերջը նաև մահվան տարբերակ է ենթադրում։ Դաժան ու անմարդկային կարող է ընկալվել հարցադրումս, բայց «Ժառանգության» առաջնորդն ինքն է այդպիսի վիճակ ստեղծել և ինքն է իր համար նման նշաձող սահմանել։

Հուսանք, որ բանականությունն ու իրատեսությունը կհաղթի ագահությանն ու կեղծիքին։ Գեթ մեկ մարդու կյանքը վեր է ցանկացած աթոռից ու պաշտոնից։ 

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Րաֆֆու քայլն իռացիոնալ է, բայց եկեք խոստովանենք, որ Հայաստանն էլ է իռացիոնալ իրավիճակում գտնվում։ Սերժի ու իր շրջապատի քաղաքականության հետևանքով Հայաստանը դատարկվում է մարդկանցից, աղքատությունը ավելանում է, իսկ տնտեսությունն անկում ապրում, բայց Սերժը տոկոս է «խփում» և սպառնում ևս հինգ տարի մեզ տանել դեպի «ապահով» Հայաստան։ Եվ դա այն դեպքում, երբ մենք գտնվում ենք ցանկացած պահի տաքացման պոտենցիալ պարունակող սառը պատերազմի մեջ։ Բնական է, որ այս պայմաններում քաղաքականությունն իր տեղը զիջում է «մետաֆիզիկային»։

Այս խորագրի վերջին նյութերը