Մեկնաբանություն

12.03.2013 16:42


Ո՞րն է, բաբո՛, Սերժի հայրենիք

Ո՞րն է, բաբո՛, Սերժի հայրենիք

Հայաստանն ու Արցախը բոլորիս հայրենիքն է։ Սակայն ամեն հայ ունի իր փոքր հայրենիքը։ Դա այն վայրն է, որտեղ նա ծնվել է։ Դրա համար է ընդունված ասել՝ երևանցի, ղարաբաղցի, գորիսեցի, լոռեցի, քյավառցի, ապարանցի և այլն։

Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանում քննվում է նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված հարցը։ «Վարորդը նաև հսկիչ է» տարբերակով Սերժ Սարգսայնի համար փաստաբանություն է անում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

Այն հարցին, թե այդ ինչպես է ստացվում, որ քաղաքներում Սերժը ցածր տոկոս է հավաքել, իսկ գյուղերում մասնակցության բարձր տոկոս և ՀՀԿ ղեկավարի օգտին տրված ձայների գրեթե հարյուրտոկոսանոց արդյունք է գրանցվել, Հրայր Թովմասյանը պատասխանել է, թե օրինակ  բնական է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում Սարգսյանը պետք է հավաքեր բարձր տոկոս, քանզի այդ գյուղը նրա ծննդավայրն է։

Փաստորեն, ըստ Թովմասյանի ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հասցրել է Հայաստանի մի քանի տասնյակ գյուղերում միաժամանակ ծնվել, քանի որ հենց գյուղական համայնքներում է փետրվարի 18–ին նա 90 տոկոս «խփել»։

Թովմասյանի ասածի մեջ մեկ այլ կազուս կա։ Նա իր հայտարարությամբ Սերժին ներկայացրել է որպես «անհայրենիք», կամ ավելի ճիշտ՝ փոքր հայրենիք չունեցող մեկը։

Բանն այն է, որ ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքի՝ Սերժ Սարգսյանը ծնվել է Ստեփանակերտ քաղաքում (տե՛ս http://www.president.am/hy/serzh-sargsyan/ )։ Մինչդեռ Հրայր Թովմասյանը, Սերժի օգտին «խփած» տոկոսները հիմնավորելու համար, ՍԴ–ում հայտարարում է, թե նրա ծննդավայրը Տեղ գյուղն է։ Իսկ դա նշանակում է, որ կա՛մ Հրայրն է ստում, կա՛մ Սարգսյանի կայքը։ Այլ եզրակացության հնարավոր չէ գալ։

Իսկ թե ինչու է Սերժ Սարգսյանը մերթ ղարաբաղցի, մերթ գորիսեցի ներկայանում, արդեն այլ հոդվածի թեմա է։ Միայն նկատենք, որ այդպիսի վարքագծով նա ո՛չ ղարաբաղցի է դառնում, ո՛չ գորիսեցի։ Դա մենք չենք ասում։ Հրայրն է ասում։ Մեզ մնում է ընդամենն արձանագրել փաստը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը