Լրահոս

27.06.2009 15:06


Առաջնամագլցման բաց փառատոն Հայաստանում

Հուլիսի 1-31-ը, առաջին անգամ Հայաստանում, կմեկնարկի ԱՐԵՎ առաջնամագլցման մեկամսյա բաց փառատոնը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցում են, որ ժայռամագլցումն այսօր մեծ տարածում է գտել աշխարհում, և բազում երիտասարդներ այն ընկալում են որպես իրենց կենսակերպի անբաժանելի մաս:

«ԱՐԵՎ փառատոնն այդ երիտասարդությանը կմիավորի Հայաստանում՝ վերջինս վերածելով բազմադեմ տուրիստական հանգրվանի՝ գրավիչ ոչ միայն գեղեցիկ բնություն և դարավոր մշակույթ փնտրող զբոսաշրջիկի, այլև ակտիվ և առողջ հանգստի սիրահարների համար»,- նշված է հաղորդագրությունում:

Առաջնամագլցում արտահայտությունը նշանակում է՝ ընտրել ժայռի այն հատվածը, որտեղով երբևիցե որևէ մեկը չի մագլցել:

«Հայաստանում կան բազում այդպիսի ժայռեր, որոնք ունեն ժայռամագլցման հանրահայտ վայրեր դառնալու մեծ հնարավորություն: Հաշվի առնելով նաև ժայռերի շրջապատում առկա հայաստանյան գեղեցիկ բնապատկերները' դրանք կարող են դեպի Հայաստան գրավել բազում զբոսաշրջիկների և պրոֆեսիոնալ ժայռամագլցողների»:

Փառատոնի ծրագրում ներառված են տարբեր ժայռամագլցման վայրեր՝ Գառնիի կիրճ (բազալտե սյուներ), Իջևանի լեռնաշղթա (կրաքարային ժայռեր), Նորավանքի կիրճ (կրաքարային ժայռեր) և Բջնիի կիրճ (բազալտե սյուներ):

Փառատոնի մագլցողների խումբը կազմված կլինի տարբեր երկրների արհեստավարժներից, իսկ սկսնակների խումբը՝ տեղացի երիտասարդներից, ովքեր կցանկանան միանալ ճամբարին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը