Մեկնաբանություն

17.03.2013 20:26


Քաղաքականից ու քաղաքացիականից անդին (տեսանյութ)

Քաղաքականից ու քաղաքացիականից անդին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարանի որոշման միջոցով փակեց Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հաջողության հասնելու իրավական ճանապարհը։ Մնացին քաղաքականն ու քաղաքացիականը։ Դրանց ճանապարհներն էլ արդեն Րաֆֆին է փակել՝ հնչեցնելով «Միայն իմ դիակի վրա» կարգախոսը։ Այս պայմաններում լրիվ անհասկանալի է դառնում Րաֆֆու կազմակերպած ասուլիսների ու հանրահավաքների իմաստը։ Հանրահավաքն ու ասուլիսն էներգիայի ավելորդ վատնում է։

Եթե մահ կամ ինքնաբացարկն է պայքարի վերջնարդյունքը, ապա դրա համար վրան տեղադրել պետք չէ և շոուներ պետք չեն։ Զորավարի հետ Օպերայի տարածքում շփումներն էլ պետք չեն։ Պետք չեն նաև «ազատամարտի ռահվիրայի» այցելության նախապատրաստական աշխատանքները։ Մի խոսքով, ոչինչ պետք չէ։ Պետք է միայն սպասել։

«Դիակի» հայեցակարգի պարագայում բոլորս կարող ենք գնալ տներով ու սպասել մինչև Սերժ Սարգսյանի ինքնաբացարկ տալը, կամ էլ Րաֆֆիի, հեռու տնից տեղից, հացադուլի միջոցով խարակիրի անելը։ Դե արի ու այս ամենը քաղաքագիտական կատեգորիաներով վերլուծիր։ Սա այնքան անլուրջ է, որ եթե հանկարծ վերջում դժբախտություն տեղի ունենա, ապա կվերածվի տրագիկոմեդիայի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

«Կմեռնեմ, բայց թույլ չեմ տա երդվել Վեհամոր Ավետարանի վրա» ձևակերպումը հետընտրական պայքարը դարձնում է «Վճռական մենակի» շուրջ տեղի ունեցող սերիալ կամ «reality show»։

Երբ ասպարեզ է բերվում դիակի գաղափարը, ապա ամեն ինչ վերածվում է մառազմի։ Քաղաքական ու քաղաքագիտական կանոններն այս դեպքում չեն աշխատում։ Իռացիոնալիզմը հաղթում է ռացիոնալիզմին, հուզականությունը՝ բանականությանը, սնխչիությունը՝ գիտությանը և մահը՝ կյանքին։

Րաֆֆի Հովհաննիսյանը ոչինչ չարեց, որպեսզի Գագիկ Հարությունյանի «կանտոռան» որոշում կայացնելիս առաջնորդվի Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, իսկ փոխարենն ամեն ինչ արեց, որպեսզի հետընտրական գործընթացներն ապաքաղաքականացվեն և պայքարը դառնա մազոխիստական՝ «քաղաքացիականության» վերելքի զուգորդմամբ, իհարկե։

Իշխանությունների մոտ ջղաձգումներ ու նյարդային շարժումներ տեղի ունեցան այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գագիկ Ծառուկյանի հետ։ Բաղրամյան 26–ը դրանից հետո անմիջապես մարտի նետեց ձեռքի տակ եղած և մեկեն «րաֆֆիական» դարձած բոլոր հաճախորդներին ու «ականներին»։ Սրանք միաբերան սկսեցին քննադատել Րաֆֆուն։

«Ախր ինչպե՞ս կարելի է մեր բյուրեղյա և մաքրամաքուր շարժումն ինտեգրել ԲՀԿ–ի հետ։ Եթե Րաֆֆին ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու մյուս քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացիայի գնա, ապա դրանով կկեղտոտի այն «գյոզալական» պատկերը, որը ստեղծված է Ազատության հրապարակում։ Պետք է գնալ քաղաքացիական և հորիզոնական տարբերակով, որպեսզի բարևի մեջ արև լինի»,– Րաֆֆի–Սերժ անիմաստ ու սերժանպաստ հանդիպումից հետո ծպտուն չհանած, սակայն Րաֆֆի–Գագիկ հանդիպումից հետո «թունդ հեղափոխական» ու «սկզբունքային» դարձած հայտարարում էին Բաղրամյան 26-ից կառավարվող «քաղաքացիականները», «մոլի րաֆֆիականները», «անկախ» լրատվամիջոցներն ու այդ խմբերին միացած «ազնիվ քյարփինջները»։

Րաֆֆին, ցավոք սրտի, փոխարենը հասկանար թե ինչն ինչոց է և իշխանության ռեակցիայից հետևություններ աներ, որոշեց հետ քաշվել ու մնալ «քաղաքացիական» դաշտում։ Մինչդեռ քաղաքականի ու իրական քաղաքացիականի համադրումը միայն կարող էր բերել իշխանափոխության և Րաֆֆիի շատ սիրելի Սերժի ինքնաբացարկին։ Սակայն Րաֆֆին ինչ–ինչ պատճառներով որոշեց հրապարակի դատարկման մարտավարությունն ընտրել ու չգնալ քաղաքական կոնսոլիդացիային նպաստող ճանապարհով։ Դրանից հետո նա կրկին դարձավ իշխանական լրատվամիջոցների սիրելին այնպես, ինչպես խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ։

Հասկանալով կամ զգալով, որ մարզերում պատահական անցորդներին բարև տալով ու բարևների արանքում զորավարի հետ հեռախոսային կապի մեջ մտնելով ոչ մի բան դուրս չի գալիս՝ Րաֆֆին նստեց հացադուլի՝ Ազատության հրապարակը վերածելով Օպերայի «հայաթի», որտեղ գալիս են իր հետ նկարվելու, գյալաջի անելու և «ժողովրդի հաղթանակի» մեջ փայ մտնելու կամ այդ հաղթանակից փայ փախցնելու։ Այլ կերպ ասած՝ Րաֆֆին, կամա թե ակամա, հրապարակը դարձրեց «մուտիլովկաների» տարածման ու «մուտիլովչիկների» ինքնադրսևորման վայր։ 

Փոխարենը հուժկու շարժում ձևավորելու, քաղաքական ուժերի միավորմանը հասնելու և հրապարակում հոծ զանգվածների ներկայությունն ապահովելու՝ Րաֆֆին մտավ «դժոխքի և դրախտի» տեսության դաշտ։ Իսկ դժոխքից կամ դրախտից դեռ մարդ չի եկել, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավատիրոջ պայքարի արդյունավետությունը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Աշխարհահռչակ ռոք խումբ «Judas Priest»–ը 2008թ. թողարկել է «Nostradamus» երկմասանի կոնցեպտուալ ալբոմը, որի մեջ կա նաև մահվան թեման։ Ալբոմում առկա երգերից մեկը հենց այդպես էլ վերնագրված է՝ «Death» (մահ):

Հայտնի ապագայագետ Նոստրադամուսի արած կանխատեսումների մոտիվներով ստեղծված երաժշտությունը, թերևս, կարող է օգտակար լինել քաղաքականից ու քաղաքացիականից անդին հայտնված Րաֆֆու քայլերը մեկնաբանելու համար։ Միգուցե Նոստրադամո՞ւսը մեզ օգնի հասկանալ, թե որն է հոգեպես ավելի ազնիվ՝ կյա՞նքը, թե՞ մահը։

Առողջություն մաղթելով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ առաջարկում եմ լսել երգը։

Այս խորագրի վերջին նյութերը