Մեկնաբանություն

22.03.2013 12:57


Միքայել Մինասյանի բոլոր նախագծերը տապալվեցին, բացի մեկից

Միքայել Մինասյանի բոլոր նախագծերը տապալվեցին, բացի մեկից

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ում գլխավորած իշխանական թևին այդքան համակրում են «Ժառանգություն» կուսակցությունում, ցանկանում է ««Հորից» որդի» տարբերակով ստանալ նախագահի աթոռը։ Այդ նպատակին հասնելու համար նա քաղաքական, տնտեսական ու լրատվական դաշտի մեջ է մխրճվել։ Ներդրվել են հսկայական ռեսուրսներ։

Իշխանական բուրգի ներսում այնպիսի հարաբերություններ են ձևավորվել, որ նախագահի «փեսայի» պաշտոնը Մինասյանին հնարավորություն է տալիս վերսահմանադրական լիազորություններ ունենալ ու ոչ ֆորմալ ազդեցություն ձեռք բերել, և նա ամբողջությամբ օգտվում է այդ հնարավորությունից։

Նկատենք, սակայն, որ Մինասյանի՝ քաղաքական ու լրատվական դաշտի հետ կապված բոլոր նախագծերը, մեծ հաշվով, տապալվել են։

Ամենամեծ ֆիասկոն Միքայելն ապրեց ՀՀԿ–ի մասով, քանզի չկարողացավ սեփականաշնորհել այն։ Սեփականաշնորհելով ՀՀԿ–ն՝ նա, փաստացի, կսեփականաշնորհեր նաև պետական ապարատը։ Չստացվեց։

Փեսան այդ պարտության տակից փորձեց դուրս գալ՝  խորհրդարանական ընտրությունների  ժամանակ «Աղվեսի քիթը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է» ծրագրի շրջանակներում տարածելով, թե իբր ինքն իր պատվից ցածր է համարում ՀՀԿ–ի համամասնական ցուցակում հայտնվելը, բայց չբացատրելով, թե այդ դեպքում ինչո՞ւ է նույն այդ ցուցակին ծառայելու համար ՀՀԿ շտաբի պետի տեղակալ աշխատում։ Ինչևէ։

Քաղաքական դաշտում Մինասյանի կրած մյուս պարտությունն այն էր, որ նա  չկարողացավ ՄԻԱԿ–ը դարձնել լուրջ կուսակցություն և ստիպված էր բավարարվել իր թիմակիցներից մի քանիսին ՀՀԿ–ի ցուցակում տեղավորելով, բայց դե հասկանալի է, որ դա այն չէր, ինչ նա էր ուզում (Նաիրա Արտաշեսովնայով ու տարբեր կուսակցությունների ցուցակներով ԱԺ–ում հայտնված երեք–չորս «ժելեոտածով» հեռու չես գնա)։

Մինասյանը տապալվեց նաև «դհոլային» ընդդիմություն և վերահսկելի «փողոց» ստեղծելու հարցում։ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ երիտօլիգարխիայի տակ մտած «Ժառանգություն» կուսակցության ցուցակը, որի վրա դրված էր ՀԱԿ–ից առաջ անցնելու խնդիրը, մի կերպ հաղթահարեց 5տոկոսանոց շեմը՝ այդպիսով չարդարացնելով իր վրա արված ներդրումները։ Որքան էլ «անկախ» լրատվամիջոցները փչում էին Րաֆֆի Հովհաննիսյանի փուչիկը, սարերի քամին քշեց–տարավ այն։

«Փուչիկային» դուրս եկան նաև բոլոր այն «քաղաքացիական» նախագծերը, որոնց միջոցով էր Մինասյանն ուզում փայ մտնել քաղաքական դաշտում։ Իսկ «քաղաքացիական» հովերով էր տարվել փեսան այն պարզ պատճառով, որ քաղաքական դաշտում չկարողացավ ֆորմալ կարգավիճակ ստանալ ու փորձեց «տակից» գործոն դառնալ։ Սակայն փեսայի մտքի թռիչքը «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չի» սերիալային տիպի վերջաբանից այն կողմ չանցավ։

Հետագայում «Մաշտոցի պուրակ» սցենարները կիրառվեցին մի քանի տեղ, բայց կրկին անարդյունք։

Մինասյանն անգամ «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն էր ուզում «հակաօլիգարխիկ» պայքարի անվան տակ օգտագործել ու կյանքի կոչել սեփական թուրքմենբաշիական ծրագրերը (հնչում էին սեփականության վերաբաշխման և խոշոր սեփականատետերի ունեցվածքը «պետությանը», այսինքն՝ աներոջն ու փեսային,  հանձնելու ուղղորդված կոչեր), սակայն երբ Վահե Ավետյանի սպանության հետ կապված բողոքի երթի մասնակիցների մեծ մասը սկսեց «Սերժի՛կ, մարդասպա՛ն» և «Սերժի՛կ, հեռացի՛ր» գոռալ, փեսայի էնտուզիազմը մարեց։ Նրան, իհարկե, Սերժը չէր հետաքրքրում։ Պարզապես մինչև 2018 թվականը «Սերժի՛կ, հեռացի՛րը» բացառում է «Միքայե՛լ, մոտեցի՛րը», և այդ իսկ պատճառով Հայաստանի թիվ երկու օլիգարխը՝ փեսան, հետ քաշվեց՝ հետ քաշելով նաև դրածո ակտիվիստներին։

Այդ բոլոր ձախողումներից հետո փեսայի հույսը մնաց նախագահական ընտրությունը։ «Կրկին փորձիր» թեմայով, նա փորձեց իրավատեր դարձած Րաֆֆի Հովհաննիսյանին երկրորդ անգամ օգտագործել, բայց նախ չաշխատեց «Գյոզալական ընտրություններ–2013»–ի սցենարը, և բացի այդ՝ Րաֆֆին սկսեց գին բարձրացնել, ինչն արդեն չէր մտնում անձամբ Սերժի ծրագրերի մեջ, ու նա փոզմիշ արեց երիտօլիգարխիայի «կրեատիվ» ծրագրերը։

Ինքնաասուլիսի ժամանակ ՀՀԿ ղեկավարը նշեց այն գինը, որը պատրաստ է վճարել «Բարևի» հեղափոխության առաջնորդին՝ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ։ Րաֆֆին դա փշրանք համարեց ու նստեց հացադուլի, սակայն տոկոս «խփողը» մնաց անդրդվելի։ Սերժի վրա չազդեց անգամ «Միայն իմ դիակի վրա» հոգեբանական ու «կրեատիվ» գրոհը, քանզի ընտրակեղծիքների գերագույն գլխավոր հրամանատարն իր հաճախորդներին լավ է ճանաչում։ Րաֆֆիին ու երիտօլիգարխիային հիմա մնում է Երևանի ավագանու ընտրություններում ձայն փախցնելը։

Ինչ վերաբերում է լրատվական դաշտում փեսայի նախագծերին, ապա պետք է նշել, որ նրան հաջողվեց գրեթե ամբողջությամբ սեփականաշնորհել դաշտն ու «թրաֆիկինգի» ենթարկել լրագրողական համքարության զգալի թվով ներկայացուցիչների, սակայն «Միշիկ–PRESS»–ը, «Միշիկ–TV»–ները և «Mishik.am»–ներն այժմ «պալիտ» եղած են ու արդեն չեն կարող արդյունավետորեն կատարել գեղամյանական ֆունկցիան։ Այսինքն՝ ԶԼՄ–ների մասով էլ փեսան «տակ» է տվել։

Այս ամենը հաշվի առնելով՝ մեծն կոմբինատոր Միքայելին այլ բան չէր մնում, քան Վատիկանում դեսպան դառնալն ու վերջին հինգ տարիների ընթացքում իր միակ հաջողված նախագծի պտուղները վայելելը։ Իսկ հաջողվել է փեսային իրագործել հսկայական կապիտալի կուտակման նախագիծը։ Աներոջ նվիրած դիվանագիտական անձնագիրը «կակռազ» պետք կգա այդ հաջողված նախագիծն ընդլայնելու համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը