Մեկնաբանություն

23.03.2013 12:20


Դիակ «в студию!» (տեսանյութ)

Դիակ «в студию!» (տեսանյութ)

Էշին նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու։

Ժողովրդական խոսք

Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքի տերն է։ Նա հայտարարել էր, որ ապրիլի 9–ին Սերժ Սարգսյանը Վեհամոր Ավետարանի վրա երդում կտա միայն իր դիակի վրա ու նստել է հացադուլի։ Դատելով ամենից՝ ապրիլի 9–ին դիակ, իրոք, կլինի։ Խոսքս քաղաքական դիակի մասին է։

Երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած առաջարկները ոչ այլ ինչ էին, եթե ոչ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը ճանաչելու, նրա հետ կոալիցիա կազմելու  և մեկ տարի անց ՀՀԿ–ի հետ միասնաբար արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու պատրաստակամություն (Րաֆֆիի համար ցանկալի տարբերակ)։ Հետո էլ ասում էին, թե Սերժ Սարգսյանն ասուլիսի ժամանակ ստել է։ Մարդը մի անգամ ճիշտ բան ասաց, ոչ ոք չհավատաց։

«Հուժկու» հանրահավաքի ժամանակ պարզվեց, որ Րաֆֆին նաև պատրաստ է եթե ոչ կոալիցիոն գործընկեր, ապա գործիք դառնալ ներիշխանական «ռազբորկաների» ժամանակ և օգտագործվել իշխանության «ողջախոհ» թևի կողմից՝ պահանջելով տարատեսակ պաշտոնյաների փոփոխություն։ Ընդ որում՝ Րաֆֆիի առաջարկած տարբերակով պաշտոնյաների փոփոխությունը կլինի «ժողովրդի» աջակցությամբ։ Այսինքն՝ Սերժը հնարավորություն կստանա հայտարարել, թե պաշտոնյաներին ոչ թե ինքն է նշանակել, այլ ժողովուրդը և հետևաբար՝ վատ արդյունքների դեպքում մեղավոր կլինի... ժողովուրդը։ Համաձայնե՛ք, որ նման «ղալաթ» չէր արել անգամ Արթուր Բաղդասարյանն իր «աղջիկ» եղած ժամանակ։

Արթուրը գիտեր, որ «ախք»–ություն է անում 2008թ. մարտի 1–ից առաջ ու դրա համար փակ կաբինետում և բոլորի աչքից հեռու տրվեց Սերժին։ Իսկ ահա Րաֆֆին կողմ է հրապարակային ու թափանցիկ գործունեությանը և Սերժին տրվելու առաջարկով է հանդես գալիս «հեղափոխական» տրիբունալից։

Արթուրի ու Րաֆֆիի մեկ այլ տարբերության մասին. Արթուրին Սերժը ինչ–ինչ մեթոդներով ստիպեց «կենակցել» իր հետ, իսկ ահա Րաֆֆին ինքն է նետվում Սերժի «գիրկը», բայց վերջինս չի ուզում տեսնել «աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդուն»։  Ասել է թե՝ Րաֆֆին պատրաստ է, բայց Սերժը «լայաղ» չի անում։

Փաստորեն, Րաֆֆին նախագահի «ֆեյք» թեկնածուից ուզում է դառնալ «ֆեյք» ընդդիմություն ու այդ կարգավիճակում ծառայություններ մատուցել «ազատամարտի ռահվիրա պարոն Սարգսյանին»։ Ի դեպ, դա Սերժի առաջարկն է եղել «պատմական» հանդիպման ժամանակ։

Նողկալին այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հաճախորդությանն ուզում է «ժողովրդական» տեսք տալ։ Իրոք որ, աշխարհի բոլոր կեղտոտ գործերն արվում են ժողովրդի անունից։

Մեզ մնում է միայն հայտարարել. «Դիակ «в студию!»»։

Կարեն Հակոբջանյան 

Այս խորագրի վերջին նյութերը