Մեկնաբանություն

23.03.2013 17:10


Րաֆֆի Հովհաննիսյանի նոր «նշանակումները» կամ «Բարև, Սե՛րժ» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի նոր «նշանակումները» կամ «Բարև, Սե՛րժ» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանին դուր է գալիս տարբեր պաշտոններում մարդկանց նշանակելը։ Իհարկե, «ժողովրդի» անունից։

Երեկվա հանրահավաքում «Ժառանգության» առաջնորդի սիրտը գլխավոր դատախազ ու ԱԱԾ պետ, Կրթության նախարար ու հարկայինի պետ, Վերահսկիչ պալատ ու մարզպետ էր ուզում։ Մնում է միայն հասկանալ, թե արդյոք դա Րաֆֆո՞ւ ցանկությունն էր, թե՞ ներիշխանական «մուտիլովկաներում» իշխանության այս կամ այն թևի ցանկությունը, որը հնչեցվեց Րաֆֆու շուրթերով։ Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է։

Եվ այսպես՝ Րաֆֆին, բացի Սերժի հետ «երկխոսելուց», սիրում է նաև նշանակումներ կատարել. վիրտուալ կամ այսպես ասած՝ «հավայի»։

Երեկ, օրինակ, բացի գլխավոր դատախազ ու մարզպետ «նշանակելուց», նա հասցրեց Երևանի նոր քաղաքապետ կարգել «Բարև Երևան»–ի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանին։

«Ողջունե՛ք ինձ հետ Երևանի ապագա քաղաքապետ Արմեն Մարտիրոսյանին»,– հանրահավաքի մասնակիցներին դիմելով՝ հայտարարեց ավելի քան 10 օր հացադուլի նստած մարդու համար կասկածելի առույգ ձայն ու տեսք ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը (տե՛ս կից տեսանյութը)։

Իհարկե լավ է, որ Սերժ Սարգսյանի «պռառաբ» Տարոն Մարգարյանից կազատվենք մայիսի 5–ին, բայց վատ է, որ մայրաքաղաքի ապագա ղեկավարին ներկայացնելիս՝ «Ժառանգության» ղեկավարն իր ձևակերպումների մեջ ժլատ գտնվեց։ Բա Րաֆֆուն այդպե՞ս է ներկայացնում Արմենը։ Վերջինս Րաֆֆու մասին խոսելիս օգտագործում է «Ողջունե՛ք, Հայաստանի չորրորդ հանրապետության առաջին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան» կամ վատագույն դեպքում՝ «Ողջունե՛ք, Հայաստանի չորրորդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան» ձևակերպումները։ Իսկ ահա Րաֆֆին այդպես չի վարվում։ Մինչդեռ ճիշտն այն կլիներ, որ Րաֆֆին Արմեն Մարտիրոսյանին հետևյալ կերպ ներկայացներ. «Հայաստանի չորրորդ հանրապետության մայրաքաղաքի առաջին քաղաքապետ»։ Այ, դա արդեն հեղափոխական և խրոխտ մոտեցում կլիներ։ Թե չէ «կակոյ նիբուձ» «Երևանի ապագա քաղաքապետն» ինչ մի դիմելաձև է։

Իսկ այն, որ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետարանում հայտնվելու և ապագայում քաղաքապետ դառնալու շանսեր ունի՝ որևէ մեկը չի կասկածում։ Եթե Րաֆֆին ասում է, ուրեմն հնարավո՛ր է։

Հիշու՞մ եք, 2012թ. խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլում տեղի ունեցած «Ժառանգության» հանրահավաքի ժամանակ Րաֆֆին, դիմելով հավաքվածներին, հայտարարեց. «Ողջունե՛ք, կրթության և գիտության ապագա նախարար Անահիտ Բախշյան», ու դրանից հետո խոսքը տրամադրեց ապագա նախարարին։

Ճիշտ է, Բաշխյանը, ցավոք, նախարար չդարձավ, բայց ԱԺ ընտրություններից հետո աշխատանքի նշանակվեց Կրթության և գիտության ՀՀԿ–ական նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած համակարգում։ Այսինքն՝ Րաֆֆին ճիշտ էր կռահել Բախշյանի ապագա աշխատանքի վայրը, բայց մի փոքր սխալվել էր կրթության ոլորտում հարգարժան տիկնոջ կարգավիճակի առումով։ Իսկ դա նշանակում է, որ Արմեն Մարտիրոսյանն էլ Անահիտ Բաշխյանի նման «կդառնա» Րաֆֆիի ասած պաշտոնյան։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» ցուցակն ու երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած հաճախորդական առաջարկները հաշվի առնելով՝ ճիշտն այն կլիներ, որ «Բարև Երևան» անունը կրող կուսակցությունների դաշինքի ցուցակը կոչվեր «Բարև, Սե՛րժ»։ Ապագա կոալիցիոն գործընկերոջը (եթե, իհարկե, Սերժն ուզի) պետք է բարև տալ, որից հետո արդեն կարելի է հետաքրքրվել տիկին Սարգսյանի որպիսության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը