Մեկնաբանություն

23.03.2013 20:43


Ի՞նչ գույնի շոր կհագնի Րաֆֆին ապրիլի 9–ին

Ի՞նչ գույնի շոր կհագնի Րաֆֆին ապրիլի 9–ին

Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը 2008թ. մասնակցել է զինվորականներով շրջապատված Օպերայի շենքում տեղի ուենցած միջոցառմանը՝ Սերժ Սարգսյանի պաշտոնակալման արարողությանը։

Սարգսյանը նախագահ դարձավ ընտրակեղծիքների ու մարտի 1–ի շնորհիվ, բայց դա չխանգարեց ընդդիմադիր ներկայացող Րաֆֆի Հովհաննիսյանին մասնակցել Սերժի ինաուգուրացիային։

«Ժառանգության» ղեկավարը հետագայում արդարացավ, թե ինքը սևազգեստ է գնացել պարոն Սարգսյանի երդման արարողությանը և շամպայն չի խմել։ Գնացել է պետականությունը և նախագահի ինստիտուտը հարգելու համար, որից հետո շտապել է Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցող մարտի 1–ի զոհերի հիշատակին նվիրված քառասունքի արարողությանը և ծաղիկներ դրել։

Իհարկե, շատերն էին հասկանում, որ Րաֆֆու՝ «սևազգեստ գնացի Սերժի միջոցառմանը» ձևակերպումն էժանագին «տրյուկ» էր ու Արթուր Բաղդասարյանի արածին համարժեք քայլ, սակայն այդ հարցին հանրությունն այդքան ուշադրություն չդարձրեց, քանզի Րաֆֆին գործոն չէր, և նրա արածը գրեթե աննկատ մնաց։

Սերժին այն ժամանակ պետք էր, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը ներկա լինի իր երդման արարողությանը, դրա համար էլ Րաֆֆին գնաց Օպերա։ Եթե այս տեսակետը չի համապատասխանում իրականությանը, ապա Րաֆֆին հիմա էլ նույն սկզբունքով պետք է առաջնորդվի ու սևազգեստ կամ այլ գույնի շոր հագած գնա Մարզահամերգային համալիր, որից հետո շտապի արդեն իր երդման արարողությանը։ Այսինքն՝ վարվի այնպես, ինչպես հինգ տարի առաջ։ Չէ՞ որ նա հարգում է նախագահի ինստիտուտն ու ընդունում է ընտրակեղծիքների գերագույն գլխավոր հրամանատար Սերժի դե ֆակտո նախագահությունը։ Այնպես որ, Րաֆֆին հիմիկվանից պետք է ճշտի Սերժի ու իր երդման արարողությունների ժամերը և ընտրի շորի գույնը, որպեսզի կարողանա մասնակցել ինչպես «ազատամարտի ռահվիրայի», այնպես էլ սեփական ինաուգուրացիային։ Այլապես պետք է այլ բացատրություն տա, թե ինչո՞ւ այնուամենայնիվ մասնակցեց 2008թ. կայացած այդ խայտառակ միջոցառմանը, և ի՞նչն է հիմա փոխվել, որ «կապրիզ» է անում և ուզում է միայն պաշտոններ ստանալուց ու ՀՀԿ–ի հետ միասնաբար ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու խոստումից հետո միայն սեղմել «հաղթած» նախագահի ձեռքը։

2008-ին 10 սպանվածի դիակ կար և մեկ քաղաքական դիակ՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի, բայց դա չխանգարեց Րաֆֆուն «սևազգեստ» գնալ Սերժի մոտ, իսկ հիմա, փառք Աստծո, սպանվածներ չկան, և կա ընդամենը մեկ քաղաքական դիակ՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ով կարող է, սեփական սկզբունքին հավատարիմ, գնալ ՄՀՀ, ապա «զադնի» դրած իջնել Ազատության հրապարակ։ Ասել է թե՝ Րաֆֆին հիմա ավելի շատ փաստարկներ ունի Սերժին բարև ասելու, քան 2008–ին։ 

Ի դեպ, ՄՀՀ–ում Րաֆֆու ներկայությունը Սերժին հնարավորություն կտա երդվել նրա «դիակի» վրա և բոլորը կհամոզվեն, որ «Ժառանգության» ղեկավարն իր խոսքի տերն է։ Ընդամենը պետք կլինի Ավետարանի փոխարեն Սերժի ձեռքի տակ դնել Րաֆֆուն։ Իհարկե՝ կենդանի վիճակում։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե ես Րաֆֆու մահն եմ ուզում։ Ճիշտ հակառակը։ Րաֆֆուն երկար կյանք ու արևշատություն եմ մաղթում, բայց արդեն քաղաքական դաշտից դուրս, որպեսզի օդն այդտեղ մաքրվի։ Թող գնա Սերժի փեսայի «քաղաքացիական» տարածք և ինչքան ուզում է՝ դեմագոգիայով զբաղվի։

Ես չեմ ասել, ինքն է ասել, որ  եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա մեր Սահմանադրության և Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը  պղծի Աստվածաշունչը՝ օրհնելով ժողովրդին խեղող, ծախող թեկնածուին, դա իրենք կանեն իմ դիակի վրա։ Ասել է, դե ուրեմն թող տակից դուրս գա։ Քաղաքական գործիչն իր ամեն մի խոսքի համար պետք է պատասխան տա։ Սերժի հետ պաշտոն–պաշտոն խաղալն էլ հաշիվ չէ։ Հրեն ՕԵԿ–ի ու մյուսների փորձը կա։ Հաճախորդներից կուշտ ենք։

Այս խորագրի վերջին նյութերը