Մեկնաբանություն

25.03.2013 16:52


Շոուն ավարտվեց. Սերժը մի զրո պակաս գնահատեց Րաֆֆուն (տեսանյութ)

Շոուն ավարտվեց. Սերժը մի զրո պակաս գնահատեց Րաֆֆուն (տեսանյութ)

Եվ այսպես, տեղի ունեցավ սպասելին։ Սերժ Սարգսյանն իր պատասխան նամակով «փչացրեց» Րաֆֆուն։

«Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»,–Րաֆֆուն հասցեագրված նամակի վերջում գրել էր Սերժը՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել «իրավատիրոջից»՝ իր առաջարկներն ընդունելու համար։

Նման նվաստացուցիչ պատասխանի արժանանալու համար «իրավատերը» պետք է միայն ինքն իրեն մեղադրի։ Չի կարելի մի կողմից գործիք դառնալ իշխանության այս կամ այն թևի ձեռքում, իսկ մյուս կողմից՝ հրապարակում պայքարողի դերի մեջ մտնել։

Հնարավոր չէ ընտրակեղծիքներից խոսել և միևնույն ժամանակ «հուժկու» պայքար մղել միայն «չար» գյուղապետների դեմ։

Հնարավոր չէ խոսել լցոնումից և միևնույն ժամանակ «բարի» Սերժի PR–ով զբաղվել ու կեղծիքների զորավար ոստիկանապետին թողած՝ պահանջել, ասենք, Կրթության նախարարի պաշտոնը։

Հնարավոր չէ խոսել հեղափոխությունից (այն էլ՝ բարի հեղափոխությունից) և  միևնույն ժամանակ տակից խաղեր տալ Բաղրամյան 26–ի, Հանրապետության հրապարակի և իշխանության «ողջախոհ» երիտթևի, այն է՝ երիտօլիգարխիայի հետ։

Մի խոսքով, հնարավոր չէ հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ կամ էլ՝ սատանի մայլում քյանդրբազություն անել։ Դե, փուչիկը մնում է փուչիկ, հո զոռո՞վ չէ։ Րաֆֆին այդպես էլ չկարողացավ «Ֆեյք»–ի կարգավիճակից դուրս գալ։  

Ցավով պետք է արձանագրել, որ Րաֆֆին իր «պայքարով» արժեզրկեց շատ գաղափարներ և արժեքներ։ Ահա թե ինչի կարող է հանգեցնել ապաքաղաքական ու «քաղաքացիական» պայքարը, «կրեատիվ» մոտեցումն ու «հորիզոնական» հարաբերությունը, «ցանցային» կառավարումն ու դատարկ խոսքը։

Րաֆֆին հետևություններ չարեց ԱԺ ընտրություններից հետո և «Կրկին փորձիր» տարբերակով շարունակեց «դհոլական» գիծը։ Նա կրկին գործիք դարձավ երիտօլիգարխիայի ձեռքում ու եթե այսքանից հետո կարողանա Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հաղթահարել նվազագույն շեմը, ապա պետք է գոհ լինի։

«Ժառանգության» ղեկավարը շանս ուներ փետրվարի 18–ից հետո քաղաքական գործիչ ու լիդեր դառնալու, սակայն նախընտրեց գործարքի ճանապարհը։ Սերժն էլ բռնեց ու «երկխոսեցրեց» նրան։ Բա ուրիշ ի՞նչ պետք է աներ։ Թե՞ ոմանք կարծում էին, որ Սերժի ունեցած և չունեցած արժանիքները գովալով՝ պաշտոն էին փախցնելու, այն էլ՝ «ժողովուրդ» բառը շահարկելով։

Սերժն իր պատասխանով հասկացրեց, որ Րաֆֆուն նույնիսկ Արթուր Բաղդասարյանի ճակատագրին չի արժանացնելու և Արտաշես Գեղամյանից էլ մի զրո պակաս է գնահատելու։

Այս քստմնելի ու նողկալի պատմության մեջ հիմա միայն մեկ հարց է մնացել օդում կախված. ինչպե՞ս է Րաֆֆին դուրս գալու «Սերժը կերդվի միայն իմ դիակի վրա» հայտարարության տակից։ Միակ տարբերակն այն է, որ նա ներողություն խնդրի այդ «մուտիլովկայի» և մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար ու «զադնի» դրած գնա տնային պայմաններում ծոմ պահելու։

Ի դեպ, Րաֆֆին իր քայլերով «խուրդեց» նաև բոլոր նրանց, ովքեր իր կողքին էին հայտնվել անկեղծ կամ կեղծավոր մղումներով։ Հիմա ճիշտ ժամանակն է «հեղափոխության» խորհրդանիշ հայտարարել ոչ թե ծիրանը, այլ դդումը։ Երկուսն էլ գրեթե նույն գույնն ունեն։ Ծիրանագույն հեղափոխությունը Րաֆֆու թեթև ձեռքով վերածվեց դդմագույնի։  

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Սերժը Րաֆֆուն առաջարկում է մեկ–երկու օր կազդուրվել, ապա նոր գնալ Բաղրամյան 26։ Մեր կողմից Րաֆֆուն խորհուրդ կտանք թուղթ ու գրիչը ձեռքին նախագահական նստավայր գնալուց առաջ լոգանք ընդունել։ «Նա վսյակի»։

Հ.Գ.–2։ Սերժ–Րաֆֆի «երկխոսական» պատմությունը հիշեցնում է «12 աթոռ» ֆիլմի այն դրվագը, երբ «երկխոսացված» կինն ընկնում է Բենդերի հետևից և պահանջում համատեղ կյանք, սակայն Բենդերը «պասլատ» է անում «իրավատեր» կնոջը։

Այս խորագրի վերջին նյութերը