Մեկնաբանություն

26.03.2013 00:54


Արթուր Բաղդասարյան և Րաֆֆի Հովհաննիսյան. նմանություններ և տարբերություններ

Արթուր Բաղդասարյան և Րաֆֆի Հովհաննիսյան. նմանություններ և տարբերություններ

Փետրվարի 18–ից հետո շատ մոդայիկ է դարձել 2008թ. և 2013թ. հետընտրական գործընթացների համեմատությունը։ Վերլուծաբաններն ու լրագրողները փորձում են նմանություններ և տարբերություններ գտնել այն ժամանակվա և ներկայիս հետընտրական իրավիճակների միջև։

Նկատենք, սակայն, որ կոպիտ սխալ է և քաղաքական անգրագիտություն Լևոն Տեր–Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական գործողություններն իրար հետ համեմատելը, քանզի մենք գործ ունենք տարբեր երևույթների և տարբեր նպատակներ հետապնդող գործիչների հետ։

Ճիշտ է, Տեր–Պետրոսյանը և Հովհաննիսյանը, մրցապայքարի մեջ մտնելով Սերժ Սարգսյանի հետ, կեղծված նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներով երկրորդ տեղն են զբաղեցրել և դրանով համանման իրավիճակում են հայտնվել, սակայն այդքանով էլ այս գործիչների ընդհանրությունն ավարտվում է։

Եթե Տեր–Պետրոսյանը 2008թ. հայտարարեց, որ չի ընդունում կեղծված ընտրությունների արդյունքները և հստակ խնդիր դրեց քաղաքական քայլերի ու հետընտրական «ռասկաչկայի» միջոցով հասնել իշխանափոխության, ապա Հովհաննիսյանը, հայտարարելով հանդերձ, որ 2013թ. ընտրությունները կեղծվել են, հետընտրական զարգացումները տարավ ապաքաղաքականացման ուղղությամբ և հացադուլի միջոցով խնդիր դրեց պաշտոն ստանալ կեղծիքով նախագահ դարձած մարդուց և հետագայում նրա հետ միասնաբար մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։ Իսկ դա նշանակում է, որ 2008թ. և 2013թ. նախընտրական և հետընտրական գործընթացները համեմատելիս և նախագահի թեկնածուների վարքագծերին գնահատական տալիս պետք է համեմատության մեջ դնել ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին ու Լևոն Տեր–Պետրոսյանին, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Արթուր Բաղդասարյանին։

Կարելի է ընդունել կամ չընդունել Լ. Տեր–Պետրոսյան քաղաքական գործչին ու նրա գաղափարները, կարելի է ընդունել կամ չընդունել 2008թ. նրա ղեկավարած պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը, բայց երկրորդ կարծիք լինել չի կարող, որ նա 2008թ. պայքարի մեջ էր մտել հաղթելու, այլ ոչ թե Սերժից պաշտոն ուզելու համար։ Ո՛չ իշխանության, ո՛չ Տեր–Պետրոսյանի մտքով անգամ չէր կարող անցնել, որ քվեարկությունից օրեր անց կարելի է պայմանավորվել պաշտոնների շուրջ։ Իմիտացիա չկար։ Կար իրական պայքար։ 2008–ին «ֆեյք» թեկնածուներ և «դհոլներ» կային, բայց նրանք աննշան դերակատարություն ունեին։

Այլ է իրավիճակը Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում։ Նա, որպես «ֆեյք» թեկնածու մտնելով ընտրական միջոցառման մեջ, անկախ իրենից հաղթեց Սերժ Սարգսյանին, բայց փոխանակ խելքի գալու և «ֆեյքի» կարգավիճակից դուրս գալու, դիմեց հացադուլի և պայքարը վերածեց պարզ առևտրի։ Այսինքն՝ Րաֆֆին հիմա հայտնվել է Արթուր Բաղդասարյանի դերում։ Ավելի ճիշտ՝ Րաֆֆին ուզում է հայտնվել Արթուրի դերում, բայց Սերժն առայժմ ձեռք չի մեկնում իր հաճախորդին և նվաստացնում է նրան՝ առաջարկելով թուղթ ու գրիչով գալ նախագահական նստավայր՝ միասնաբար աշխատելու հում առաջարկների վրա։

Ի դեպ, Րաֆֆու և Արթուրի համեմատությունն առաջինի օգտին չէ։

Դատե՛ք ինքներդ։

Եթե 2008թ. Արթուր Բաղդասարյանն ընտրապայքարի մեջ էր մտել հաղթելու նպատակով և միայն սեփական անողնաշարության ու ճնշումների հետևանքով «ախք»–ացավ, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին գիտակցաբար մասնակցում էր որպես դրածո և «ֆեյք»։ Այսինքն՝ Արթուրն իր ընտրազանգվածին «քցեց» հանգամանքների բերումով, իսկ Րաֆֆին «քցել» էր «էն գլխից»։

2008թ. Արթուրը պաշտոնական տվյալներով զբաղեցրել էր 3րդ տեղը, և նրա անցումը դեպի իշխանություն չլեգիտիմացրեց Սերժին ու դատարկ չթողեց հրապարակը։ Իսկ ահա Րաֆֆին, ով դե յուրե 2–րդն է ճանաչվել, խոստանում է պաշտոնների դիմաց ճանաչել կեղծիքներով ընտրված նախագահի լեգիտիմությունը՝ այդպիսով դատարկելով հետընտրական դժգոհությամբ լցված հրապարակը։

Եթե 2008թ. Սե՛րժն էր ձեռքը մեկնել Արթուրին և պաշտոններ խոստանում, քանզի ուներ նրա կարիքը, ապա 2013–ին մենք ականատեսն ենք աննախադեպ մի երևույթի՝ դե ֆակտո հաղթած թեկնածուն ինքն է ձեռք մեկնում կեղծիքներով նախագահ ինքնահռչակված մարդուն, բայց արժանանում է արհամարհանքի։

2008թ. Արթուրը գիտեր, որ դավաճանում է իր ընտրազանգվածին, և որ դա վատ բան է։ Այդ իսկ պատճառով նա փակ դռների հետևում պայմանավորվածության եկավ Սերժի հետ ու որոշակի պաշտոններ ստացավ գործադիր մարմնում։ Արթուրը, թերևս, հոգու խորքում ամաչում էր իր արածի համար ու դրա համար բոլորի աչքից հեռու տրվեց Սերժին։ Րաֆֆին, ի տարբերություն Արթուրի,  քաղաքական ստրիպտիզով է զբաղվում Ազատության հրապարակում, և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես հեղափոխություն՝ այդպիսով արժեզրկելով մի շարք գաղափարներ ու հասկացություններ։

Րաֆֆու քայլերի մեջ ամենաքննադատելին այն է, որ նա իր «ախք»–ության մեջ փորձում է ներգրավել հրապարակում հավաքվածներին ու Սերժին տրվելը ներկայացնել որպես ժողովրդի հավանությանն արժանացած քայլ։

Փաստորեն, Րաֆֆու հացադուլի նպատակն Ա. Բաղդասարյանի ճակատագրին արժանանալն ու պաշտոններ ստանալն է կամ էլ գոնե իշխանության «ողջախոհ» երիտթևի ձեռքում գործիք դառնալը։ Այլ նպատակներ Րաֆֆին չունի և չի էլ ունեցել։ Ու պետք չէ ժողովրդի անունը շահարկել ու ժողովրդի անունից անբարո առևտրային գործարք կնքել։

Մի էական տարբերություն էլ կա Արթուրի ու Րաֆֆու միջև։ Առաջինին ընտրություններից հետո նախագահական նստավայր կանչեցին ու շամպայնով հյուրասիրեցին։ Իսկ ահա Րաֆֆին ինքը գնաց Բաղրամյան 26 և նույնիսկ մեկ բաժակ սուրճով չհյուրասիրվեց։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը