Մեկնաբանություն

27.03.2013 12:20


Սերժն ու Րաֆֆին անլուծելի խնդրի առաջ են կանգնել

Սերժն ու Րաֆֆին անլուծելի խնդրի առաջ են կանգնել

Քաղաքականության մեջ էլ, ինչպես, օրինակ, մաթեմատիկայում, կան լուծում չունեցող խնդիրներ։ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա փորձում են համատեղ ջանքերով խնդիր լուծել, բայց դա հնարավոր չէ, քանզի կողմերն ազնիվ չեն միմյանց ու հասարակության նկատմամբ։ 

Երկուսն էլ կողմ են «երկխոսությանը», բայց անհամաձայնություն կա դրա գնի, ձևի, բովանդակության և անգամ գործարքի կնքման վայրի հետ կապված հարցերում։ Սերժը մի բան է պատկերացնում «երկխոսության» տակ, Րաֆֆին՝ մեկ այլ բան։ Ու չնայած այդ հանգամանքներին՝ երեկվա ասուլիսում «Ժառանգության» ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանն ու Հովսեփ Խուրշուդյանն ահագին ոգևորված էին Րաֆֆիին ուղղված Սերժի նվաստացուցիչ պատասխանից, քանզի այնտեղ ընդառաջ քայլ և բանակցելու պատրաստակամություն էին տեսել։ Հակոբյանն արդեն խոսում էր փոխզիջումներից, մինչդեռ Րաֆֆու նամակի մեջ հստակ նշված է, որ իր առաջարկի կետերն անբեկանելի են և ենթակա են պարտադիր կատարման։ Ինչևէ։

Րաֆֆին ուզում է հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ

Սերժի ու Րաֆֆիի հիմնական անհամաձայնությունը գործարքի բովանդակության հարցում է։ Սերժը Րաֆֆուն առաջարկում է կողմնորոշվել և ընտրություն կատարել պաշտոնի ու փողոցի միջև։ Րաֆֆին ուզում է մի ոտքը փողոցում թողնել, իսկ մյուս ոտքը՝ Սերժի կոալիցիայում։ Այսինքն՝ Րաֆֆին ուզում է ճողված ու լղոզված կարգավիճակ ունենալ, իսկ Սերժն ասում է, որ այդպես սիրուն չէ և հնարավոր չէ։

«Մենք էլ ասում ենք, որ ո՛չ, մենք դիտում ենք, որ հնարավոր է այսպես,–Սերժին հակադարձելով՝ նշում է Րաֆֆու թիմակից Ռ. Հակոբյանը, ապա ավելացնում,–պետական կառույցներում ընդդիմությունը պետք է կարողանա ընդգրկված լինի, բայց դա կոալիցիա չի։ Կոալիցիան մի քիչ ուրիշ բան է։ Մեր մոտեցումն այն է, որ կարող ես լինել ընդդիմություն և մաս կազմել պետական կառավարման համակարգին»։

Փաստորեն, Րաֆֆու ասածն այն է, որ հնարավոր է փողոցում մարմնավաճառությամբ զբաղվել, բայց չհամարվել պոռնիկ։ Սա՛ է, որ Սերժին տարօրինակ է թվում։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր ասուլիսի ժամանակ կտրուկ դեմ էր արտահայտվել նման մոտեցմանը։ Անդրադառնալով «հաճույք ստանալ, բայց կույս մնալ», այն է՝ պաշտոն ստանալ, բայց իշխանության կոալիցիոն գործընկեր չհամարվել թեմային՝ ՀՀԿ ղեկավարը Րաֆֆու հետ հանդիպումից հետևյալ դրվագը ներկայացրեց. «Այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և ժողովրդին հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ինձ՝ ներգրավվելու իշխանության մեջ և համատեղ ջանքերով լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Ասաց` Դուք կոալիցիա՞ նկատի ունեք: Պատասխանեցի՝ ոչ: Ասացի` հիմա էլ եմ ազնիվ քեզ հետ և չեմ ուզում քննարկել որևէ դետալ, մանրամասնություն, որովհետև երկու ժամ հետո հրապարակում խոսելու են, որ Րաֆֆին ծախվեց, պաշտոն էր ուզում և այլն: Այ, երբ այդ հայտարարությունը կանես, կգաս, և մենք միասին կորոշենք ձեր ներգրավվածության հարցը: Բայց այս դեպքում պետք է մոռանաք ընդդիմադիր լինելու հանգամանքը: Ես իրեն չեմ ասել, բայց ուզում եմ այս առիթով մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ ինձ համար անհասկանալի են ոմանց այն մոտեցումները, որ լինելով իշխանության մեջ` ընդդիմություն են խաղում»։

Սերժը Րաֆֆուն առաջարկում է ընտրել «ախքի» և «դհոլի» միջև

Սերժի ուզածը հետևյալն է. Րաֆֆու միջոցով լեգիտիմացնել կեղծված ընտրություններն ու հետագայում «քցել» նրան՝ մինչև այդ հասցնելով «Ժառանգության» ներկայացրած «Բարև Երևան» դաշինքն առաջիկա ընտրություններում որպես «դհոլ» օգտագործել ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ այնպես, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ։ Րաֆֆին դեմ չէ օգտագործվելուն, բայց դրա դիմաց պահանջում է «համաբեդագան լուձում»՝ ՀՀԿ–ի հետ միասնաբար ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու և պետական ոստիկանական մեքենայի օգնությամբ «Ժառանգության» խորհրդարանական աթոռներն ավելացնելու տեսքով (Րաֆֆու՝ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը դեմագոգիա է և գործարքի քողածածկույթ)։ Այսինքն՝ «Ժառանգությունն»  ուզում է զբաղեցնել ՕԵԿ–ի տեղը։

Սերժը Րաֆֆուն բացատրում է, որ եթե պաշտոն ստանա, ապա կդառնա «ախք» և չի կարողանա նշանակվել «ընդդիմության առաջնորդ» և գեղամյանություն անել ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։  Աշխարհի վրա դառնացած ու սոված մարդն այլ ֆունկցիայի համար Սերժին հարյուր տարի պետք չէ։ Իսկ ահա Րաֆֆին համոզված է, որ կարելի է հա՛մ պաշտոնները վերցնել, հա՛մ նշանակվել «ընդդիմության առաջնորդ», և դրա համար էլ նա թատրոններ է կազմակերպում հրապարակում։ Այսինքն՝ Րաֆֆին ուզում է արթուրբաղդասարյանություն անել, բայց մնալ ընդդիմություն, իսկ Սերժն ասում է, թե դա հնարավոր չէ։

Րաֆֆին դեմ չէ Արթուր Բաղդասարյան–2 դառնալ, բայց դա ուզում է անել ժողովրդի անունից, իսկ Սերժն էլ կարծում է, որ Րաֆֆիի շոուն էժանագին է, ու նրա՝ գին բարձրացնելու քաղաքականությունն իր համար ընդունելի չէ։ Բացի այդ՝ Սերժին Րաֆֆին փողոցում է պետք, այլ ոչ թե կոալիցիայի մեջ, իսկ Րաֆֆին ուզում է կոալիցիայի մեջ մտնելով հանդերձ՝ մնալ ընդդիմություն և իշխանության «ողջախոհ» երիտթևի՝ երիտօլիգարխիայի համար գործիքի դեր կատարել ներիշխանական «ռազբորկաների» և ԲՀԿ–ի դեմ պայքարի ժամանակ։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժ–Րաֆֆի «երկխոսության» մեջ ավելի իրատեսական դիրքերից է հանդես գալիս Սերժը։ Նրա պահանջը հստակ է. կա՛մ պաշտոն, կա՛մ փողոց։ Րաֆֆին ուզում է և՛ պաշտոն, և՛ փողոց։ Սրանք, իրոք, անլուծելի խնդիրներ են, քանզի հնարավոր չէ համադրել «Արթուր Բաղդասարյան» և ընդդիմություն երևույթները, որքան էլ փորձես դա անել բոցաշունչ ելույթներն ու Սերժին քծնելը համատեղելով։ Առավելևս հնարավոր չէ ծառայել թուրքմենբաշիզմի ձգտող երիտօլիգարխիային ու մնալ ընդդիմադիր դաշտում։

Եթե փորձենք կոպիտ, բայց ավելի դիպուկ նկարագրել այն, ինչ տեղի է ունենում, ապա պետք է ասենք հետևյալը. Րաֆֆին Սերժին առաջարկում է «հարաբերվել» բոլորի աչքի առաջ և դրա դիմաց պահանջում է $50՝ առանց «մանեթ», իսկ Սերժն ամաչում է Րաֆֆու հետ միասնաբար աշխատել փակ կաբինետից դուրս, քանզի դեմ է շոուներին և բացի այդ՝ նա պատրաստ է տալ Րաֆֆու ասած գնից մի զրո պակաս՝ ստանալով նաև «մանեթը»։ Կողմերը, ահա, գնի ու «մանեթի» շուրջ են նամակների միջոցով բանավիճում։ Ստեղծված իրավիճակից, իրոք, ելք չկա՝ եթե, իհարկե, կողմերից մեկը տեղի չտա։

Դատելով Րաֆֆու հանդուրժողական և բարի տրամադրվածությունից՝ «Հանուն ժողովրդի» կարգախոսով գործարքը կկայանա Սերժի ուզած տարբերակով։ Փողոցային թիթեռնիկներն էլ սկզբում չեմուչում են անում և պատվիրատուին առաջարկում բավարարվել առանց «մանեթ», բայց վերջում գալիս են փոխհամաձայնության։

ՕԵԿ–ին կարելի է արդեն մոռանալ։ Մենք հիմա գործ ունենք «Րաֆֆինացված» ՕԵԿ–ի՝ «Ժառանգության» հետ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սերժն ու Րաֆֆին ճիշտ կանեն հնաոճ նամակագրական կապի փոխարեն օգտագործեն «Ֆեյսբուքը»։ Այդպես հա՛մ արագ կլինի, հա՛մ ահագին մարդ կկարողանա կողքից «լայքել» ու «քոմենտել» կոնտրագենտների գրածները։ Իրենք իրար էլ կարող են «լայքել» ու «քոմենտել» ու բոլորին «on line» ռեժիմով պարզ կդառնա, թե, օրինակ, ինչին է համաձայն Րաֆֆին, իսկ ինչին համաձայն չէ Սերժը։

Օրինակ՝ Սերժը կարող է «ստատուս» գրել «ԱԽՔ» վերնագրով։ Եթե տեսնենք, որ Րաֆֆին «լայք» է տալիս Սերժի այդ գրառմանը, ապա կհասկանանք, որ բանակցությունները մտնում են հոգեբանական էքսցեսների և գործնական համաձայնությունների փուլ։ Կամ եթե Սերժը դհոլի նկար գցի իր էջում, և Րաֆֆին կրկին «լայք» տա այդ նկարին, ապա կհասկանանք, որ Րաֆֆին համաձայնել է Սերժի նետած փշրանքների դիմաց գեղամյանություն անել ավագանու ընտրությունների ժամանակ ու դրանից հետո։

Մի խոսքով, «ֆեյսբուքի» օգնությանը դիմելը շատ «կրեատիվ» և «ցանցային» մոտեցում կլինի։ Ի դեպ, «ֆեյսբուքը» հնարավորություն է տալիս նաև «պրիվատ» շփվել, և եթե Սերժը Րաֆֆուն բոլորիս աչքից հեռու բան կունենա ասելու, ապա դա հանգիստ կկարողանա անել։ Այնպես որ, «ազատամարտի ռահվիրան» և «իրավատերը» կարող են համապատասխան անուններով էջեր բացել ու առավոտից–երեկո «ստատուսվել» կամ «չաթվել»։

Ի դեպ, վատ չէր լինի, եթե այդ դեպքում «զորավարն» էլ էջ բացեր ու երբեմն միջամտեր զրույցին։ Թամաշան կատարյալ կդառնար։

Այս խորագրի վերջին նյութերը