Մեկնաբանություն

27.03.2013 17:07


Րաֆֆին Արթուրի PR–ով է զբաղված

Րաֆֆին Արթուրի PR–ով է զբաղված

Երբ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնական տվյալներով երրորդ տեղն զբաղեցրած և ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Արթուր Բաղդասարյանը դավաճանեց իր ընտրազանգվածին ու Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմեց, բոլորը արդարացիորեն դա որակեցին որպես «ախք»–ություն։

ՕԵԿ ղեկավարն իր քայլը հիմնավորեց այն բանով, որ եթե Սերժի կողմը չանցներ, ապա մարտի 1–ին ավելի շատ զոհեր կլինեին, իսկ Ադրբեջանն էլ կհարձակվեր Հայաստանի վրա։ Ադրբեջանական «բոբոյով» Հայաստանում թալան ու կեղծիք անելու արդարացումը վաղուցվա «մուտիլովկա» է, և Արթուրի այդ ձևակերպումը նույնիսկ չարժե վերլուծել, սակայն ուշագրավ էր նրա՝ «մարտի 1–ին շատ զոհեր կլինեին» գնահատականը։

Փաստորեն, Արթուրն այն օրերին անուղղակիորեն խոստովանեց, որ մարտի 1–ի գործողություններից առաջ շատ լավ տեղյակ է եղել, թե ինչ է սպասվում, և միայն ավելի շատ զոհեր չլինելու համար է անցել Սերժի կողմը, բնականաբար՝ «հանուն ժողովրդի»։

Ավելորդ չէ արձանագրել, որ Արթուրը հասկանում էր իր քայլի քստմնելիությունը և գոնե այնքան պարկեշտություն ուներ, որ դա չարեց ժողովրդի անունից։

Այլ է Րաֆֆի Հովհաննիսյանի պարագան։ Նա արթուրբաղդասարյանություն է անում, բայց փորձում է գործարքի մեջ ներքաշել ժողովրդին և ժողովրդի անունից մտնել կոալիցիա՝ այդ ամենին տալով «համապետական լուծում» որակումը։

Ի դեպ, Արթուրի քայլը 2008–ին նույնպես յուրօրինակ «համապետական լուծում» էր, քանզի դա հնարավորություն տվեց իշխանությանը հայտարարել, որ Սերժն արդեն ունի ոչ թե 53%, այլ շուրջ 70% աջակցություն։ Ասել է թե՝ Արթուր–Սերժ միավորումը քաղաքական ֆոն ապահովեց բռնությունների համար և այդպիսով լուծվեց համապետական նշանակություն ունեցող նախագահական ընտրությունների հարցը։

Րաֆֆին հիմա բառացիորեն անում է այն, ինչ Արթուրը հինգ տարի առաջ, բայց այդ ամենին ուզում է տալ «ժողովրդական» տեսք, ինչն ավելի անբարոյական մոտեցում է, քան ԱԽՔ–ինը։ Սա, իրոք, նոր տեխնոլոգիա է՝ հաճախորդացման նոր տեխնոլոգիա։ Մարդը հացադուլի ու դիակ դառնալու սպառնալիքով ուզում է պաշտոն ստանալ և պետական ոստիկանական մեքենայի աջակցությամբ ավելացնել իր աթոռները ԱԺ–ում և միաժամանակ ուզում է այդ գործարքը ներկայացնել որպես «ժողովրդի հաղթանակ»։

Թե ինչով կավարտվի այս թամաշան, արդեն էական չէ։ Էականն այն է, որ Րաֆֆու այս «հեղափոխությունից» հետո Արթուր Բաղդասարյանն արդեն կարող է պարզ ճակատով դուրս գալ մարդամեջ, քանզի «Բարևի» հեղափոխության առաջնորդը, պատկերավոր ասած, լվաց Արթուր Բաղդասարյանի գլուխը։ Նման PR Արթուրը չէր կարող անգամ երազել։ Րաֆֆին իրականություն դարձրեց ՕԵԿ–ի երազանքը։

Րաֆֆին ընտրակեղծիքները լեգիտիմացնելուն զուգընթաց՝ լեգիտիմացնում է նաև հինգ տարի առաջ տեղի ունեցած Սերժ–Արթուր գործարքը։ Իսկ դա նշանակում է, որ Րաֆֆին իր հեղափոխության անունը պետք է դնի «Բարև, Արթու՛ր»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը