Մեկնաբանություն

28.03.2013 16:19


Երիտօլիգարխիայի վկաները

Երիտօլիգարխիայի վկաները

«Անկախ» լրատվամիջոցների սիրած զբաղմունքը «Բարի Սերժն ու իր չար շրջապատը» հեքիաթը տարածելն է։ Ըստ այդ հեքիաթի սյուժեի՝ խեղճ Սերժ Սարգսյանը, ով Հայաստանում ստեղծված գաղջ մթնոլորտի պատճառ է համարում իր փեսայի կողմից չվերահսկվող մի քանի լրատվամիջոցների գործունեությունը, հայտնվել է երկու քարի արանքում։ Մի կողմում կոռումպացված չինովնիկները, ընտրակեղծարար մարզպետներն ու համայնքապետները և չար օլիգարխներն են, իսկ մյուս կողմում՝ երիտասարդ, ուսյալ–կրթյալ, ողջախոհ և բյուրեղյա մաքրության տեր երիտթևը։

«Անկախ» լրատվամիջոցներից տեղեկանում ենք նաև, որ «ողջախոհ» երիտթևն ուզում է Ազատիչին ազատել չար մարդկանց ճանկերից, բայց նրանք ընտրակեղծիքներ են անում և զոռով նախագահի աթոռին պահում ՀՀԿ ղեկավարին։

Սերժի մասին տարածվող հեքիաթի գլխավոր մեսիջն այն է, որ պետք է «քաղաքացիականության» ջատագով երիտթևի օգնությամբ սատարել Սերժ Սարգսյանին ու հաղթել նրա չար շրջապատին։

Երբ նմանատիպ դեմագոգիայով զբաղվում են Հայաստանում թուրքմենբաշիական կառավարման համակարգի ներդրման կողմնակից «ողջախոհ» երիտթևի՝ երիտօլիգարխիայի պարագլուխ Միքայել Մինասյանի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներն ու քաղաքական դաշտի բացահայտված «ականները» (Դավիթ Շահնազարյան և այլն), հասկանալի է։ Բայց երբ «անկախ» լրատվամիջոցներին ձայնակցում են իրենց հեղափոխական համարող Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները, արդեն այլ բան է ստացվում։

Հարկ է արձանագրել, որ «ժառանգության» և երիտօլիգարխիայի ջրերը մի առվով են հոսում դեռևս ԱԺ ընտրություններից սկսած։ Հիմա էլ այդ համագործակցությունը կոնկրետ դրսևորումներ է ունենում։ Պատահական չէ, որ «Բարևի» հեղափոխության ղեկավար կազմի ձևակերպումները մեկին մեկ կրկնում են վերը նշված հեքիաթում առկա կոդերը՝ դրանով իսկ հերքելով այն տեսակետը, թե Րաֆֆին ծրագիր չունի և հանպատրաստից քայլերի կողմնակից է։

Ուշադիր հետևելով քաղաքական դաշտում և մասնավորապես՝ Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին՝ պարզ է դառնում, որ Րաֆֆին շարունակում է որպես գործիք ծառայել երիտօլիգարխիայի ձեռքում ու զբաղված է  նրանց PR–ով՝ զուգահեռաբար քարոզելով նաև Սերժի օգտին։ Ասել է թե՝ իրավատերն ու իր թիմակիցները շատ կոնկրետ ծրագիր ունեն՝ նրանք Ազատության հրապարակի հարթակն ու այլ ամբիոններն օգտագործում են «բարի» Սերժի և նրա «առաջադեմ» երիտթևի մասին պատմվող հեքիաթին միս ու արյուն տալու համար։

«Ժառանգությունում» ակնկալում են, որ այդ ամենի դիմաց մի բան կստանան։ Հույսը «ողջախոհ» երիտթևն է և «Լեգիտիմության ճանաչում՝ պաշտոնի դիմաց» ծրագրի շրջանակներում Սերժի կամեցողությունը։ Առայժմ արդյունքներ չկան, բայց Րաֆֆին ունի «գամք և դոգունություն», ինչը նշանակում է, որ նա կշարունակի հացադուլն ու կսպասի Սերժի նամակին։

Իսկ այն, որ «ժառանգության» վերնախավը դարձել է երիտօլիգարխիայի վկա, երևում է անգամ անզեն աչքով։

Դատե՛ք ինքներդ։

Րաֆֆին խոսում է ընտրակեղծիքներից, բայց պահանջում է մարզպետների հրաժարականը՝ «մոռանալով» ընտրակեղծիքների հիմնական շարժիչ հանդիսացող ոստիկանության ղեկավարի՝ «զորավարի» հրաժարականի մասին։ Երեկվա ասուլիսում Րաֆֆին հույս հայտնեց, որ Սերժը կհաղթահարի իր շրջապատի խոչընդոտն ու կսկսի բանակցությունները։

Եթե Րաֆֆու տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ստացվում է, որ Սերժն իր համար նստած է եղել Բաղրամյան 26–ում և ուզեցել է, որ ժողովուրդը՝ հանձին Րաֆֆիի, հաղթի ընտրություններում, իսկ ահա Լիսկան ու մյուսները չեն թողել, որպեսզի ՀՀԿ ղեկավարի երազանքն իրականություն դառնա։ Ըստ Րաֆֆու՝ Սերժը չի գալիս իրեն տեսնելու, որովհետև վատ մարդկանց ձեռքում պատանդ է դարձել։ Շատ սրտաճմլիկ պատմություն է ստացվում, այնպես չէ՞։ Լավ է, որ դրանից հետո Րաֆֆին չի հայտարարում, թե պետք է գնալ և փրկել Բաղրամյան 26–ում բանտարկված Սերժ Սարգսյանին։

Մեկ այլ «հեղափոխական»՝ Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ Րաֆֆուն ուղղված Սերժի պատասխան նամակում առկա «հում առաջարկ» ձևակերպումը գործող նախագահինը չի լինի։ Փաստորեն կրկին ակնարկվում է, թե ինչ–որ մութ ուժեր են Սերժին ստիպել «հում» գնահատել Րաֆֆու առաջարկները։ Իրոք որ՝ «ազատամարտի ռահվիրան» ու համատեղությամբ նաև բարի մարդն ինչպե՞ս կարող էր նման բան գրել Րաֆֆուն։ Հաստատ Սերժի նամակը ճանապարհին բացել են չար օլիգարխները, մեջն ավելացրել «հում» բառն ու նոր միայն ուղարկել Րաֆֆիին։

«Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանրահավաքի ժամանակ մեծ ոգևորությամբ ընթերցում է մի ՀՀԿ–ականի տեսակետ, որտեղ խոսվում է Սերժի ու Րաֆֆիի համատեղ գործունեության և իշխանության մեջ առկա կոռումպացված թևից միասնաբար ազատվելու մասին։ Հովսեփին դուր է գալիս ՀՀԿ–ում առկա այդ լավ մարդկանց ներկայությունը։ Այ, կշատանան նրանք Սերժի շրջապատում, և կոալիցիայի մեջ մտնելու գաղափարը վերջապես կյանքի կկոչվի՝ հանուն ժողովրդի շահի, բնականաբար։

Րաֆֆու հանրահավաքները վարող Արմեն Մարտիրոսյանն ավելի հեռուն գնաց ու արդեն բաց տեքստով ներկայացրեց իրենց պայքարի բուն նպատակը։ Ըստ Մարտիրոսյանի՝ իշխանության մեջ կան թևեր, որոնք լուռ պայքարի մեջ են։ Մի թևը, ըստ նրա, կոռումպացված է և չի ուզում, որ Սերժը գա հրապարակ՝ Րաֆֆու հետ երկխոսության, իսկ մյուս՝ երիտասարդներից կազմված ու քաղաքական մտածողությամբ օժտված թևը, ողջախոհ է և ամեն ինչ անում է, որ Սերժը գա Րաֆֆուն բարևելու։ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ հրապարակում հավաքվածների աջակցությամբ «ողջախոհները» կհաղթեն, ու տեղի կունենա այդքան սպասված երկխոսությունը։

Ինչպես հետագայում պարզվեց, այդ երկխոսությունը պաշտոնների շուրջն է լինելու, քանզի Րաֆֆին չի ուզում նախագահ դառնալ, այլ ուզում է, որ Սերժը պաշտոնների նշանակի ժողովրդական նախարարների, ժողովրդական դատախազի և այլն։ Իրոք որ՝ «հեղափոխական» մոտեցում։

Հետաքրքիր է՝ հրապարակում հավաքվածները գիտե՞ն, որ իրենց խնդիրն իշխանության ողջախոհն թևին (իրականում՝ նեոբոլշևիկյան գաղափարներով առաջնորդվող և երկրում ստեղծված գաղջ մթնոլորտի հիմնական պատասխանատու) աջակցելն է։ Արդյոք ընտրակեղծիքներից բողոքողները, ինչպես Սերժի տատը կասեր, դրա՞ համար են հավաքվում հրապարակում։ Ինչևէ։

«Ժառանգությանն» օգտագործելով երիտօլիգարխիան կհաջողացնի՞ արդյոք Սերժի հետ միասին «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել ու սեփականաշնորհել պետությունը, թե՞ ոչ, այս պահին դժվար է ասել։ «Քաղաքացիական սեկտորի» անվան տակ նախագահականից «Ժառանգության» ցուցակ գործուղված Թևան Պողոսյանն ապացույցն է այն բանի, որ եթե ոչ իշխանության մեջ, ապա «Ժառանգություն» կուսակցության ներսում հաղթել է իշխանության «ողջախոհ» երիտթևը՝ երիտօլիգարխիան։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Խորհրդարանական ընտրությունների փուլում Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի միջև առկա գործարքային հարաբերությունների թեմայով ուշագրավ հրապարակումներ ունի ներկայումս Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչ ինչ հաշվարկներից ելնելով, աջակցող Վահան Իշխանյանը։

«Ուրեմն, մանկապարտեզում կարող են համոզել, թե առանց Սերժ Սարգսյանի հետ գործարքի Թևան Պողոսյանը կարող էր հայտնվել Ժառանգության ցուցակում,– գրում է Իշխաննյանն ապա ավելացնում,– Րաֆֆի Հովհաննսիյանն էլ, թեև կարողանում է 16 օր հաց չուտել և 48 ժամ ոտքի վրա կանգնած մնալ, բայց կարծես, բավարար կամք չի ցուցաբերում, թեկուզ ժամանակավոր ֆինանսական դժվարություններ կրելով, ինքնուրույն մնալ մինչև կգան ավելի բարենպաստ ժամանակներ: Փոխարենը  փորձում է մտնել ԱԺ որոշ ընտրազանգված զոհելու գնով: Այս պահին դժվար է ասել այդ ընտրազանգվա՞ծն է ավելի թանկ ԱԺ մուտք գործելու համար, թե՞ իշխանության աջակցությունը, որը կարող է վճռորոշ պահին չլինել»։

Իշխանյանի հոդվածն ամբողջությամբ տե՛ս http://www.tert.am/blog/?p=3177 ։

Այս խորագրի վերջին նյութերը