Մեկնաբանություն

28.03.2013 20:32


Մարգո՞, թե՞ Նովո. կեղծ երկընտրանք

Մարգո՞, թե՞ Նովո. կեղծ երկընտրանք

Իշխանության ներսում, մասնավորապես ՀՀԿ–ում, ընտրական գործընթացների հետ կապված աշխատանքի հստակ բաժանում կա։ Այսպես կոչված օլիգարխները՝ մականունավոր փողատերերը և հայերեն վատ խոսող կիսակրիմինալ դեմքերը զբաղված են բուն ընտրակեղծիքների կազմակերպման գործով, իսկ ուսյալ–կրթյալ ՀՀԿ–ականները՝ ընտրակեղծիքների շնորհիվ մենաշնորհային իշխանություն ձևավորած Սերժ Սարգսյանի գովքով, այսինքն՝ ընտրակեղծիքների «գաղափարական» հիմնավորմամբ և ընտրակեղծարարների փաստաբանությամբ։

Այլ կերպ ասած՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Նահապետ Գևորգյանը (Նովո) և մյուս տղերքն իրենց ենթակայության տակ գտնվող ընտրատեղամասերում «խփում» են Սերժի տոկոսները, իսկ ուսյալ–կրթյալի իմիջ ունեցող ՀՀԿ–ականներ Մարգարիտ Եսայանը, Շուշան Պետրոսյանը և մյուսները քարոզչական դաշտում են կեղծում իրականությունն ու կոչ անում հանրությանը ամեն ինչում լավը տեսնել և չդժգոհել կեղծիքներից։ Այսինքն՝ այս երկու տեսակն էլ զբաղված է նույն գործով, բայց տարբեր ֆունկցիաներ ունի։

Գեբելսի ու համակենտրանացման ճամբարում աշխատող դահիճների տարբերությունը

Հիմա հարց է առաջանում. ո՞ւմ վարքագիծն է հանրայնորեն ավելի վտանգավոր ու ավելի քննադատելի՝ մարգոների՞նը, թե՞ նովոներինը։

Հարցին պատասխանելուց առաջ եկեք մի փոքր պատմական էքսկուրս կատարենք։ Ֆաշիստական Գերմանիայում հրեաներին գնդակահարում էին, նրանց վրա գիտափորձեր անում և գազախցիկներում խեղդում։ Համակենտրոնացման ճամբարներում մարդակերության սև աշխատանքն իրականացնում էին Հիտլերին ծառայող շարքայինները։ Իսկ ահա ֆաշիստական իշխանության վերնախավը ներկայացնող ուսյալ–կրթյալները գեբելսյան քարոզչության օգնությամբ հիմնավորում էին հրեաներին ցեղասպանության ենթարկելու գաղափարական անհրաժեշտությունը։ Հիմա ո՞վ էր ավելի վտանգավոր՝ Հիտլերը, Գեբելսը և նրանց ենթակա քարոզիչնե՞րը, թե՞ նացիզմի գաղափարախոսությանը ծառայող գազախցիկի դուռը բացող–փակողները։ Մարդկությունը տվել է այդ հարցի պատասխանը՝ Հիտլերը, Գեբելսն ու նրա գաղափարակիցները։ Պատահական չէ, որ Նյուրնբերգյան դատավարության հետևանքով ամենադաժան պատժի ենթարկվեցին նացիստական ուժերի ուսյալ ու կրթյալ հատվածը ներկայացնող դեմքերը, այլ ոչ թե բուն մարդասպանները։

Ասելս այն է, որ հանցագործություն կատարողները, որպես կանոն, ավելի նվազ վտանգ են ներկայացնում հանրության համար, քան հանցագործություն պլանավորողները, այն թաքցնողները, հանցագործությունն արդարացնողներն ու դրան գաղափարական հիմնավորում տվողները։

Մարգո VS Նովո

Վերադառնալով մեր իրականություն՝ նկատենք, որ մեզանում Սերժ Սարգսյանը ձգտում է միահեծան ու ամբողջատիրական իշխանության՝ թաքնվելով «արևմտամետության» և «բարեշրջումների» քողի տակ։ Այս պայմաններում կեղծիքներն արդարացնող ուսյալ–կրթյալները մեր հանրության դեմ ավելի մեծ հանցանք են գործում, քան ընտրատեղամասերում «գազախցիկները» քվեաթերթիկներով լցոնող նովոները, քանզի վերջիններս կատարողներ են, իսկ ահա մարգոները գրագետ հայերենով փորձում են արդարացնել ընտրական «ֆաշիզմը»։

Երեկ հյուրընկալվելով «Կենտրոն» հոռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին՝ նախկին լրագրող և նորաթուխ ՀՀԿ–ական Մարգարիտ Եսայանը փորձում էր, պատկերավոր ասած, ապացուցել, որ չորս ոտքը լավն է, քան երկուսը։ Նա մեզանում տիրող գաղջ մթնոլորտի համար պատրաստ էր մեղադրել ինքն իրեն, Պետրոս Ղազարյանին, անթրաշ տաքսիստին, բայց ոչ ընտրակեղծիքների գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին։ Մարգարիտ Եսայանն այնպիսի էնտուզիազմով էր արդարացնում իշխանության ձախողումները, որ պարզապես ապշել կարելի էր. մարդը մեկ տարվա ընթացքում հասցրել է հավատալ և փոխվել։

Ես երբևէ չեմ տեսել, որ նովոները նման բան անեն։ Նրանք կեղծում են ու քաշվում տներով։ Նովոներն ընդամենը կեղծիքի գործիքներ են, որոնց շատ հանգիստ կարելի է օրենքի ուժով տեղը դնել ու հանրության համար դարձնել անվնաս։ Իսկ ահա մարգոներն արտաքուստ հանցանք չեն գործում, բայց նրանց արածը հանրային տեսանկյունից ավելի վտանգավոր է։

Նովոները խեղում են մարդկանց «մարմինը», իսկ ահա մարգոները՝ միտքն ու հոգին։ Նովոները կեղծիքի բութ գործիքներ են, իսկ մարգոները՝ հայկական «ռազլիվի» գեբելսյան քարոզչության մասնիկներ։ Նովոները կեղծում են, իսկ մարգոներն ուզում են ապացուցել, որ կեղծիք չկա, և ամեն ինչ կարգին է, իսկ նրանք, ովքեր խնդիրներից են խոսում, պարզապես սև ակնոցներ կրող և գաղջ մթնոլորտ ձևավորող մարդիկ են։

Թե որքանով է ճիշտ հարգարժան պատգամավորուհին, ով, ի դեպ, նախկինում «թունդ ընդդիմադիր» հրապարակումներով էր հանդես գալիս, թող դատեն մեր ընթերցողները։

Մարգո՞, թե՞ Նովո. ո՞վ է ավելի շատ նպաստում գաղջ մթնոլորտի ձևավորմանը

ՀՀԿ–ական Մարգարիտ Եսայանի նախկին ղեկավար և հայտնի լրագրող Արամ Աբրահամյանը, մասնակցելով Սերժ Սարգսյանի ինքնաասուլիսին, հետևյալ հարցն էր տվել. «Պարո՛ն Նախագահ, պաշտոնյաները երկու տարվա ընթացքում խոսում են բիզնեսը և քաղաքականությունը բաժանելու մասին, և նաև Դուք եք խոսել այդ մասին, նաև խոսում էիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որ օլիգարխների, հարուստ պաշտոնյաների մուտքը խորհրդարան արգելվելու է, չի թույլատրվելու: Բայց նրանք, այնուամենայնիվ, մտան խորհրդարան: Ի՞նչն էր խանգարում Ձեզ Ձեր կուսակցության մասով հորդորել Հանրապետական օլիգարխներին՝ չմտնել խորհրդարան, և ի՞նչ է խանգարում հիմա, որ Դուք դա անեք, հորդորեք, խնդրեք, որ նրանք դուրս գան խորհրդարանից և հնարավորություն տալ, որ խորհրդարանում աշխատեն ավելի կրթված, ավելի զարգացած մարդիկ, որովհետև նրանց կրթական ցածր մակարդակը և նրանց ներկայությունը խորհրդարանում զայրացնում է մարդկանց»։

Փաստորեն, ըստ Աբրահամյանի՝ մարդկանց զայրացնում է ոչ թե Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան–Միքայել Մինասյան «տրոյկայի» վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, այլ, ասենք, Նովոյի պառլամենտում գտնվելը։ Մարդիկ արտագաղթում են, քանզի պառլամենտում ավելի շատ նովոներ կան, քան մարգոներ։ Բան չունեմ ասելու, տեսակետ է։ Բայց արդյոք սա՞ է հարցերի հարցը։

Մի կողմ թողնելով այն փաստը, որ մի փոքր տարօրինակ է երկրի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանից հակաօլիգարխիկ պայքար ակնկալելը՝ նկատենք, որ Աբրահամյանի տված հարցի ենթատեքստն ամբղջությամբ տեղավորվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված այն թեզի մեջ, ըստ որի՝ Հայաստանում տիրող իրավիճակը ոչ թե հետևանք է վարվող կուրսի, այլ այն բանի, որ ԱԺ–ում կան չար օլիգարխներ։ Այ, կփոխի Սերժը նրանց կրթված ու զարգացած մարդկանցով, ինչպիսին, օրինակ, Մարգարիտ Եսայանն է, կյանքը մեզանում կդառնա մեղր։ Թե որքանով է այդ բարի հեքիաթը համապատասխանում իրականությանը, և որքանով են «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը ծառայող մարգոներն ավելի լավը, քան պոտենցիալ կուլակաթափվողներ նովոները, կարող ենք դատել ոչ վաղ անցյալի պատմական իրադարձություններն ուսումնասիրելով։

Չեմ կասկածում՝ Ա. Աբրահամյանը գիտի, որ միահեծան համակարգերում բոլորը հավասար են, իսկ ոմանք ավելի հավասար։ Հետևաբար՝ մի փոքր անհասկանալի է, թե ինչու է շրջանառության մեջ դրվում քաղաքականության հետ կապ չունեցող «լավ–վատ», «չար–բարի» կեղծ դիլեմաները։

Փակ տնտեսաքաղաքական խաղի կանոնների և քաղաքական մենաշնորհի պայմաններում նովոներին մարգոներով փոխարինելու «Մարշալ–պլանը» կարող է օգուտ տալ միայն նեոբոլշևիկյան ծրագրերով առաջնորդվող մարդկանց նեղ խմբին, բայց ոչ հանրությանը։ Սա աքսիոմա է։

Օրինակ՝ սովետական տարիներին քաղբյուրոն որոշում էր, թե քանի կթվորուհի, քանի մտավորական, քանի կոմբայնավար պետք է ներկայացված լինի Գերագույն խորհրդում։ Նրանք, ովքեր ԳԽ համագումարում էին հայտնվում, գիտեին վարժ խոսել, ինչպես Մարգարիտ Եսայանը և վարժ քվեարկել, ինչպես նույն Մարգարիտ Եսայանն ու Նահապետ Գևորգյանը։ Դրանից ՍՍՀՄ–ն ավելի լա՞վն էր դառնում, քան «փտած» կապիտալիստական երկրների խորհրդարանները։ Ի դեպ, ՍՍՀՄ խորհրդարանում օլիգարխներ չկային։ Եվ ի՞նչ։

Սովետն ի վերջո փլուզվեց դատարկախոսությամբ զբաղվող ղեկավարության, կուսնոմենկլատուրայի և դեմագոգիայով զբաղվող քարոզիչների, այլ ոչ թե թալանչի պահեստապետների պատճառով։ Պահեստապետներն ընդամենն օգտվում էին ուսյալների կողմից ստեղծված իրավիճակից ու սովետական համակարգի արատներից։ Այնպես որ, մեր առաջադեմ մտավորականությունը պետք է վերանայի իր պատկերացումները, դուրս գա սովետական «կլիշեներից» և պայքարի համակարգային փոփոխության հասնելու համար, այլ ոչ թե բարի վոժդից բարի գործեր ակնկալի։

Պետք է ձգտել  ստեղծելու զսպումների և հակակշիռների մեխանիզմով գործող իշխանության ճյուղեր, մրցակցային տնտեսաքաղաքական համակարգ և առողջ կոդեր ունեցող քաղաքացիական հասարակություն։ Նման պայմաններում անգամ չար մարդիկ եթե հայտնվեն պետական համակարգում, ապա ստիպված կլինեն բարի, այն է՝ հանրօգուտ աշխատանք կատարել։ Հասարակության տարբեր շերտերի շահերի բախումից միայն կարող է արդյունավետ լուծում ծնվել։ Իսկ եթե ԱԺ–ում ունենաք Սերժ Սարգսյանի կողմից նշանակված 131 ՀՀԿ–ական ակադեմիկոս և մեկ օլիգարխի տնտեսություն, ապա Հայաստանը շատ արագ կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից։  

Իհարկե, լավ կլինի, որ մեր խորհրդարանում և ընդհանապես պետական կառավարման համակարգում, ինչպես Ա. Աբրահամյանն է ուզում, աշխատեն բանիմաց ու զարգացած մարդիկ, բայց եթե գործող համակարգը մնա, կամ ինչպես Ս. Սարգսյանն ու երիտօլիգարխիան է ուզում՝ մեկ մարդու վրա «կարված» երկիր դառնանք, ապա ամեն ինչ, անկախ միջին ու ստորին օղակներում հայտնվածների մարդկային ու մասնագիտական որակներից, դեպի վատը կգնա։

Լրագրող եղած ժամանակ, օրինակ, Մարգարիտ Եսայանը բավական համարժեք էր գնահատում իրավիճակը և հանրությանն օգուտ էր տալիս իր հրապարակումներով, բայց հենց որ հայտնվեց ՀՀԿ–ում և կեղծիքներով ձևավորված խորհրդարանական մեծամասնության կազմում, դարձավ ուսյալ–կրթյալ «Նովո», ինչը պետք է ցավով արձանագրել։

Եվ ուրեմն, խնդիրն այն չէ, որ ԱԺ–ում պետք է նովոներին փոխարինել մարգոներվ։ Մարգո՞, թե՞ Նովո երկընտրանքն, իրականում, խոշորագույն բլեֆ է։ Իսկ եթե ոմանք անպայման ուզում են գործող համակարգի պայմաններում այդ տեսակների մեջ ընտրություն կատարել, ապա ասեմ, որ նովոները շահեկանորեն տարբերվում են մարգոներից՝ վերը նշածս հիմնավորումներից ելնելով։ Հետևե՛ք Երևանի ավագանում ներկայացված ՀՀԿ–ական «անլեզու» ուսյալների, մեծապատիվ մտավորականների ու հաստիքային  իշխանամետների գործունեությանը, և ամեն ինչ պարզ կդառնա։

ԱԺ–ում նախևառաջ պետք է լինեն ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի կողմից նշանակված մարդիկ։ Սա՛ է դրական փոփոխությունների ճանապարհը, այլ ոչ թե բարի Սերժի մասին պատմվող հեքիաթների քարոզն ու «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շրջանակներում արվող «բարեշրջումները»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը