Քաղաքական

30.06.2009 17:08


Հայկազուն Ալվրցյան. « ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ ջավախահայության ոգին ջարդել են, նրանց կամքը կոտրել և պարտադրել լռել»

Հայկազուն Ալվրցյան. « ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ ջավախահայության ոգին ջարդել են, նրանց կամքը կոտրել և պարտադրել լռել»

- ՀՀ կառավարությունը սխալմամբ կարծում է, թե այս շքանշանով վրացիներին կարողանում է ավելի վստահելի գործընկերոջ կարգավիճակի մղել, վստահություն ներշնչել և պրոհայկական տրամադրել,- խոսելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Հայաստան կատարած այցի և ՀՀ նախագահի կողմից նրան Պատվո շքանշան շնորհելու մասին՝ ասել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։

Նրա խոսքերով՝ Սահակաշվիլիին շքանշանով պարգևատրելը սխալ է թե՛ բարոյական, թե՛ քաղաքական տեսանկյունից։

- Մի նախագահի, ով սեփական երկրում մեծամասնության կողմից անվստահություն է վայելում, չէր կարելի նման պարգևի արժանանցել, որովհետև, ուզես թե չուզես, դա ընկալվում է, թե դու աջակցություն ես հայտնում նրան,- ասել է նա։

Հայկազուն Ալվրցյանը կարծում է, որ ՀՀ իշխանություններն այդ քայլով վիրավորել են նաև ջավախահայությանը և վիրահայությանը, որովհետև Սահակաշվիլին միշտ էլ հակահայկական դրսևորումներ է ունեցել. «ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ ջավախահայության ոգին ջարդել են, նրանց կամքը կոտրել և պարտադրել լռել»։

Նրա խոսքերով՝ Սահակաշվիլին, զգալով բազմաթիվ լուրջ դժվարություններ թե՛ ներքին, թե՛ արտաքին կյանքում, ցանկանում է նոր ռազմավարական դաշնակից ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի։

Պատասխանելով «7օր»-ի հարցին՝ թե Հայաստան կատարած այցից հետո ինչպիսի՞ զարգացումներ են սպասում հայ-վրացական հարաբերություններում, Հայկազուն Ալվրցյանը պատասխանել է՝ ոչ մի։

-Ոչինչ  չի սպասվում, որովհետև այդպիսի սպասելիքներ օրակարգում չկային։  ՀՀ իշխանություններն ազգային օրակարգ չունեն, քաղաքական ծրագիր չունեն, և դա մշտապես վնասել ու վնասելու է մեզ,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը