Մեկնաբանություն

29.03.2013 19:35


Օսկանյանը իմաստալից դարձրեց Աշոտյանի աշխատանքային առօրյան

Օսկանյանը իմաստալից դարձրեց Աշոտյանի աշխատանքային առօրյան

Երբ արծիվը տեսնում է, թե ինչպես է օձը հասել

շատ բարձր լեռան գագաթին՝ հետաքրքրվում է,

թե ինչպես է օձին դա առանց թռչելու թևեր

ունենալու հաջողվել։

–Սողալով, սողալով,– պատասխանում է օձը։

. . .

Վերջապե՛ս։

Վերջապես Արմեն Աշոտյանը գիտի, թե ինչ պետք է անել աշխատանքի վայրում։ Վերջապես նա հնարավորություն ունի «վերևներին» ցույց տալու, որ արդարացված էր իրեն «կարմիրշորտիկավորների» բրիգադիրից աճեցնելն ու նախարարի աթոռին նստեցնելը։ Վերջապես Աշոտյանը կարող է դադարեցնել Կրթության նախարարի աթոռի վրա աչք ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանի PR–ն անելու նվաստացուցիչ գործը և անցնել իր բուն պարտականությանը։ Եվ վերջապես Աշոտյանը կարող է նախարարությունն իր բարեկամների ու փեսա–բաջանաղների հավաքատեղիից բացի վերածել Բաղրամյան 26–ին կից «մուտիլովկաներով» զբաղվող արտադրամասի։

Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ ցուցակը գլխավորում է Վարդան Օսկանյանը։ Սույն փաստն անասելի ուրախություն է պատճառել և ոգևորության աղբյուր դարձել նախկին արտգործնախարարի տասնամյա գործունեության ընթացքում նրա քաղաքական հենարաններից մեկը հանդիսացող ՀՀԿ–ի անդամ Արմեն Աշոտանին։

Կրթության նախարարը, կարելի է ասել, վերգտել է իր «Ես»–ը, որը կորցրել էր նախագահական ընտրությունների ժամանակ, քանզի «ֆեյք» ընտրությունների ընթացքում Բաղրամյան 26–ը նրան չէր օգտագործում, իսկ եթե օգտագործում էր, ապա Րաֆֆիի օգտին «ստատուսներ» գրելու համար։ Համաձայնե՛ք, որ քստմնելի և մազոխիստական աշխատանք է շեֆիդ հաճախորդի օգտին քարոզ անելը, մանավանդ որ հետո հրաժարականդ են պահանջելու և ենթակայիդ են առաջարկելու քո փոխարեն։

Հիմա լրիվ այլ իրավիճակ է։ Աշոտյանը վերադարձել է իր հիմնական դերակատարմանը՝ իշխանական տիրույթից շեֆի իրական հակառակորդների դեմ գեղամյանություն անելուն։

Փաստորեն, Օսկանյանն իմաստալից դարձրեց համարյա բոլոր իշխանությունների համար «կարմիրշորտիկավորություն» արած և դրա շնորհիվ մինչև նախարարի աթոռին հասած մարդու աշխատանքային առօրյան։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Արմեն Աշոտյանը իներցիայով դեռ շարունակում է ծառայել «ժառանգության» ղեկավարին։ Նա այսօր մտահոգություն է հայտնել առ այն, որ Օսկանյանն ուզում է տրոհել Րաֆֆու ձայները։ Փաստորեն, նախարարի պաշտոնին հասած մարդը շատ բարի է ու հանդուրժող։ Իսկը Սերժի կտորն է հա՜...

Այս խորագրի վերջին նյութերը