Մեկնաբանություն

31.03.2013 14:30


Ի՞նչ պաշտոն պետք է տալ Րաֆֆի Հովհաննիսյանին

Ի՞նչ պաշտոն պետք է տալ Րաֆֆի Հովհաննիսյանին

Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի համար «ֆեյք» մրցակցի ֆունկցիա կատարած Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական շրջանում շարունակում է «ֆեյքի» իր դերակատարումը։ Նա հիմա «ֆեյք» ընդդիմություն է խաղում և փորձում հանրության ուշադրությունը շեղել Երևանի ավագանու ընտրություններից։

Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը նոր խոսք է հաճախորդացման ոլորտում։ Նա տարբերվում է մեր իմացած բոլոր հաճախորդներից։ Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Վիկտոր Դալլաքյանը և այլք իրենց դերը կատարելով՝ ինքնամեկուսացան հանրությունից։ Րաֆֆին այդպես չի վարվում։ Նա անգամ Սերժ Սարգսյանին ծառայելու պատրաստակամության մասին հայտնում է Ազատության հրապարակում և իր գեղամյանությունը մատուցում այնպիսի պաթոսով, կարծես քիչ հետո գնալու է Բաղրամյան 26–ը գրավելու։

Րաֆֆին սիրում է նաև համեստաբար իրեն նույնացնել ժողովրդի հետ և հանդես գալ ժողովրդի հետ, ինչը նշանակում է, որ նա պատրաստ է Սերժի հաճախորդ դարձնել ժողովրդին, եթե իհարկե՝ դրա դիմաց պաշտոն–մաշտոն ստանա։

Եթե Սերժի մյուս հաճախորդների հիմնական զենքը սոցիալ–պոպուլիզմն էր, ապա Րաֆֆու մոտ կա «կրոնական» և «հոգևոր» պոպուլիզմ։  Նա հանդես է գալիս որպես «հոգևոր հովիվ», այլ ոչ թե քաղաքական գործիչ։ Աստծո անունը հաճախ տալով և ցուցադրական քայլեր կատարելով (ծոմ, մոմավառություն, խաչակնքում և այլն)՝ նա փորձում է պաշտպանիչ շերտ ստեղծել իր համար ու մարդկանց պարզունակ հույզերի վրա խաղալ։

Րաֆֆին այնքան հեռու գնաց «հոգևոր» բնույթի բլեֆ անելու հարցում, որ խոստացավ դիակ դառնալ, եթե Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա Վեհամոր Ավետարանի վրա։ Դիակ դառնալու խոստումը հանրությանն այպիսի պաթոսով և դեմքի այնպիսի «խարակիրիական» արտահայտությամբ մատուցվեց, որ ոմանք այն ընկալեցին որպես Հիսուսի խաչվելուն համարժեք մի բան։ Սրտից թույլ «մտավորականությունն» այդ «կուտը» կերավ և էքստազի մեջ ընկավ։

Մեռելապաշտ հայ «մտավորականության» համար ի վերին Երուսաղեմ ճամփորդ դառնալու պատրաստ Րաֆֆին գրեթե Աստծո որդի ընկալվեց ոմանց կողմից։ Ասել է թե՝ Րաֆֆին Սերժի երդումից առաջ հասցրեց պղծել ու կեղծել շատ ու շատ արժեքներ։

Թեև նա հայտարարել էր ստադուլի ու կեղծիքադուլի մասին, սակայն ամեն Աստծո օր նա ստում էր։ «Իրավատերը» խոստացավ «զադնի» չտալ, բայց զուգահեռաբար Սերժից պաշտոններ մուրաց։ Նա խոստացավ մինչև ապրիլի 9–ը դուրս չգալ հրապարակից ու պահել հացադուլը, բայց Սերժի կոպիտ հրահանգից հետո ազատեց տարածքը։ Ավելի քան երկու շաբաթ հացադուլ անողի համար կասկածելի առույգ տեսք և խրորխտ ձայն ունեցող Րաֆֆին դուրս եկավ հրապարակից և գնաց Լիսկայի մոտ։

«Միայն իմ դիակի վրա» խոստում–շանտաժով նա իրականում փորձում էր Սերժ Սարգսյանից ավելի շատ բան պոկել, բայց իր կյանքում բազում դիակներ տեսած Սերժը տեղի չտվեց այդ մանր ժուլիկի ճնշումներին։ Րաֆֆուն դրանից հետո արդեն այլ բան չէր մնում, քան զավեշտալի գործողության՝ Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո «կրոնական» բնույթի պատրվակով «կեղծիքադուլից» դուրս գալը։

«Դիակ» օպերացիան չաշխատեց, և Րաֆֆին «զադնի» դրած հիմա կշարունակի իր հակալիսկայական քարոզչությունն ու իշխանության «ողջախոհ» երիտթևին ծառայությունների մատուցումը։

Այժմ զուտ սպորտային հետաքրքրության հարցի է վերածվել, թե ինչով է ավարտվելու այս թատրոնը։ Ակնհայտ է, որ Րաֆֆին չի ստանալու այն, ինչ ուզում էր, քանզի իր գնից մի զրո ավել է պահանջել։

Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ Սերժ Սարգսյանին կարելի է խորհուրդ տալ «Ժառանգության» առաջնորդին Կաթողիկոս նշանակել։ Րաֆֆին ամբողջությամբ համապատասխանում է այդ դերին. հա՛մ իշխանության կողքին է, հա՛մ «տերտերական» առոգանություն և կեղծ պաթոս ունի, հա՛մ ցուցադրական ծոմապահության փորձ ունի, հա՛մ հնազանդվելու պատրաստակամություն։ Բացի այդ՝ Րաֆֆին կարող է հրապարակներում քարոզել Սերժի լեգիտիմությունը և «ընդդիմադիր» դիրքերից այնպես քծնել Սերժին, որ էլ դու սուս։ Նման բան չի արել ու հազիվ թե անի Գարեգին Բ–ն, իսկ ահա Րաֆֆին արդեն իսկ զբաղված է դրանով, բայց պակասում է կարգավիճակն ու Կաթողիկոսի հագուստը։

Րաֆֆին կարող է նաև կեղծ «քաղաքացիական» արժեքներից խոսող Կաթողիկոս դառնալ ու իշխանությունների բոլոր «մուտիլովկաները» կազմակերպել «հոգևոր» դիրքերից։ Սա «կրեատիվ» մոտեցում կլինի և «հորիզոնական» հարաբերությունների գործնական կիրառում։

Որպես «հոգևոր» բիզնես–դաշտի Օստապ Բենդեր՝ Րաֆֆին լավագույնս է համապատասխանում Սերժին կից հոգևոր դասի ղեկավարի պաշտոնին։ Այնպես որ, «երկխոսությունն» ավելի գործնական ոլորտ տեղափոխելու համար  այդ ուղղությամբ պետք է մտածել մինչև ապրիլի 9–ը։

Րաֆֆին խոստացել է պաշտոնի դիմաց ճանաչել ընտրակեղծիքների արդյունքում «խփված» տոկոսները։ Կարծում ենք, որ ճիշտ կլինի՝ հենց նա էլ ապրիլի 9–ին Սերժին մատուցի Վեհամոր Ավետարանը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը