Մեկնաբանություն

01.04.2013 14:21


Ինչպես դառնալ «քաղաքագետ»

Ինչպես դառնալ «քաղաքագետ»

Հայաստանում ամանահեշտ բանը քաղաքագետ դառնալն է։ Խոսքս, իհարկե, չակերտավոր քաղաքագետների մասին է։

Իսկ ի՞նչ է պետք «քաղաքագետ» դառնալու համար։ Շատ քիչ բան կամ ընդհանրապես ոչ մի բան։

Գնում ես մամլո ասուլիսի կամ հարցազրույց ես տալիս «դեղնակտուց» մի լրագրողի և խնդրում, որ քո անուն–ազգանվան դիմաց նշվի քաղաքագետ։ Վե՛րջ։ Ուրիշ բան չի պահանջվում։

Հայ «քաղաքագետի» համար շատ կարևոր է, որպեսզի այս կամ այն երևույթի վերաբերյալ իր նախորդ գնահատականը կտրուկ տարբերվի հաջորդ գնահատականից։ Կարևոր է նաև, որ «քաղաքագետի» ոչ մի կանխատեսում չիրականանա։ Մեր հանրությունը շատ հանդուրժող է և աչքի չի ընկնում «քթիմազությամբ». ինչ ուզում ես ասա, միևնույն է, քեզանից պատասխան չեն պահանջելու նախորդ ասածներիդ համար։

«Քաղաքագետ» դառնալու համար ավելի հեշտ ձև էլ կա։ Ընդամենը պետք է դեմքի լուրջ արտահայտությամբ և «բազեական» խորաթափանցությամբ օգտագործել, օրինակ, «տրանզիտային ժողովրդավարություն» տերմինը, ու դու պաթոլոգ–անատոմից վերածվում ես «թույն» քաղաքագետի։ Մնացածն արդեն լեզվանիության և տեխնիկայի հարց է։

«Քաղաքագետ» դառնալու համար պարտադիր պայման  է նաև համապատասխան կրթության բացակայությունը։ Դիպլոմն այլևս կորցրել է իր արդիականությունը։ Մեկ–երկու ծիկրակոց Մաշտոցի պուրակում, մի քանի այց Սերժ Սարգսյանից պաշտոն ստանալու ակնկալիքով «կեղծիքադուլի» նստած Րաֆֆի Հովհաննիսյանին, երեք հատ «ստատուս» Ֆեյսբուքում ու չորս հատ «քոմենտ» այլ «ստատուսների» տակ, և դու այլևս «քաղաքագետ» ես, այն էլ՝ «կրեատիվ» մտածողությամբ «քաղաքագետ»։ Դե իսկ եթե մտածողությունդ «անկախ» է, ապա «ստատուսդ» տեղ կգտնի «blognews»–ում. և դու արդեն կարող ես տալ–անցնել պաթոլոգ–անատոմին։

Մի խոսքով՝ որքան Հայաստանի վիճակը վատանում է, այնքան «քաղաքագետները» շատանում են։ Կամ էլ հակառակը։ Իսկ դա նշանակում է, որ փորձագիտական դաշտը լուրջ ինվենտարիզացիայի կարիք ունի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը