Լրահոս

03.04.2013 16:16


Արմեն Ռուստամյան. «Ընդդիմադիր կեցվածք ունեցող գյուղապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս»

Արմեն Ռուստամյան. «Ընդդիմադիր կեցվածք ունեցող գյուղապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս»

Պռոշյան գյուղի դաշնակցական գյուղապետի սպանության մեջ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) քաղաքական ենթատեքստ է տեսնում:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտել է, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող գյուղապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս: 

50-ամյա դաշնակցական Հրաչ Մուրադյանը սպանվել էր երեքշաբթի առավոտյան գյուղապետարանի բակում: Գյուղապետը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակված հրազենային վնասվածքից:

«Միանշանակ քաղաքական ենթատեքստ ունի, եւ բնականաբար, իշխանություններն ամեն ինչ անում են, որ այդ ենթատեքստը չերեւա, որովհետեւ մենք վաղուց ենք նույն իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հրաչի շուրջ անընդհատ լարվածություն կար` շատ պարզ պատճառով, ոմանց ձեռք չէր տալիս այն լայն ժողովրդականությունը, որ ուներ Հրաչը: Բնականաբար, այդ համայնքը բավականին մեծ է, եւ Երեւանին այդքան մոտիկ համայնքում ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող ոչ իրենց կուսակցությանը պատկանող համայնքապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս», -հայտարարել է Ռուստամյանը:

Հարցին, թե շատերին ասելով կոնկրետ ո՞ւմ նկատի ունի, ԳՄ ներկայացուցիչը պատասխանել է.

«Հիմնականում պայքար միշտ եղել է այդ դաշտում, ոչ միայն հանրապետականների հետ: Գլխավոր խնդիրն այն է եղել, որ փոխեն Հրաչին, եւ այդ լարվածությունը անընդհատ նկատվում էր նրա շուրջ: Անգամ եղել են դեպքեր, որ փորձել են ահաբեկչության կոնկրետ քայլեր կատարել նրա նկատմամբ: Չկարողացան բացահայտել, թե` ով: Բացի դրանից անընդհատ ստուգումներ. ինչպես միշտ պատահում է, եթե թեկնածուն կամ համայնքապետը մեծամասնությունից չէ, իշխանության ներկայացուցիչ չէ, ստուգումներ անպակաս են: Այսինքն հանգիստ կյանքով չի ապրել Հրաչը, եւ դա կտրել այդ ենթատեքստից ու փորձել ինչ-որ կենցաղային դաշտ տեղափոխել, նշանակում է շեղել քննությունը»:

«Գյուղապետը նոր էր ընտրվել, դեռ երկար ժամանակ ուներ պաշտոնավարելու, տեսան, որ չեն կարողանում ընտրությունների միջոցով դա կատարել, անցան հայտնի մեթոդների», - ենթադրում է Ռուստամյանը:

Այս խորագրի վերջին նյութերը