Մեկնաբանություն

03.04.2013 16:25


«Բարիներն» ընդդեմ Հայաստանի

«Բարիներն» ընդդեմ Հայաստանի

Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի երկրում ստեղծված հարցերը քննարկվեն ոչ թե քաղաքական, այլ ապաքաղաքական՝ բարի և չար հարթությունների մեջ։

Արդեն սկսել են մարդկանց բաժանել բարի և չար խմբերի։ Ինքնին հասկանալի է, որ Սերժն իրեն դիրքավորում է այսպես կոչված բարի դաշտում։

Ըստ «անկախ» լրատվամիջոցների՝ «դոբրիի մեջ» է նաև Սերժի հետ նամակագրական կապի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը, ով զբաղված է Հիսուսի խաչելության և թաղման ցավը մեկ րոպե լռությամբ հարգելու և Լիսկայի դեմ սրբազան պատերազմ մղելու գործով։ Րաֆֆին բարի է, քանզի պատրաստ է «Ժառանգությունը» դարձնել «Րաֆֆինացված» ՕԵԿ։ Սերժին նման բաները դուր են գալիս։

Բոլոր նրանք, ովքեր իրական փոփոխություններ են պահանջում և քննադատում ընտրակեղծիքները, չար են և նպաստում են գաղջ մթնոլորտի ձևավորմանը։ Սա նույնպես ըստ իշխանության քարոզչամեքենայի «կլիշեների»։

Բաղրամյան 26–ի թելադրած խաղի կանոնի համաձայն՝ քաղաքականությունը չար մարդկանց սիրած գործն է, իսկ ահա «քաղաքացիականը» և ապաքաղաքականը՝ բարի մարդկանց։

ՀՀԿ ղեկավարի ցանկությունն այն է, որ ընտրությունները, հետընտրական գործընթացները և ընդհանրապես ամեն ինչ լինեն ապաքաղաքական։ Պատահական չէ, որ իշխանությունների սիրած կոչը «Մի՛ քաղաքականացրեք»–ն է։ Չքաղաքականացումը, ըստ իշխող ռեժիմի, բարիի հոմանիշն է։ Ի դեպ, Րաֆֆին ամբողջությամբ տեղավորվել է իշխանության գծած սցենարի մեջ և դիրքավորվել ապաքաղաքական, այն է՝ «բարի» դաշտում։

Նկատենք, որ հանրային նշանակության հարցերի ապաքաղաքականացման ձգտումը հատուկ է տոտալիտար երկրներին։ Տոտալիտար պետությունները ձգտում են մարդուց ապաքաղաքական կենդանի սարքել՝ հակադրվելով արիստոտելյան՝ «մարդը քաղաքական կենդանի է» ձևակերպմանը։ Շատ հեռուն գնալ պետք չէ։ ՍՍՀՄ պատմությունը դեռ թարմ է շատերիս հիշողության մեջ։ Այնտեղ էլ ամեն ինչ ապաքաղաքական էր։ Չկար ընտրություն, չկային մրցող կուսակցություններ, չկար մասնավոր սեփականություն, չկար ազատ գնագոյացում, իշխանությունն ընտրովի չէր, ԲՈՒՀ–երում չէր դասավանդվում «Քաղաքագիտություն» առարկան, դե իսկ Բրեժնևն էլ աշխարհի ամենաբարի մարդն էր՝ չհաշված, իհարկե, Լենինին։ Թե ինչ եղավ այդ բարի մարդկանց ղեկավարած «բարի» կայսրության հետ, հիշեցնելու կարիք չկա։

Ս. Սարգսյանը տոտալիտար երկիր կառուցելու ռեսուրս չունի, բայց ցանկություն ունի։ Կարող եք չկասկածել. եթե Սարգսյանի ձեռքին ճար լիներ, ապա նա «քաղաքականություն» բառն ընդհանրապես կհաներ հայոց լեզվի բառապաշարից, իսկ այն օգտագործողներին օրենքով պատասխանատվության կենթարկեր։ Հայոց լեզուն և Հայաստանն առայժմ դիմադրում են։ Ժամանակն է, սակայն, դիմադրությունից անցնել հարձակման։ Քաղաքականը միշտ էլ ուժեղ է ապաքաղաքականից, իսկ «չարը»՝ «բարուց»։

«Բարիներն» ընդդեմ Հայաստանի պատերազմում պետք է հաղթեն «չարերը»։ Այլ տարբերակ չկա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը