Խմբագրական

01.07.2009 12:37


Ներիշխանական բարքեր

Ներիշխանական բարքեր

ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանն առաջինը հրապարակավ  շնորհավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծնունդը։ Շնորհավորական տեքստն օտար լեզվով չէր։ Ասել է, թե տառասխալների հետ կապված  «հոգեբանական էքսցեսներ» չեղան։ 

Նկատենք, որ վարչապետն իր «կոնտրագենտից» հետ մնաց և՛ շնորհավորանքի պահի, և՛ մաղթանքների գունագեղության ու ճոխության մասով։  Զգացվում է «փորձի» պակասը։ Ինչևէ։

Դիտարկելով ԱԺ խոսնակի շնորհավորական ուղերձի շեշտադրումներն  ու ընտրված ձևակերպումները՝ ևս մեկ անգամ կարելի է  համոզվել, որ Հայաստանում առկա իշխանական հարաբերություններն ասիականության որոշակի տարրեր են պարունակում՝ համեմված  սովետական շրջանի բրեժնեվյան լճացմանը հատուկ բարքերով։    

ԱԺ-ի դերի բարձրացման վեհ նպատակով խորհրդարան գործուղված Հովիկ Աբրահամյանը՝ կարելի է ասել,  որ կատարել է իր առաքելությունը և դրանով իսկ «իրավունք» ստացել առաջինը շնորհավորելու երկրի նախագահին։

Եթե  շատերը կարծում են, թե Աբրահամյանով ԱԺ-ի  դերը հեչ էլ չի բարձրացել հանրային կյանքում, ապա նրանք չեն սխալվում։ Բայց խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը, երբ խոսում էր Բաղրամյան փողոցում  գտնվող մեկ այլ պետական հիմնարկի դերի բարձրացման մասին, թերևս նկատի չուներ, որ օրենսդիր մարմինը պետք է պետականաշինության մեջ լուրջ դերակատարում ունենա։ Ընդհակառակը՝ ներկա իշխանական հարաբերությունները պահանջում են ԱԺ սահմանադրական կարգավիճակի դե ֆակտո իջեցում, որպեսզի իշխանության ներսում  իրական հակակշիռներ չստեղծվեն, ինչը և արվել է Աբրահամյանի կողմից։

 «Ուժեղ խոսնակ-թույլ խորհրդարան» մոդելն է Սարգսյանի պատկերացրած ԱԺ դերակատարումը։ Ընդ որում, խոսնակի ուժեղությունը պետք է դրսևորվի խորհրդարանի «ախպերությանը» հսկողության տակ պահելու և ՀՀ նախագահի դեմ հնարավոր ընդվզումները (երբ հարկային տեռորը կչոքի նաև խոշոր տնտեսվարողների դուռը) կանխելու տեսքով։

Իսկ ինչու՞ է դա անհրաժեշտ։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի թիվ մեկ  խնդիրն իր իշխանության պահպանումն է։ «ԱԺ դերի ու  աշխատանքների արդյունավետության բարձրացում» ձևակերպման տակ նա հասկանում է այնտեղից վտանգի չենթարկվելը՝ անդեմ ու հնազանդ խորհրդարան ունենալու տարբերակով։ Ով ով,  բայց Սերժ Սարգսյանը լավ գիտե, թե ինչերի է ընդունակ և ինչպիսի  «քաղաքական  սալտոներ» կարող է տալ հիմնականում «չխոսկաններից» բաղկացած ԱԺ-ն։  Պետք եղած ժամանակ պատգամավորներն այնպես են «խոսում», որ նույնիսկ նախագահներ են փոխվում։

Այդ ամենը գիտակցելով՝ Սարգսյանը քայլերի է դիմում։ Իրավիճակը հետևյալն է. Սարգսյանն այժմ իրեն նախորդած երկու նախագահների կրկնակի մամլիչի տակ է և ոչ մի կերպ չի կարողանում իր պատկերացրած նախագահը դառնալ ու հոգու խորքում նախանձում է և՛ Տեր-Պետրոսյանին, և՛ Քոչարյանին, ովքեր լիարժեքորեն կարողացել են տևական ժամանակ իշխել, իսկ ինքն ամեն օր պայքարում է, որպեսզի նախագահ դառնա։ Դա հոգեբանական ծանր վիճակ է։ Իշխանական պալատներից դուրս Սերժ Սարգսյանին  սպասում է Լևոն Տեր-Պետրոսյանն իր «աշխարհազորով», իսկ իշխանական կուլիսներում թևածում է Ռոբերտ Քոչարյանի շունչը։ Ու այդ պայմաններում ղեկավարելը, համաձայնեք, որ շատ դժվար է։ Սրան էլ ավելացրած տնտեսության քայքայումը և պատկերն ամբողջական կդառնա։ Իսկական մղձավանջ։ Մղձավանջը՝ մղձավանջ, բայց «յարն անուշ» է և իշխանական աթոռի համար ինչ ասես, որ չի արվում։

«ՀՀ-ում իշխանության մուտքը ներսից է» բանաձևին քաջատեղյակ Սերժ Սարգսյանն ավելի շատ մտահոգված է ներսից սպառնացող «Համլետի հոր ուրվականի» «կանոնավոր բանակով», քան դրսի «աշխարհազորով»։ Առավել ևս, որ դրսում երդվել են հեղափոխություն չանել, չապստամբել, «չարություն» չանել, այլ միայն պահանջել իր հրաժարականը։ Իսկ դա այնքան էլ վախենալու չէ։ Սկսած 1992 թ.-ից՝ ընդդիմությունը մշտապես պահանջել է գործող նախագահների հրաժարականը։ Ե՞րբ է եղել, որ այդ պահանջն իրականություն դառնա...

Այլ բան է ներսի մթնոլորտը։ Ուստի ԱԺ-ում պետք  էր մեկը, ով «կոնտրոլի» տակ կպահեր անհնազանդության պոտենցիալ ունեցող «յուրայիններին»  և, ամենակարևորը, իր բոլոր կամուրջները կայրեր Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդ առումով Հ. Աբրահամյանը գրեթե լիովին արդարացրել է  իր վրա դրված  բարձր վստահությունը ու հիմա լավ-լավ շնորհավորանքներ է հղում։ «Պատրաստ եմ աջակցել Ձեր բոլոր ձեռնարկումներին՝ ուժերիս ներածին չափով», - հավատարմության երդում հիշեցնող խոսքեր է ուղարկում նախագահին՝ ԱԺ-ի  դերը «բարձրացրած» խոսնակը։

Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանն իր հավատարմության  երդումները ժամանակին տվել է Վազգեն Սարգսյանին, հետո Ռոբերտ Քոչարյանին, իսկ հիմա՝ Սերժ Սարգսյանին։ Հանուն արդարության նշենք, որ նա բոլորին էլ հավատարիմ է եղել ու ծառայել, բայց այնքան ժամանակ, քանի դեռ նրանք եղել են իշխանական բուրգի վերին հատվածում։

Այժմյան իրավիճակի նրբությունն այն է,  որ ներսից տեսնելով իշխանական համակարգի թուլությունը, Հովիկ Աբրահամյանը շանս է տեսնում նաև «ումի՞ց եմ պակաս» խաղը խաղալու համար։ Եվ ընդհանրապես, այսօրվա նախագահի շրջապատում՝ իրեն ապագա նախագահացու պատկերացնողների պակաս չկա։ Ի՞նչ է վարչապետը չի ուզում «Հայկական աշխարհի» նախագահ դառնալ։ Իհարկե ուզում է։ Էլի անուններ կարելի է տալ։ Իսկ դա ցույց է տալիս, թե որքան թույլ է գործող նախագահը, որ նրա շրջապատի մարդիկ, իհարկե ոչ բացահայտ, բայց բացահայտին մոտ ձևով նախագահական «զամաշկաներ» են դրսևորում գործող նախագահի քթի տակ։ Մի տեսակ ներքին մրցավազք կա։ Օրինակ քաղբանտարկյալների մասով նույն Հ. Աբրահամյանը շտապեց Ս. Սարգսյանից առաջ ընկնել ու հայտարարել համաներման մասին։ Լավամարդ երևալու պարզունակ քայլ։ Նմանատիպ բազում այլ օրինակներ նույնպես կարելի է ցույց տալ, որտեղ հստակ ուրվագծվում է ԱԺ խոսնակի որդեգրած «Լավամարդ դուրս գալու» քաղաքականությունը։  Կառավարությունը «հարկային լրտեսների» փաթեթ է բերում ԱԺ։ Բոլորին էլ պարզ է, որ դա նախագահի ու վարչապետի նախաձեռնությունն է և ահա Աբրահամյանն սկսում է իր կրկնակի խաղը. փաթեթը մտցնում է օրակարգ ու միանում գործարար պատգամավորների քննադատություններին։ Արդյունքում կրկին լավամարդն ինքն է։ Նախագահն ու արտգործնախարարը Վրաստանի հետ հարաբերություններում ձեն-ծպտուն չեն հանում, իսկ առիթի դեպքում ԱԺ խոսնակը ճիշտ հակառակն է անում ու կանգնում Ջավախքի թասիբին։ Բնականաբար, Հ. Աբրահամյանին չեն հետաքրքրում ոչ հարկային լրտեսները, ոչ էլ Ջավախքի ու այլ խնդիրները։ Որևէ մեկն, օրինակ, լսած կա՞ Հովիկ Աբրահամյանի տեսակետը Արցախի հարցում։ Հասկանալի է, որ ծանր բաներից եմ խոսում, բայց չէ՞ որ նա պետության երկրորդ պաշտոնյան է և ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե ինչ է մտածում խորհրդարանի խոսնակն, ասենք, «Մադրիդյան սկզբունքների» մասին։ Բայց մարդն ուրիշ խնդիր ունի և ճիշտ էլ անում է, որ լավամարդ դառնալու մոտեցումն է որդեգրել։ «Եթե ես դարձել եմ պետության երկրորդ դեմքը, ապա ինչու՞ առաջ չշարժվել»,-հավանաբար մտածում է Աբրահամյանը։ Սերժ Սարգսյանի համար դառնալով գրեթե անփոխարինելի՝ Հ. Աբրահամյանը այդ հանգամանքը ձգտում է  կապիտալիզացնել և անհրաժեշտ պահին գնալ դեպի բաղձալի պաշտոնը։  Պատկերացնու՞մ եք, թե ուր ենք հասել։ Փաստորեն, Հայաստանում այժմ այնպիսի վիճակ է, որ անգամ Հովիկ Աբրահամյանը կարող է իրեն թույլ տալ երազել և պլանավորել «Թագավորն ապրած կենայի» սեփական ծրագիրը։  

Սկզբի համար նա ձգտում է  դառնալ այնպիսին,  ինչպիսին որ Սերժ Սարգսյանն էր Քոչարյանի օրոք։ Այսինքն,  օգտագործելով իր նուրբ դերակատարումը, իշխանական խոհանոցում  դառնալ «չար թագավորի՝ բարի  կարդինալը»։ Այդպիսին էր Սերժ Սարգսյանը մի ժամանակ, երբ «չդզող» որոշումները կլանի, նախագահի հետ ուղղակի շփում չունեցող, անդամներին ներկայացվում էր որպես նախագահ Քոչարյանի չուզողություն, իսկ «դզող» որոշումները՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ներդրած ջանքերի արդյունք։

Այժմ, երբ  «յուրայինները» տեսնում են , որ երբեմնի «բարի կարդինալն» այժմ «չար թագավոր» է դարձել՝ սկսում են  փնտրել նոր «բարի կարդինալի»՝ ով իրենց  չի տանի փորձության ու կփրկի չարից։ Սա մեզանում ձևավորված օլիգարխիկ իշխանական համակարգի կառավարման առանձնահատկությունն  է և դրան քաջածանոթ Աբրահամյանը ձգտելու է օգտվել ընձեռված հնարավորությունից ու դառնալ իշխանական «կռուգի» բարի «փերին» և միևնույն ժամանակ նորանոր ոչ ֆորմալ լիազորություններ ստանալ Սերժ Սարգսյանից։ Իսկ դա շատ հեշտ է։ «Շեֆին» կարելի է համոզել, որ այս կամ այն լավությունը սրան կամ նրան պետք է անել, որպեսզի «դրանք «գծից» դուրս չգան»։ Իսկ տվյալ լավությունը ստացողին՝ ԱԺ խոսնակը կասի, որ դա անձամբ իր ջանքերով է եղել՝ «Ես որ չպնդեի՝ նախագահը քո ուզածն անողը չէր։ Չես պատկերացնի, թե ինչքան եմ քո համար չարչարվել» թեմայով։ Արդյունքում կլինի այնպես, ինչպես Քոչարյան-Սարգսյան հարաբերություններում էր, երբ Սարգսյանն էր «բարի քննիչի» դերում ներկայացնում ինքն իրեն՝ լավ իմանալով, որ դիմացինը չի կարող ստուգել իր ասածները։

Իսկ այն ինչ Հ. Աբրահամյանին չի հաջողվի նախագահի մոտ «անցկացնել»՝ իշխանամերձ «աբիժնիկ» սուբյեկտին կներկայացվի որպես Սերժ Սարգսյանի չուզողություն, որը կօգտագործվի նույն Աբրահամյանի կողմից՝ «Բա որ ես լինեի՝ տենց բաներ կլինե՞ր» կամ «Համբերեք՝ շուտով լավ կլինի» ենթատեքստային ձևակերպմամբ։  

Այնպես որ, Սերժ Սարգսյանը կարող է չանհանգստանալ Հովիկ Աբրահամյանի՝ Ռ. Քոչարյանի հետ մերձենալու հնարավորության մասով։ Խոսնակն ինքն իր խաղն է առաջ տանում և ինչու՞ պիտի Քոչարյանի համար ճանապարհ բացի։ Այլ հարց է, որ ԱԺ նախագահ դառնալու սկզբնական փուլում մխչյանցի պատգամավորին աջակցություն ցուցաբերվեց երկրորդ նախագահի կողմից։ Բայց դա արդեն անցած էտապ է՝ իմիջային «բարեփոխման» ենթարկված Աբրահամյանի համար և, թերևս,  այդ իրողությունն է, որ, ըստ լավատեղյակների, շատ-շատ  է վրդովվեցրել Քոչարյանին։ 

Նկարագրվածը հեռու չէ իրականությունից։ Սա փակ իշխանական օլիգարխիայի խաղի «բնական» կանոն է և այն փոխել հնարավոր է միայն բաց համակարգ ստեղծելով։ Իսկ դա այս իշխանությունն իրեն չի կարող թույլ տալ, ու այդ իսկ պատճառով էլ ներիշխանական ստվերային գզվռտոցն ավելի դաժան բնույթ կկրի, քան ընդդիմություն-իշխանություն հակամարտությունը։ 

Հասկանու՞մ է այս ամենը Սերժ Սարգսյանը։ Անշու՛շտ։ Բայց այս պահին չի կարող խանգարել Հովիկ Աբրահամյանի կուլիսային լավ տղա դառնալու քայլերին,  քանի որ այլընտրանքային լուծում դեռ չունի։ Ու չի ունենա երբեք, քանի որ հակառակ պարագայում մշտապես գոյություն կունենա թիկունքից հարված ստանալու վտանգը. ԱԺ-ն պալատական հեղաշրջումների դարբնոց է։

 Միակ մեխանիզմը, որով այժմ վերահսկվում է ԱԺ խոսնակը, դա վարչապետի տեսքով հակակշիռ ստեղծելն է եղել։ Երկուսն էլ այժմ անփոխարինելի կարգավիճակ ունեն։ Երկուսն էլ նախագահի ֆավորիտներն են համարվում։ Երկուսն էլ միմյանց չեն ընդունում և դա դուր է գալիս նախագահին. Բաժանի՛ր, որ տիրես։

Ֆունկցիոնալ առումով Տիգրան Սարգսյանն իրականացնում է «Մեկ մարդու տնտեսություն» օպերացիան, իսկ Հովիկ Աբրահամյանն ապահովում է նախագահի իշխանության սպառնալիքների չեզոքացումը՝ «Ռո՛-բե՛րտ, հեռացի՛ր» ծրագրի շրջանակներում։ Ի դեպ, Քոչարյանի մասով՝ սերժսարգսյանական իշխանության և տերպետրոսյանական ընդդիմության շահերն ու  «հույզերը» համընկնում են, ու դա, թերևս, ժամանակ առ ժամանակ որոշակի դրսևորում կունենա։ Նայած թե ինչ իրավիճակ կլինի։

Արձանագրենք, որ Տ. Սարգսյանն ու Հ. Աբրահամյանը միմյանց դեմ չհայտարարված պատերազմ են մղում՝ նախագահի միակ ֆավորիտը դառնալու, իսկ հետագայում արդեն  սեփական խաղը խաղալու նպատակով։ Այսինքն նախագահի քաղաքական «հարեմում» թեժ պայքար է։ Պայքարն, անշուշտ, անձնավորված բնույթ է կրում, քանի որ Ս.Սարգսյան-Հ.Աբրահամյան-Տ.Սարգսյան ներկա եռամիասնությունը «գաղափարական» է։ Երեքն էլ հանդիսանում են իշխանական մոնոլիտ բուրգ կառուցելու կողմնակիցներ և իրականացնողներ և, հետևաբար, հավասար պատասխանատվություն են կրում ստեղծված սոցիալ-տնտեսական և ներքին ու արտաքին քաղաքականության համար։ Այլ հարց է, որ բուրգի հետագա ճակատագրի և դրա կառավարման հետ կապված՝ նրանցից յուրաքանչյուրն իր ծրագրերն ունի։ «Մեկ մարդու տնտեսության» ապագա մոդելի մեջ՝ ամենքն իրեն է տեսնում այդ Մեկի դերում, բայց առայժմ խաղն ընթանում է հետևյալ ձևով. Սերժ Սարգսյանը ցանկանում է միահեծան իշխանական բուրգ ստեղծել, որպեսզի հավերժացնի իր իշխանությունը։ Նրա համար վարչապետն ու ԱԺ խոսնակն ընդամենը գործիքներ են։ Պարզապես մեկը «կոշտ» գործիք է, իսկ մյուսը՝ «փափուկ»։ «Կոշտը» տնտեսությունն է «բարեշրջում»՝ պրոմեթևսյան ինքնավստահությամբ, տերտերական առոգանությամբ և բոլշևիկյան էնտուզիազմով, իսկ «փափուկն» զբաղված է պալատական խարդավանքներով ու «ախպերության» համար «վիզ» դնելու իմիտացիայով։

Ամփոփենք. իշխանական հարաբերությունները կառուցված  են փոխադարձ «նագլիության» սկզբունքի հիման վրա։ Էդպես էլ պետք է լիներ։ Եթե իշխանության աղբյուրը ժողովուրդը չէ, ապա առաջ են մղվում իշխանական հարաբերությունների կարգավորման, փիլիսոփա Հոբսի նկարագրած, մեխանիզմները, երբ բոլորը բոլորի դեմ են պայքարում։

Անդրանիկ  Թևանյան

Հ.Գ.։ Մեր որոշ հեռուստաալիքներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 55-ամյակին նվիրված քծնանքի այնպիսի հուշ երեկո էին սարքել, որ Թուրքմենբաշին կնախանձեր։ Եթե դա վերևից իջեցված հրահանգ է, ապա դեռ ամեն ինչ կորած չէ ու կարելի է հասկանալ «ընթացիկ մոմենտը»։ Իսկ եթե լրագրողն անկեղծ է նմանատիպ ռեպորտաժ ներկայացնում, ապա դա արդեն շատ վտանգավոր է։ Պատկերացնու՞մ եք, թե ինչեր են մեզ սպասվում...

Այս խորագրի վերջին նյութերը