Հարցազրույց

23.11.2010 15:42


Սիմոն Կամսարական.

Սիմոն Կամսարական.

Հարցազրույց Հանրային խորհրդի Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականի հետ

-Ըստ Ձեզ՝ վերջին շրջանում հայկական բանակում շարունակ արձանագրվող ողբերգական դեպքերն ինչի՞ հետևանք են։

-Մեր երկրի վիճակն են ներկայացնում։ Նման դեպքեր կատարվում են բոլոր շերտերում՝ փողոցային խնդիրներում, աշխատավայրերում, ամենուր, իսկ մամուլը դրան հավաքական ձևով չի անդրադառնում։ Բայց այս հարցում յուրաքանչյուր առանձին դեպք դարձնում է դրոշակ, թե բանակի պատկերը սա՛ է։ Այստեղ որոշակի ուղղվածություն կա՝ ժողովրդին իր բանակի դեմ հանել։ Սա բավականին լուրջ հանցագործություն է, ու պետք է մամուլին հսկողության տակ դնել՝ ո՞վ է ղեկավարում մամուլը։ Իսկ այն, որ մի կենտրոնից ղեկավարվում է, ակնհայտ է։

-Նկատի ունեք Բաղրամյան 26-ը՞։

-Չէ՛, ես ոչ մի բան նկատի չունեմ: Ես նկատի ունեմ, որ կա հոգեբանական մշակման, ժողովրդի ապուշացման տեխնոլոգիաների կրող կենտրոն։ Թե որտե՞ղ է նստած, ես չգիտեմ, բայց այդպիսի բան կա, և մեր մամուլը, եթե նայեք, մեր հեռուստաընկերություններից բոլորը, կրկնում են, նույն հիմարություններն են ցույց տալիս, այսինքն՝ ղեկավարվում են մի կենտրոնից։ Հայոց բանակն իդեալական է եղել 50-ական թվականներին, երբ որ իրոք սովետական մյուս բանակների համեմատ մի կարգ ավելի բարձր էր իր բարոյահոգևոր դիմագծով։ Հիմա մեր երկիրը ապազգային այլանդակվածության մեջ է ամենուր, երբ որ կառավարությունն իր ժողովրդի հերն է անիծում, դարձնում է մուրացիկ, իսկ մուրացիկներն իրար հետ անընդհատ կռվում են մի կտոր հացի համար։ Սա բերել, միանգամից դարձնել բանակի խնդիր' ես կատեգորիկ դեմ եմ։ Այսօր 2 հարևան իրար սպանում են, ոչ մեկին չի հետաքրքրում, բայց եթե հարևաններից մեկի հագին զինվորական համազգեստ է լինում, ուրեմն փուչիկ են փչում, որ զինվորականները խաղաղ մարդկանց ծեծում են։ Իմ կարծիքով՝ բանակը իր այսօրվա ամենավատ վիճակով հին ազգային բանակի համեմատ, համենայնդեպս, մի կարգ ավելի բարձր մակարդակի վրա է, քան թե հանրային կյանքում, շուկաներում, արտադրություններում և այլուր տեղի ունեցող նեգատիվ շատ դեպքերի համեմատ։ Եկեք բանակին հանգի՛ստ թողնենք։ Բայց եթե մենք լրատվություն ենք, եթե մենք ցավում ենք մեր երկրի, մեր ապագայի համար, եկեք լրջորեն հետարքրքվենք՝ ո՞ւմ է ձեռնտու, որ մեր բանակը նեգատիվ տեսք ստանա իր ժողովրդի աչքի առաջ։

-Ո՞ւմ է ձեռնտու։

-Մեր թշնամիներին՝ դրսից։ Սկսած եվրակոմիսարներից մինչև թուրք ենիչերիները։

-Սակայն այսօր շատերն են պնդում, թե Հայաստանի լրատվամիջոցների զգալի մասը ղեկավարվում է հենց իշխանությունների կողմից։

-Իշխանություննե՛րն էլ են իմ ասած այդ կենտրոնից ղեկավարվում, ոչ միայն լրատվամիջոցները։ Ամբողջ կառավարությունը նման կենտրոնից է ղեկավարվում իր այլանդակ հակապետական, հակազգային գործունեություն ծավալելու համար, ոչ թե իրենք են թելադրում։ Նրանց 2-ին էլ նույն կենտրոնն է թելադրում։

-Բայց բուն նպատակը ո՞րն է։

-Հիմնական պատճառը, թե ինչու են արդեն մի քանի ամիս շարունակ ամբողջ մամուլին և հանրությանը սևեռում բանակի նեգատիվ կողմերի վրա, հետևյալն է. եթե հիշենք, ապա արձակուրդից առաջ ԱԺ օրակարգ մտցվեց զինվորական կանոնակարգի մասին օրենքի նախագիծը։ Այնտեղ մի հոդված կար, որը սահմանափակում է հրամանատարի հրամանը։ Այսինքն, հրամանը պետք է համապատասխանի Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին, իրավական ակտերին և այլն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ բանակում հրամանատարը հրաման է տալիս, իսկ ենթական ասում է՝ կներես, քո հրամանը հակասում է այսինչ նորմատիվ ակտի կամ այսինչ օրենքի այսինչ կետին, ես չեմ կատարում։ Դա բանակ չի լինի։ Բայց հարցը միայն դա չէ։ Այդտեղից երբ որ իրավական, օրենսդրական դաշտում կծիկի պոչը քանդում ես, տեսնում ես, որ դեռ 2005թ. սկսած և 2007թ. 2-3 օրենք է ընդունվել, որոնցով նախապատրաստվում է հայկական զինուժը լուծարելու, բանակը ցրելու (որպեսզի մենք բանակ չունենանք) տեխնոլոգիան։ Հիմա ամբողջ խնդիրը սրա համար է, որպեսզի ժողովուրդը, որը սիրում է իր բանակը, երբ որ պատերազմում մեզ փրկել է, և հիմա ժողովուրդը կարող է պաշտպանել, պետք է ժողովրդին ցույց տալ, որ  սա բանակ չէ ու սա պետք է ցրել։ Այդ կանոնակարգ-օրենքը, պարզվեց, ուղարկել էին ԵԱՀԿ-ին՝ կարծիք ստանալու։ Մեկ ամիս անցել էր, կարծիքը չկար։ Պարզեցի, որ որոշել են կարծիքն ուղարկել հունվարին։ Այսինքն, հիմա լուրջ պրոցես է տեղի ունենում։ Արևմուտքը նախապատրաստում է իրավական բոլոր հիմքերը, որպեսզի վաղը մեր իշխանություններին հարկադրի, ասի՝ հրաժարվեք ձեր պաշտպանությունից, ՆԱՏՕ-ն ձեզ կպաշտպանի, լուծարեք ձեր հայկական զինուժը և բանակը, ու ժողովուրդը չըմբոստանա, չապստամբի, չպաշտպանի իր բանակին։ Այ, ա՛յս խնդիրը լուծելու համար է այս ամբողջ աղմուկ-աղաղակը բանակի շուրջը։ Սա՛ է մեխը։ Իսկ դրա կապակցությամբ, հակառակը, մեր մամուլը, ազգային-պետական ամենատարրական ինքնապաշտպանական մտածողությունը ոտքի կանգանեն, ասեն՝ այս ի՞նչ եք անում, էս ո՞ւմ տունն եք ուզում քանդել, այն էլ ներսից՝ մեր ձեռքով։ Ես այս հարցով ժամանակին դիմեցի արդարադատության նախարարին, ասացի, որ միջազգային պայմանագրերի մասին օրենքում այսպիսի այլանդակություն կա՝ հակասահմանադրական, որը թույլ է տալու՝ մենք օտարի բանակը ներս բերենք, որ զինաթափեն մեր բանակը, և հետո մենք բանակ չունենանք։ Արդարադատության նախարարի տեղակալը պատասխանեց, թե՝ չէ, այդպիսի բան չկա, դրանք ընդհանուր ֆրազներ են։ Այսինքն, իշխանությունները պաշտապնում են ո՞ւմ։ Դրսի պատվեր է՝ ընդդեմ իր երկրի։

-Իսկ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որքանո՞վ մեղավորություն ունի հատկապես բանակում ստեղծված իրավիճակում։

-Բանակում ստեղծվածո՛ւմ ես չէի ասի, ամբողջ երկրո՛ւմ ստեղծվածի մասին կասեի, որ առաջին օրվանից պետք է դներ համակարգային փոփոխություններ և անցյալի բոլոր նեգատիվներին բերեր, մտցներ դատարան։ Իսկ նրանք այնքան շատ են, որ երևի չգիտեր՝ որ մեկին բերի, որ մեկին չբերի։ Բայց ինքը պետք է կարողանար, դա ի՛ր պատասխանատվությունն է սահմանադրորեն, ինքը պարտավոր էր կարգուկանոն հաստատել։ Այս վերջին 15 տարիներին այնքան է այլանադկվել մեր հանրային կյանքը, որ դա լուրջ փոփոխությունների կարիք ուներ։ Այս 2 տարում եթե նա մի քանի փոփոխություն աներ, և ոչ թե եվրապատվերով կատարվող «բարեփոխումները», որոնք չարեփոխումներ են, հիմա ահագին առաջընթաց կունենայինք։ Մի օղակով ինքը ոչինչ չի կարող անել, ուղղակի անհնար է։ Մի օղակից բռնել, փորձել, երբ որ չորս կողմը ճահիճ է, ու ճահիճը քեզ քաշում է։ Դու հիմա այդ մի օղակն ուզում ես բարձրացնել, բայց ինչի՞ վրա ես հենվում՝ ճահճի՞ վրա։ Դու էլ հետը կխորտակվես։ Ուրեմն այստեղ խնդիրը համակարգային է։ Նա պարտավոր է համակարգային լուծում գտնի, որպեսզի բոլոր տեղերը համաչափ սկսեն բարձրանալ։

-Այն, որ ուժային կառույցներում, հրամանատարական կազմում բևեռներ են ստեղծվում, դա չի՞ նպաստում բանակի առողջ մթնոլորտի խաթարմանը։

-Բոլոր աշխատավայրերում, քանի որ այս երկրում գործազրկությունը հսկայական ծավալների է, բևեռվածություն կա՝ գոյության կռիվ է գնում. մեկը մեկին քցում է, որ իր բարեկամին բերի, խցկի, որ աշխատավարձ ունենա։ Դա բևեռվածություն չէ, դա կոչվում է գոյության համար զզվելի թշնամական պայքար իրար դեմ։ Դա՛ էլ այնտեղ կա, թալա՛ն էլ այնտեղ կլինի, կռիսնե՛ր էլ կլինեն, որ զինվորի ուտելիքը կգողանան-կուտեն։ Ամեն ինչ էլ կլինի, որովհետև երկրի ընդհանուր վիճակն է այդպիսին։

-Այդ իրավիճակից ելնելու միակ ճանապարհը համակարգը փոխե՞լն է։

-Բարեփոխումները մեր երկիրը տանում են կործանման։ Այսօր նույնիսկ սոցիալիստական ուղղվածության ուժերը պաշտպանում են արևմուտքին, թե՝ էս ի՜նչ լավ բարեփոխումներ է անում։ Բայց իրականում մեր երկրի հերն անիծում է։ Չեն հանդգնում անգամ քննադատել։ Էլ չեմ ասում, որ իրե՛նք պետք է պահանջեին նախագահից, որ բարեփոխում անի։ Իսկ ո՞ր մեկն է մինչև հիմա պահանջել։ Կարո՞ղ եք ցույց տալ որևէ իշխանության կամ ընդդիմության, որոնց հուզում է մեր երկրի, մեր ժողովրդի վիճակը։ Միայն գնում, դրոշակ են թափահարում ընտրությունից ընտրություն՝ վիճակը ծանր է, մենք գանք՝ լավ կլինի։ Դուք գաք, դո՛ւք եք թալանելու, ի՞նչ տարբերություն։ Այսօր ամբողջ ընտրարշավը կռիվ է՝ ով հասնի իշխանության, որ իր համար թալան անի։ Իսկ եթե դու այդ համակարգը չես փոխում, որտեղ պետք է առողջ մարդը գա, որ սրտացավ՝ երկրով զբաղվի, ոչ թե միլիոն թալանի, այդ դեպում մենք ա՛յ այսպես ավելի կխրվենք ճահճի մեջ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը  

Այս խորագրի վերջին նյութերը