Մեկնաբանություն

04.04.2013 17:56


Կապել Տիգրան Սարգսյանի ձեռքերն ու ոտքերը

Կապել Տիգրան Սարգսյանի ձեռքերն ու ոտքերը

Այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը տապալվել է, քաղաքական հարթության մեջ այլևս քննարկման առարկա չէ։ Ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ճամբարներում միակարծիք են այս հարցում։

Տ. Սարգսյանի գործունեությունը խիստ բացասական են գնահատում հատկապես բիզնեսի ներկայացուցիչները, լինեն նրանք փոքր, միջին, թե խոշոր տրամաչափի։ «Ֆլեշ» ընկերությունն այս կազմի մեջ, բնականաբար, չի մտնում, քանզի վարչապետը մշտապես օժանդակում է այդ ընկերությանը, որպեսզի դիզվառելիքի մատակարարման պետպատվերը հանկարծ ուրիշի ձեռքում չհայտնվի։

Վարչապետին, առանց չափազանցության, կարելի է համարել փոքր ու միջին բիզնեսի դահիճ։ Հարկային տեռորի քաղաքականությունը պատճառ դարձավ բազում կազմակերպությունների սնանկացման և լուծարման։ Սա Տիգրանի մտքի թռիչքի հետևանք էր։

Վարչապետից չեն կարող գոհ լինել այն մարդիկ, ովքեր համալրել են աղքատների հոծ բանակը. պաշտոնապես աղքատ է մեր երկրի բնակչության ավելի քան 1/3–ը։

Կասկած չկա, որ վարչապետին չեն կարող դրականորեն վերաբերվել վերջին հինգ տարիների ընթացքում «Հայկական աշխարհը» համալրած այն 250 000 ՀՀ քաղաքացիները, որոնց մեջ Տիգրանը պոտենցիալ հեղափոխականներ տեսավ ու արեց ամենն ինչ, որպեսզի նրանք հանկարծ չմնան Հայաստանում։

Մի խոսքով, չկա հանրային մի շերտ, որը գոհ է վարչապետի տնտեսական քաղաքականությունից։

Հայաստանի ոչ մի վարչապետ այնպիսի բարենպաստ մեկնարկային պայմաններ չի ստացել իր նախորդից, ինչպիսին որ ստացավ Տ. Սարգսյանը, սակայն Հայաստանի ոչ մի վարչապետ նման ձախողման չի ենթարկվել։

Հայաստանի ոչ մի վարչապետ այնքան արտաքին ֆինանսական աջակցություն չի ստացել, որքան դա տեղի ունեցավ Տիգրանի վարչապետության շրջանում, սակայն ՀՀ արտաքին պարտքի չափը եռապատկելու գնով անգամ չհաջողվեց կասեցնել տնտեսության անկումը։ Ի դեպ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պիկի փուլում բնակչության մեկ շնչին բաժին հասնող արտաքին ֆինանսական օժանդակությամբ Հայաստանն առաջին տեղերում էր, սակայն 2009ին Հայաստանում արձանագրվեց աշխարհի ամենամեծ անկումներից մեկը։

Եվ վերջապես, Հայաստանի ոչ մի վարչապետ որոշումներ կայացնելու այս չափի ազատություն չի ունեցել, որքան դա կա Տիգրան Սարգսյանի մոտ, բայց արի ու տես, որ հիմա սկսել են տարածել, թե բա չեք ասի, վարչապետին չեն թողել, որ աշխատի և այդ իսկ պատճառով է երկրի տնտեսությունն այս օրին։

«Ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, Տիգրան Սարգսյանին կթողնեի, լիազորություններ կտայի, լրիվ այն լիազորությունները, որ պետք է վարչապետին, 6-8 ամիս կաշխատացնեի, և եթե չէր արդարացնի, նոր կհանեյի։ Ձեռքերն ու ոտքերը արձակի՛ր, ու եթե չի ստացվում, նո՛ր հանիր»,– հեռուստաընկերություններից մեկում հյուրընկալվելիս հայտարարել է ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Փաստորեն, Տիգրան Սարգսյանն էլ է իշխանության ներսում պատանդի կարգավիճակում։ Տեսնես այդ ինչ մութ ուժեր են, որ շրջապատել են երկրի ղեկավար կազմին ու չեն թողնում, որպեսզի նրանք աշխատեն ու ծառայեն ժողովրդին։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Եթե Տիգրանը ոտքերն ու ձեռքերը կապած է այսպիսի արդյունքներ արձանագրել, ապա պատկերացնել կարելի է, թե ինչպիսի ավերածություններ կլինեին մեզանում, եթե վարչապետը գործեր կապերը կտրած վիճակում։

Ինչ վերաբերում է Մանուկյանի ասածի մյուս կողմին, ապա այստեղ հարցեր են առաջանում։ Եթե Տիգրան Սարգսյանը, ինչպես Վ.Մանուկյանն է ակնարկում, կապված վիճակում է աշխատել, ապա ի՞նչն էր խանգարում վարչապետին հրապարակավ հայտարարել այդ մասին և հրաժարական տալ։ Չէ՞ որ իշխանական քարոզչամեքենան նրան ներկայացնում է որպես արևմտյան ստանդարտների մեջ տեղավորվող լիբերալ գործիչ։ Արևմուտքում հենց այդպես էլ կանեին։ Իսկ հինգ տարի անց նախկին կուսղեկավարիդ շուրթերով հայտարարել, թե ոտքերդ ու ձեռքերդ կապված են եղել, կներեք, մանր ժուլիկության պես մի բան է կամ պարզապես դեմագոգիա։

Իսկ եթե Մանուկյանն այլ ենթատեքստով է օգտագործում Տ. Սարգսյանի՝ ոտքերն ու ձեռքերը կապված լինելու մասին թեզը, ապա սա այլ խոսակցության թեմա է։

Երկու դեպքում էլ Տիգրան Սարգսյանը շահեկան վիճակում չի հայտնվում, քանզի ստիպված է ընտրություն կատարել թալանը հանդուրժած կոմֆորմիստի ու  բարեփոխիչի քողի տակ գործած թալանչու կերպարների միջև։

Այնպես որ «Ձեռքերս ու ոտքերս ազատ արձակեք, տեսեք թե ինչեր կանեմ» էժանագին հեքիաթը չի փրկի երկու–երեք գրքի ազդեցության տակ ընկած, Թոֆլերին ու Վեբերին կարդացած, բայց այդպես էլ բան չհասկացած, կեղծ բարեպաշտություն քարոզած Տիգրան Սարգսյանին։

«Հայաստանին ապրանքային արտադրություն պետք չէ», «Պարտադիր չէ, որ հայերը ապրեն և բիզնես անեն Հայաստանում», «Արտագաղթը աշխատանքային միգրացիա է և պետք է հանգիստ վերաբերվել դրան», «Բա Հայաստանում մնան, որ հեղափոխությո՞ւն անեն», «Կարևոր է, որ ցանցային տարբերակով աշխարհում ստեղծվի «Հայկական աշխարհ», այլ ոչ թե բոլորս կենտրոնանանք Հայաստանի վրա» թեզերի հեղինակին ոչ թե պետք է ձեռքերն ու ոտքերը արձակել ու երկրի տնտեսությունը վստահել, այլ ճիշտ հակառակը՝ պետք է նրա վերջույթները կապել (փոխաբերական իմաստով, իհարկե) և կիլոմետրերով հեռու պահել պետական կառավարման համակարգից։

Պետության վախճանի մասին ճամարտակողին վարչապետի աթոռին թողնելն աններելի շռայլություն է սառի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար։

Զարմանալի է, որ Ղարաբաղյան պատերազմում էական դերակատարում ուենցած և հաղթանակների մեջ իր լրջագույն ավանդը ներդրած Վազգեն Մանուկյանը չի նկատում Տիգրանի հակապետական գործունեության արդյունքներն ու դեռ մի բան էլ լրացուցիչ լիազորություններ է պահանջում իր նախկին կուսակցի համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը