Լրահոս

05.04.2013 12:51


Փորձաքննությունների ազգային բյուրոն մոտ է գործարար Էդմոնդ Խուդյանի գործով փորձաքննության ավարտին

Փորձաքննությունների ազգային բյուրոն մոտ է գործարար Էդմոնդ Խուդյանի գործով փորձաքննության ավարտին

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից հիմնադրված և նրա «գործընկերների» ջանքերով  կանխամտածված սնանկության տարված «Արին կապիտալ» ներդրումային ընկերության վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը, ինչպես պարզվեց օրեր առաջ, կշարունակվի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, իսկ այս գործով նշանակված համալիր փորձաքննությունը կարծես թե արդեն մոտ է ավարտին: Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությանը հաջողվեց փորձաքննության ընթացքի մասին տեղեկանալ ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Վասիլ Առուստամյանից:

<<Նշանակված փորձաքննությունը համալիր է, դատահաշվապահական, շինարարատեխնիկակական, ապրանքագիտական բնույթի հարցեր են առաջադրված: Փորձաքննությանը տրամադրված նյութերն արդեն ուսումնասիրվել են` նկատի ունեմ հարկային գործը, անձնական հաշվի քարտերը և մնացած նյութերը: Սակայն տրամադրված նյութերի հետ զուգահեռ քննություն է գնացել ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում, որտեղից գործն այժմ տեղափոխվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Հետևապես զուգահեռ քննության ընթացքում ձեռք բերված նոր հանգամանքներն էլ պետք է ներկայացվեն փորձաքննությանը: Անշուշտ դրանց ուսումնասիրությունն էլ ժամանակ կպահանջի, ես չգիտեմ թե ինչ ծավալի կլինեն առաջադրվելիք հարցերը: Սակայն դրանք ներկայացնելուն պես պետք է ուսումնասիրվեն և արդյունքները նաև համադրվեն մեր արդեն իսկ կատարած ուսումնասիրության արդյունքների հետ: Դրան կհաջորդի մեր շինարարների կողմից որոշակի չափագրումների կատարումը և այնուհետ արդեն կշարադրվի ամբողջը և կտրվի փորձագիտական եզրակացությունը>>,- ասում է Վասիլ Առուստամյանը:

Փորձագետի խոսքով` որոշված է նաև կողմերին մասնակից դարձնել փորձաքննությանը. <<Իրենք էլ իրենց կողմից իրենց մոտ առկա նյութերը կներկայացնեն, քանի որ գուցե իրենք ունեն նյութեր, որոնք մենք չունենք:

Սա շատ բարդ ու խճճված գործ է, քանի որ ոչ բոլոր գործարքներն են պատշաճ ձևով փաստաթղթավորվել, դրա համար մեծ դեր է կատարում այս գործի մեջ նախաքննությամբ ձեռք բերված տվյալները>>,- ասում է Վասիլ Առուստամյանը:

Ըստ փորձագետի` այս պահին դեռ պարզ չէ, թե որքան են կազմում <<Արին կապիտալ>> ընկերության հարկային պարտավորությունները, հարկային ստուգում նրա խոսքով նշանակվել է, բայց դրա նյութերն էլ նա չի ստացել: <<Արին կապիտալ>>-ի դրամական միջոցների շարժը Վասիլ Առուստամյանի խոսքով հիմնավորված չէ փաստաթղթերով. <<Եթե ամեն ինչ պարզ լիներ, փաստաթղթերով հստակ լիներ, նույնիսկ փորձաքննություն էլ չէր նշանակվի, բնակիչներին պարտքուպահանջներն էլ պարզ չեն, այս նոր տրմադարվող նյութերից պարզ կդառնա, թե ովքեր են բնակիչներից գումարներ տվել ու բնակարաններ չեն ստացել: Այս գործում ցուցմունքներից էլ է շատ բան կախված, քանի որ փաստաթղթերում շատ դեպքերում այլ բան է ցույց տրվել հասույթի վերաբերյալ: Մենք պետք է ցուցմունքները համադրենք փաստաթղթերում ցույց տրվածի հետ և իրական շարժը գտնենք>>,- ասում է փորձագետը:

Ամեն դեպքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետը վստահ է, որ հնարավորինս սեղմ ժամկետում կավարտեն փորձաքննությունը, մանավանդ որ կալանավորված անձ կա, իսկ կալանավորման ժամկետները կոնկրետ նախանշված են. <<Այս պահի դրությամբ ամբողջ մեզ մոտ եղածը ուսումնասիրված է և անցկացված համակարգիչ, մեզ մնում է սպասել և տեսնել, թե ինչ հանգամանքներ են ի հայտ եկել, որոնց հետևանքով գործը տեղափոխվել է Հատուկ քննչական, ես չգիտեմ թե դրանք ինչ հանագամանքներ են, բայց դրանք էլ պետք է ուսումնասիրվեն ամենասեղմ ժամկետներում և համադրվեն>>,- ամփոփում է փորձագետը:

  Հիշեցնենք, որ նշված համալիր փորձաքննության նշանակման վերաբերյալ գործը նախկինում վերահսկած դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը մեզ տեղեկացրել էր դեռ անցյալ տարվա նոյեմբերի սկզբին: Իսկ ավելի կոնկրետ` սփյուռքահայ գործարարի տուժող ճանաչվելու հայցով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացած վերջին դատավարությանը դատախազը հայտարարել էր, որ նախորդ տարվա հոկտեմբերի 18-ի դրությամբ համալիր փորձաքննություն է նշանակված, որի եզրակացության պատրաստ լինելուց հետո միայն հնարավոր կլինի գործում կասկածյալ կամ մեղադրյալ ունենալ, կամ գուցե եղած հոդվածներին ևս մի քանիսը ավելացնել: Հետաքրքրիր է սակայն, որ Փորձաքննությունների ազգային բյուրո գործը մուտք է արվել ընդամենը նախորդ տարեվերջին ու չնայած դատախազի հայտարարություններից անցել է արդեն 4 ամիս, Փորձքաննությունների ազգային բյուրոն դեռ միայն հունվարին է սկսել գործի քննությունը, քանի որ այդ ժամանակ է գործն իրենց մոտ մուտք արվել:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը