Աշխարհ

01.07.2009 15:17


Վահագն Չախալյանը դարձել է Վրաստանի թիվ մեկ թշնամին

Վահագն Չախալյանը դարձել է Վրաստանի թիվ մեկ թշնամին

«Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանի իշխանությունները ջավախահայ ակտիվիստներին պարբերաբար ճնշում են, հալածում, տարբեր առիթներով հրավիրում ոստիկանություն, որտեղ ոստիկանապետը նրանց հետ «բացատարկան աշխատանքներ» է տանում, բռնություն և ուժ է կիրառվում։ Վերջին դեպքն էլ պատահել է հանրային կարգը խախտող զագվածային միջոցառումներ կազմակերպելու, ոստիկանության աշխատակցի նկատմամբ խուլիգանություն թույլ տալու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանի եղբոր՝ Արմեն Չախալյանի հետ։

Ռ. Թաթոյանի խոսքերով՝ զանազան խոչընդոտներ են ստեղծվում նաև Չախալյանների ընտանիքի և անձամբ Վ. Չախալյանի համար։ Մասնավորապես, նրանց շահերը պետք է պաշտպաներ ֆրանսիացի փաստաբան Պատրի Կարապյանը։ Սակայն  հունիսի 24-ին Վրաստանի խորհրդարանն օրենք է ընդունել՝ դադարեցնելով Վրաստանի տարածքում պաշտպանություն իրականացնելը օտարերկյա փաստաբանին թույլատրող նորմը։ Ռ. Թաթոյանը հիմնավոր կասկածներ ունի, որ դա արվել է հենց Չախալյանների ընտանիքին Պ. Կարապյանի պաշտպանությունից զրկելու համար։ Առկախ է մնում նաև Վ. Չախալյանի հայազգի մեկ այլ փաստաբան Ստեփան Ոսկանյանի կարգավիճակը։ Իսկ հուլիսի 22-ին Վրաստանի վերաքննիչ դատարանում նշանակված է Վ. Չախալյանի գործով դատական առաջին նիստը։

-Նաև մանր-մունր խնդիրներ են ստեղծում Չախալյանների ընտանիքի և Վահագի համար։ Օրինակ, երբ բանտից Վահագը հեռախոսով խոսում է իր ընտանիքի անդամների հետ, պահակները, երբ տեսնում են, որ հայերեն է խոսում, ասում են՝ ինչո՞ւ ես հայերեն խոսում, ռուսերենի անցի, և անգամ խփում են,- նշեց Ռ. Թաթոյանը։

«Երկիր» միության խորհրդի նախագահ Սևակ Արծրունին էլ հավելեց.

-Վահագի վրա ճնշում են բանեցնում, որպեսզի նա ընդունի իր վրա դրված մեղքերը։ Դրա դիմաց էլ խոստանում են նրան ազատ արձակել։ Բնականաբար, մինչև այսօր Վահագն ամեն անգամ մերժել է։ Նախկինում դրա համար նրան ծեծել են։ Տեսնելով, որ նա մինչև վերջ դիմադրելու է՝ սկսել են ավելի լուրջ զբաղվել նրա ընտանիքով։

«Երկիր» միության ներկայացուցիչները կարծում են, որ Ջավախքի ամբողջ խնդիրն այսօր կենտրոնացել է Վահագն Չախալյանի վրա, քանի որ Վրաստանի իշխանությունների համար ազատության մեջ Չախալյանի հայտնվելը հավասարազոր է Ջավախքի վերջանական համախմբմանը։ Այդ իսկ պատճառով էլ Վ. Չախալյանը դարձել է Վրաստանի թիվ մեկ թշնամին։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը