Մեկնաբանություն

06.04.2013 00:46


Ինչպիսի՞ «ատմազկայով» կարող է Րաֆֆին հետ կանգնել իր խոսքից (տեսանյութ)

Ինչպիսի՞ «ատմազկայով» կարող է Րաֆֆին հետ կանգնել իր խոսքից (տեսանյութ)

Ինձ համար զուտ սպորտային հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչպես է ավարտելու Հայաստանի քաղաքական դաշտում իր ընտանեկան բիզնեսը Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես, և ինչպես է նա ապրիլի 9–ին փորձելու դուրս գալ իր՝ «Երդումը թույլ կտամ միայն իմ դիակի վրա» արտահայտության տակից՝ մասնավորապես։

Ակնհայտ է, որ այդ ձևակերպումը հնչեցվել էր Սերժ Սարգսյանին շանտաժի ենթարկելու և նրանից հնարավորինս շատ պաշտոններ պոկելու հաշվարկով, բայց երբ դա չստացվեց, Րաֆֆին «մոռացավ» իր խոստման մասին ու սկսեց խոսել դժոխքում հայտնվելու թեմայի շուրջ։

Այն, որ Րաֆֆին դժոխքում կհայտնվի, քչերն են կասկածում։ Սակայն մինչև այդ նա պետք է լուծի «դիակի» հարցը։

Կարծես թե «ատմզկայի» տարբերակ գտնվել է։ Համենայնդեպս դա կարող է լինել տարբերակներից մեկը։

Րաֆֆու համար այդ «նուրբ» հարցում փրկօղակ նետեց իր որդին՝ Կարինը, ով հորից ոչ պակաս կեղծ պաթոսով ելույթ ունենալով ապրիլի 5–ի հանրահավաքում՝ նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս իր հայրը չէ (!!!), քանզի փետրվարի 18–ից հետո արդեն նա պատկանում է ժողովրդին, պայքարին ու պատմությանը (կից ներկայացված տեսանյութը դիտել 50–րդ վայրկյանից սկսած)։ 

Րաֆֆի Հովհաննիսյանը, ահա, կարող է զարգացնել որդու առաջ քաշած  «տրանսֆորմացիայի» տեսությունը և հայտարարել, որ ապրիլի 9–ից մենք այլևս ապրում ենք Նոր Հայաստանում,  և որ նախկին Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս դիակ է` ժողովրդի հետ միասին, իհարկե։

«Սա Նոր Հայաստանն է, և ես նոր Րաֆֆի Հովհաննիսյանն եմ։ Հինն այլևս չկա։ Հին Հայաստանը, հին Րաֆֆին ու մինչև ապրիլի 9–ը Հայաստանում ապրած ժողովուրդը դիակ են դարձել։ Սերժը երդվել է իմ ու ժողովրդի դիակի վրա։ Մենք հիմա նոր կյանք ենք սկսում։ Ես ու դուք այլևս հին Րաֆֆին կամ ժողովուրդը չենք։ Հինը դժոխքում է, իսկ մենք հիմա դրախտում ենք»,–իրեն հատուկ գժական ոճով, տերտերական առոգանությամբ և «հոգևոր հովվին» ներհատուկ կեղծավորությամբ կարող է հայտարարել Րաֆֆին ու «կատարել» իր խոստումը։

Հաշվի առնելով Րաֆֆու լեզուն և օստապբենդերական ոճը՝ մեծ է հավանականությունը, որ նման մի բան հանրությանը կմատուցվի ապրիլի 9–ին, եթե իհարկե մինչև այդ իշխանության ողջախոհ և, ինչպես Հովսեփ Խուրշուդյանի ելույթից հետո պարզվեց, հայրենասեր թևի հետ իրենք համաձայնության չգան պաշտոնների և «զորավարի» պետական ոստիկանական մեքենայի աջակցությամբ ՀՀԿ–ի հետ միասին ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հարցերի շուրջը։

Նկատենք, սակայն, որ «դիակ» կամ «թուղթ ու գրիչ» երկընտրանքն իրականում կեղծ է։ Երկու դեպքում էլ քաղաքական դիակի հետ ենք գործ ունենալու։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երբ ոմանց հիշեցնում ես Րաֆֆու «Միայն իմ դիակի վրա» խոսքը, քեզ մեղադրում են, թե դու Րաֆֆու մահն ես ուզում։ Դա, իհարկե, դեմագոգիա է։

Նախ Րաֆֆին ինքն է նման բան հայտարարել ու խնդրել, որ իր խոսքերին լուրջ վերաբերվենք։ Մենք էլ, ահա, լուրջ ենք վերաբերվում։

Բացի այդ՝ մանր ժուլիկությունները քաղաքական դաշտում պետք է դատապարտվեն, իսկ ժողովրդի անունից հանդես եկող արթուրբաղդասարյանները՝ պատասխան տան իրենց ասածների և արածների համար։ Մարդկանց հույզերի վրա խաղալով հաճախորդացումը հնարավորինս թանկ ծախելու «տրյուկները» չեն անցնում։

Աստված թող երկար տարիների կյանք տա Րաֆֆի Հովհաննիսյան անհատին, բայց Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործչին կենդանի դիակի վերածելն արդեն մեր գործը պետք է լինի։ Քանի դեռ րաֆֆիները Հայաստանի քաղաքական դաշտում չարչիությամբ զբաղվելու և «հայրենասիրությունն» ընտանեկան բիզնեսի վերածելու հնարավորություն ունեն, մենք նորմալ երկիր չենք դառնա։

Չի՛ կարելի թույլ տալ ընդդիմության ինստիտուտի այսպիսի վարկաբեկում և քննադատական խոսքի այսպիսի արժեզրկում։

Հ.Գ.–2։ Ի դեպ, Կարինը հանրահավաքի ժամանակ ծրարից հանեց և ընթերցեց, իր խոսքերով, 1970թ. գրված մի նամակ, որը գրել էր Րաֆֆու պապը։ Նամակի բովանդակության մեջ տվյալ դեպքում չեմ ուզում խորանալ, բայց մի ճչացող դետալ չվրիպեց աչքիցս։

Դատելով ծրարի և նամակի արտաքին թարմ տեսքից՝ հեչ չէիր ասի, որ երիտասարդի ձեռքում ավելի քան 40 տարվա հնության թուղթ է։ Դիտեք տեսանյութը սկսած 2:50–ից և ինքներդ կհամոզվեք։

Եթե ինչպես Կարինն է նշում, նամակն ավելի քան չորս տասնամյակի պատմություն ունի, ապա այն պետք է դեղնած ու ահագին հնացած տեսք ունենար, այնինչ թարմ վիճակում էին ինչպես ծրարը, այնպես էլ այն թուղթը, որի վրա փոխանցվել էր Գասպարի պատգամը Րաֆֆուն։

Կասկածամիտ չեմ, պարզապես քաղաքական կոմերսանտներից ամեն ինչ սպասելի է։ Այդ թվում՝ հեքիաթներ հորինելը։

Այս խորագրի վերջին նյութերը