Մեկնաբանություն

06.04.2013 13:52


Ի՞նչ է տեղի ունենալու ապրիլի 9-ին

Ի՞նչ է տեղի ունենալու ապրիլի 9-ին

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հնչած ելույթների բովանդակությունից ու հատկապես «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքից վերջապես պարզ դարձավ, թե ինչ է նա պատրաստվում անել և հատկապես ինչ չի պատրաստվում անել ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքում: 

Իր ելույթում Հովհաննիսյանն ասել է, որ ժամը 12:00-ին մեկնարկելիք հանրահավքի ժամանակ նախ տեղի է ունենալու «նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը», ինչից հետո ներկաները միմյանց են շնորհավորելու: Հատկանշական է, որ Հովհաննիսյանը խոսում է ոչ թե իր` իբրև ընտրված նախագահի երդմնակալության արարողության, այլ` «նոր Հայաստանի» երդմնակալության մասին (?!), ներկաներն էլ պիտի շնորհավորեն ոչ թե իրեն` իբրև նորընտիր նախագահի, այլ` միմյանց` «նոր Հայաստանի» հռչակման կապակցությամբ: Ի դեպ, իր ելույթում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ևս խոսել է ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ` «ազգային երդմնակալության» մասին: Այսպիսով, Ազատության հրապարակում, փաստորեն, ոչ թե Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը հակընդդեմ` Րաֆֆի Հովհաննիսյանի այլընտրանքային ինաուգուրացիա է տեղի ունենալու, այլ`«նոր Հայաստանի հռչակման ու երդմնակալության արարողություն»: 

Դրանից հետո, ըստ Հովհաննիսյանի, «ժամը 5-ին միասին քայլելու ենք մեր հայրենիքի համար, նոր Հայաստանի ուխտով և գնալու ենք վերադարձնելու իշխանությունը ժողովրդին», սակայն նրա խոսքում այդպես էլ չի պարզաբանվում, թե հատկապես որ ուղղությամբ են քայլելու, ուր են գնալու և ինչպես են իշխանությունը վերադարձնելու ժողովրդին: 

Անդրիաս Ղուկասյանն, օրինակ, իր ելույթում առաջարկում է շարժվել այնտեղ, որտեղ Սերժ Սարգսյանը «հավաքելու է բոլոր նրանց, ով իր հետ միասին եղել է այդ հանցագործության մասնակիցը», այլ կերպ ասած` շարժվել դեպի այնտեղ, որտեղ «բոլոր նեխած ձվերը հավաքվելու են մի զամբյուղի մեջ»: «Ժողովուրդն իրավունք ունի փակել նրանց այդ զամբյուղում։ Ժողովուրդը կարող է անել այնպիսի գործողություններ, որ նրանք չկարողանան այդտեղից դուրս գալ` մինչև չընդունեն իր կողմից ներկայացված պահանջները»,- ասում է Ղուկասյանը: Կարճ ասած` Ղուկասյանն առաջարկում է երթով գնալ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության վայր ու շրջափակել տարածքը` թույլ չտալով ներսում գտնվողներին դուրս գալ այնքան ժամանակ, մինչև վերջիններս չընդունեն իրենց պարտությունը: 

Ժիրայր Սեֆիլյանն իր ելույթում ինչ-որ տեղ շարժվելու ուղղության մասին չի խոսում, փոխարենն առաջարկում է «սիստեմայից դուրս պայքար» սկսել և ապրիլի 9-ից ձևավորել «այս ապօրինի իշխանություններին զուգահեռ օրինավոր իշխանություն»: Կարճ ասած` Սեֆիլյանն առաջարկում է այլընտրանքային կառավարություն և այլ մարմիններ ստեղծելու գործընթաց սկսել: 

Նիկոլ Փաշինյանն էլ նույնպես չի խոսում ինչ-որ տեղ շարժվելու ուղղության մասին, փոխարենն առաջարկում է պատկերացնել մի տեսարան, երբ «հարյուր հազարավոր քաղաքացիներ հավաքվում են Ազատության հրապարակում ու լցնում շրջական տարածքներն ու փողոցները» և այդ «մարդկային օվկիանոսը», ըստ նրա, կլինի «նախագահական ընտրությունների կենդանի արձանագրություն, որը կդառնա ծանրակշիռ քաղաքական իրողություն, որի հետ չի կարող հաշվի չնստել միջազգային հանրությունը»: 

Վերը բերված առաջարկների հնչելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին մոտենում խոսափողին ու անդրադառնալով այդ առաջարկներին` բառացիորեն ասում. «Թող ոչ ոք ուղղակի կամ անուղակի ինձ չսպառնա որևէ բանով, գործող իշխանությունից սկսած՝ մինչև իմ ամենամտերիմ ընկերը»: Դրանից հետո Հովհաննիսյանն անմիջապես կրկին վերահաստատում է ապրիլի 9-ի իր օրակարգը` սկզբում «նոր Հայաստանի» հռչակում, ապա` «ժամը 17:00-ին, կմիանանք և կտանենք մեր համազգային երթը դեպի ժողովրդի իշխանություն»: Ու կրկին Հովհաննիսյանը չի պարզաբանում, թե որ ուղղությամբ է շարժվելու երթը և ինչ է ծրագրված երթից հետո: Բայց հնչած առաջարկ-կարծիքներից անմիջապես հետո Հովհաննիսյանի կողմից հանրահավաքի իր սահմանած օրակարգի վերահաստատումն ու «ամենամտերիմ ընկերին» ուղղված անուղղակի դիտողությունը խոսում է այն մասին, որ հնչած առաջարկներից մեկը նյարդայնացրել է նրան: Ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ Հովհաննիսյանը պարտադրված է եղել իր սահմանած օրակարգը վերահաստատել Անդրիաս Ղուկասյանի հնչեցրած առաջարկության կապակցությամբ: 

Ի դեպ, քանի որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը հավանաբար տեղի է ունենալու առավոտյան կամ վաղ ցերեկային ժամերին (այդպես է ընդունված), իսկ Հովհաննիսյանի երթը`ժամը 17:00-ին, երբ այդ արարողությունն արդեն վաղուց ավարտված է լինելու, «մի զամբյուղում հավաքված բոլոր նեխած ձվերի» շրջափակումը, որ առաջարկել է Անդրիաս Ղուկասյանը, անհնարին է դառնում նաև ժամանակային անհամապատասխանության պատճառով: 

Ինչևէ, փորձելով վերջիվերջո պարզել, թե ինչ ուղղությամբ է շարժվելու երթն ապրիլի 9-ին` մտա Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք: Ըստ այդ կայքում զետեղված տեղեկատվության` ««Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ա. Մարտիրոսյանը ս/թ. ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետին է ներկայացրել թիվ Ժ-157/13 գրությունը՝ ս/թ. ապրիլի 9-ին ժ. 17.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ազատության հրապարակում նախորոք իրազեկված հանրային հավաքի ընթացքում Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փողոց-Գ. Լուսավորիչ փողոց-Հ.Պարոնյան փողոց-Պռոշյան փողոց-Մ.Բաղրամյան պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին: 

Հաշվի առնելով, որ նույն օրը Բաղրամյան 26 հասցեում գտնվող Հանրապետության Նախագահի նստավայրում Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության կապակցությամբ նախատեսված են բազմաթիվ արարողակարգային միջոցառումներ և հանդիպումներ արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ, հետևաբար, իրազեկման մեջ նշված երթուղով երթի անցկացումը կարող է էական դժվարություններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված՝ Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության կապակցությամբ մի շարք այլ արարողակարգային միջոցառումների իրականացմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված կարևոր պետական միջոցառումը՝ Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունն անհրաժեշտաբար զուգորդվում է բազմաթիվ այլ արարողակարգային միջոցառումներով, որոնք ուղղակիորեն բխում են հանրային շահերից և որոնք պայմանավորում են Պռոշյան փողոցով և Բաղրամյան պողոտայով անխափան երթևեկության ապահովման անհրաժեշտությունը Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը 04.04.2013թ. որոշեց մասամբ սահմանափակել հիշյալ երթուղով և նշված ժամանակամիջոցում երթ անցկացնելու հնարավորությունը՝ բացառելով մասնավորապես Պռոշյան փողոցով և Բաղրամյան պողոտայով երթի անցկացումը՝ դրա փոխարեն առաջարկելով երթն անցկացնել Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Ստ. Շահումյանի անվան հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով»:

Ամփոփում

Ելնելով վերոշարադրյալից` կարելի է պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու ապրիլի 9-ին: Հանրահավաքի մեկնարկին` ժամը 12:00-ին տեղի կունենա «նոր Հայաստանի» հռչակումը, հավանաբար` կընթերցվի ինչ-որ մի հռչակագիր, որում փորձ կարվի ինչ-որ կերպ սահմանել, թե ինչ ասել է «նոր Հայաստան», ապա հավաքվածներին կառաջարկվի հանդիսավոր կերպով երդվել հանուն այդ «նոր Հայաստանի» ձևավորման, որից հետո էնտուզիաստները կողջագուրվեն ու կշնորհավորեն միմյանց, գուցե հայտարարվի, որ այդ օրվանից «նոր Հայաստանի» շրջանակներում սկսվում է նոր` այլընտրանքային կառավարության և այլ մարմինների ձևավորման գործընթաց կամ նման մի այլ անլուրջ բան, ինչից հետո էլ «ժամը 5-ին միասին քայլելու են հայրենիքի համար, նոր Հայաստանի ուխտով» (Րաֆֆի Հովհաննիսյանի բառերն են)` քաղաքապետարանի նախանշած երթուղով: Երթը կավարտվի Ազատության հրապարակում ու կնաշանակվի հաջորդ հանրահավաքը, մարդկանց էլ կխոստանան հաջորդիվ ներկայացնել, ասենք, այլընտրանքային կառավարության կազմը… 

Հ.Գ. Հատկանշական է, որ երեկ կայացած հանրահավաքում ելույթ ունեցողներից ոչ ոք չի առաջարկել ապրիլի 9-ից Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց սկսել` Սարգսյանի հրաժարականի պահանջով: Շուրջօրյա նստացույցի, վրանային ավանի ծավալման մասին երբեք որևէ ակնարկ չի արել նաև ինքը` Հովհաննիսյանը: Այսպիսով, թե դիմադրության ծայրահեղ միջոցների կողմնակիցների (շրջափակել երդմնակալության վայրը կամ նախագահի նստավայրը), թե ավելի չափավոր միջոցների կողմնակիցների (Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով խաղաղ շուրջօրյա նստացույց հրապարակում` ժողովրդական զանգվածների կոնսոլիդացիայի ապահովմամբ) սպասելիքներն ու ակնկալիքները Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ին չի արդարացնելու: Չի արդարացնելու, քանի որ ռեժիմին դիմադրելու մտադրություն չի ունեցել ու չունի: Փոխարենը կարդարացվեն մինչև մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն իմիտացիոն «պայքարը» թեժ պահելու ջատագովների բոլոր սպասումները… 

Հ.Հ.Գ. Ի դեպ, Հովհաննիսյանը, փաստորեն, համառորեն շարունակում է խուսափել իր` ընտրված նախագահ լինելը թեկուզ ձևականորեն` այլընտրանքային երդմնակալության միջոցով ընդունելուց ու արձանագրելուց` նախագահի պաշտոնին Սերժ Սարգսյանի բազմելու «իրավունքի» վրա ստվեր չգցելու համար: Հիշեցնեմ, որ Հովհաննիսյանը քանիցս հրապարակավ զայրացել է, երբ իր թիմակիցները հարթակում բարձրախոսով իրեն դիմել են «հանրապետության 4-րդ նախագահ»:

Եվս մեկ հետգրություն. Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած «նոր Հայաստան»-ը կարծես թե անհրաժեշտ է ոչ միայն վերցնել չակերտներում, այլ նաև` գրել մեծատառով, ինչպես ընդունված է գրել միավորումների անունները: Տպավորություն կա, որ այն ոչ թե լոկ արտահայտություն է, այլ` հովհաննիսյանական նոր բրենդ է լինելու, որ գալիս է փոխարինելու ԲաRevolution-ին: «Նոր Հայաստանի» ստեղծման հռչակմամբ ապրիլի 9-ին Րաֆֆին հավանաբար փորձելու է անհաջող կերպով նմանակել Լևոն Տեր-Պետրոսյանին, որն 2008-ի օգոստոսի 1-ին ամիսներ տևած համաժողովրդական շարժումից հետո հռչակեց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումը: 

Արթուր Մինասյան

Աղբյուրը՝ http://azatlragroxner.blogspot.com/2013/04/9.html

Այս խորագրի վերջին նյութերը