Մեկնաբանություն

07.04.2013 16:43


Րաֆֆին բացեց ՕԵԿ–ի ճանապարհը

Րաֆֆին բացեց ՕԵԿ–ի ճանապարհը

2008թ. հայտնի իրադարձություններից հետո ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ստացավ «ախք»–ի կոչումն ու ինքնամեկուսացվեց հասարակությունից։

Սերժ–Արթուր գործարքից հետո շրջանառության մեջ մտավ «օեկացում» ձևակերպումը, ինչը սեփական ընտրազանգվածին դավաճանելու և այդ դավաճանության դիմաց պաշտոններ ստանալու հոմանիշն է։

Ա. Բաղդասարյանը, թերևս, շատ լավ հասկանում էր, թե ինչ է արել և այդ իսկ պատճառով կտրուկ պասիվացրել էր իր հրապարակային գործունեությունը և բավարարվում էր ՀՀԿ–ին կցված լինելու կարգավիճակով։ Արթուրը հասկանում էր նաև, որ իր միակ փրկությունը մարդկանց աչքին չերևալն է և այդպես էլ վարվում էր։

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, սակայն, Արթուր Բաղդասարյանն ակտիվացել է ու դեռ մի բան էլ բլբուլ կտրել։ Նա սկսել է կիրառել 2008–ի հռետորաբանությունն ու այնպիսի դիրքերից քննադատել իշխանության արատները, կարծես ՕԵԿ–ն իր ընտրողներին դավաճանած կուսակցություն չէ, իշխող կոալիցիայի անդամ չէ և ինքն էլ ԱԽՔ չէ։

Մարդկանց մի մասը զարմացել, իսկ մյուս մասն էլ՝ զայրացել Արթուր Բաղդասարյանի պոպուլիզմի և դեմագոգիայի այդչափ մեծ չափաբաժնի վրա։

Նկատենք, որ Արթուրին նման ձևով հանդես գալու հնարավորություն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով փաստացի հաղթելով նախագահական ընտրություններում՝ փոխարենն իր ձայներին տեր կանգնելու՝ փորձեց գնալ ՕԵԿ–ացման ճանապարհով։ Տարբերությունը հիմիկվա ու 2008–ի միջև այն է, որ հինգ տարի առաջ իշխանությունն էր շահագրգռված Արթուրին «երկխոսացնելու» և որոշ պաշտոններ տալու հարցում, իսկ այժմ Րաֆֆին ինքն է ուզում «ախք»–անալ և «երկխոսացված» լինել, բայց Բաղրամյան 26–ը ռեակցիա չի տալիս, տալուց էլ՝ նվաստացնում է՝ առաջարկելով թուղթ ու գրիչը վերցնել ու գալ։

Հարկ է արձանագրել, որ Րաֆֆին իր վերջին մեկ ամսվա գործունեությամբ, պատկերավոր ասած, երկարացրեց Արթուր Բաղդասարյանի լեզուն և ճանապարհ բացեց ՕԵԿ–ի համար։

ՕԵԿ առաջնորդը հիմա հանգիստ կարող է հայտարարել, թե ինձ՝ 3րդ արդյունքն ապահոված թեկնածուիս էիք մեղադրում, բայց տեսեք թե ինչ է անում պաշտոնական տվյալներով 2-րդ տեղը գրաված թեկնածուն, մինչդեռ ես 2008թ. ընտրությունների ժամանակ նախագահի աթոռի հիմնական հավակնորդը չէի և չէի հայտարարել, թե Սարգսյանը միայն իմ դիակի վրա կերդվի ու զուգահեռաբար նրանից պաշտոններ չէի պահանջել։ Արթուրն, ի դեպ, այդպես էլ վարվում է։

Րաֆֆին իր հակալիսկայական պայքարով և ներիշխանական «ռազբորկաներում» գործիք դառնալու իր պատրաստակամությամբ մոռացության մատնել տվեց Արթուրին։ Հասարակությունը տեսավ, որ Արթուրը բարոյականության մարմնավորում է «իրավատիրոջ» համեմատությամբ։

ՕԵԿ ղեկավարը շատ արագ որսաց այս ամենը և սկսեց արդարացնել իր քայլը՝ «Տեսեք, որ բոլորն էլ Արթուր են» տարբերակով։

Շատ խորհրդանշական է, որ իշխանությունն արդեն սկսել է Րաֆֆու հետ հեռակա կարգով շփվել Արթուր Բաղդասարյանի միջոցով։ ՕԵԿ ղեկավարն օրերս խոսում էր «ժառանգության» ղեկավարի ունեցած հնարավոր տարբերակների մասին և խորհուրդներ տալիս իր կոլեգային։

Րաֆֆին, փաստորեն, ծառայություններ է մատուցում ոչ միայն ՀՀԿ–ին, այլ նաև ՕԵԿ–ին՝ ավագանու ընտրություններից առաջ նրանց համար ճանապարհ բացելով։

Երևանցիների գործը պետք է լինի ՀՀԿ ավագանու ցուցակին, այդ ցուցակի կցորդ ՕԵԿ–ին ու «Րաֆֆինացված» ՕԵԿ–ին՝ «ժառանգությանն» իրենց տեղը ցույց տալը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը