Մեկնաբանություն

07.04.2013 23:28


Խեղկատակությունն ավարտվեց, առջևում ընտրություններ են

Խեղկատակությունն ավարտվեց, առջևում ընտրություններ են

Ընտրակեղծիքների մեքենան Հայաստանում կատարելության է հասցված։ Այն կոտրելու համար հանրային և քաղաքական լայն համախմբում է պետք։

Հարմար առիթ էր նախագահական ընտրությունը, սակայն, ցավոք, քաղաքական ուժերի միջև նախագահական ընտրությունների նախաշեմին ինչ–ինչ պատճառներով համախմբում տեղի չունեցավ։ Արդյունքում՝ ոչիշխանական հիմնական ուժերը չմասնակցեցին ընտրություններին։ Նրանք չխաբեցին ընտրողներին ու չհայտարարեցին, թե հնարավոր է, քանզի շատ լավ գիտեին, որ եթե համախմբումը չի եղել, ապա պետական ոստիկանական մեքենային հաջողվելու է կեղծել ընտրությունները։ Այդպես էլ եղավ, և դեմագոգիայով են զբաղվում բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում։

Հարց կարող է առաջանալ, թե այժմ ի՞նչ է փոխվել նախագահականի համեմատ և արդյոք հնարավո՞ր է փոփոխություն։

Նկատենք, որ փետրվարի 18–ին կայացած միջոցառման համեմատ կա էական տարբերություն։ Նախագահական ընտրությունների ժամանակ վիճարկվում է կոնկրետ պաշտոն, և ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների՝ կարող է լինել միայն մեկ հաղթող։ Իշխանափոխության համար, ըստ այդմ, պետք էր միասնական թեկնածու և միասնական ճակատ, ինչը չստացվեց։ Դա էր պատճառը, որ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը բաց թողեցին այդ ընտրական փուլը։ Նրանք չցանկացան մասնակցել զուտ մասնակցելու և հետագայում պաշտոնների «բազառի» մեջ մտնելու համար։

Ինչպես շատերը համոզվեցին՝ առանց ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի մասնակցության նախագահական ընտրությունները «ֆեյքային» բնույթ էին կրում և հիշեցնում էժանագին սերիալ։ Դե, իսկ հետընտրական շրջանն ամբողջությամբ վերածվեց խեղկատակության։

Իսկ ահա Երևանի ավագանու ընտրություններն իրենց բնույթով նման են խորհրդարանական ընտրություններին, քանզի քվեարկվում են կուսակցությունների ցուցակները։ Այսինքն՝ պայքարն ընթանում է ոչ թե մեկ աթոռի, այլ ավագանու 65 տեղի համար։ Դա է պատճառը, որ հանրային լայն ներգրավվածություն և ընտրողների ակտիվության բարձրացում հնարավոր է նաև առանց միասնական թեկնածուի կամ միասնական ցուցակի (խոսքս հակաիշխանական դաշտի մասին է)։ Դա է նաև պատճառը, որ նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերն այժմ ներգրավվել են ընտրական պայքարի մեջ՝ հնարավորություն տեսնելով Երևանում իշխանափոխություն անելու միջոցով լուծել ինչպես քաղաքական բնույթի, այնպես էլ մայրաքաղաքի կառավարմանը վերաբերող հարցեր։

Մայիսի 5–ին կայանալիք ընտրություններին մասնակցում են 6 քաղաքական կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։

Ընտրապայքարին մասնակցող ուժերի դիրքավորման առումով 2012–ի համեմատ բան չի փոխվել։ Իշխանությունը կրկին հանդես է գալիս ՀՀԿ–ՕԵԿ զույգով։ Ոչիշխանական դաշտում են ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն։

Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, որը հանդես է գալիս «Բարև Երևան» անվան տակ, ինչպես ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա կատարում է իշխանության համար ձեռնտու ֆունկցիա։

Ինչպես հայտնի է, ԱԺ ընտրությունների ժամանակ «Ժառանգությունը» հանդես էր գալիս Արտաշես Գեղամյանի դերում և ընդդիմադիր դիրքերից պայքարում ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆին մրցակցային ֆոն էր ապահովում Սերժ Սարգսյանի համար։

ԱԺ ընտրությունների ժամանակ այդ դերակատարման համար «Ժառանգությունը» շատ թանկ վճարեց՝ մի կերպ հայտնվելով խորհրդարանում և ստանալով 2,5–հոգանոց խմբակցություն, որն ամբողջությամբ սեփականաշնորհված է իշխանության «ողջախոհ» երիտթևի կողմից։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին ու դրան հաջորդած շրջանին, ապա Րաֆֆին ձգտում է ՕԵԿ–ացման, բայց իշխանությունները նրան պահում են գեղամյանական դաշտում, քանզի ՀՀԿ–ին կրկին «ժողգործիք» է պետք եկել։

Նույնիսկ անզեն աչքով է երևում, որ իշխանությունները պայքարում են ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու մասամբ նաև ՀՅԴ–ի դեմ և, ինչպես ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ, աջակցում են «իրավատիրոջը»։ Պատահական չէ, որ ՀՀԿ–ի կարմիրշորտիկավոր քարոզիչը քափուքրտինքի մեջ մտած պայքարում է ԲՀԿ–ի, այլ ոչ թե իր շեֆին դժոխք տանելու պատրաստակամություն հայտնած Րաֆֆու դեմ։ Ուշագրավ մեկ հանգամանք. եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր դաշտից է «դհոլություն» անում ՀՀԿ–ի օգտին, ապա Արմեն Աշոտյանը «Բարև Երևանի» օգտին նույն բանն անում է իշխանական դաշտից։

Ակնհայտ է, որ Րաֆֆուն կցված «Բարև Երևանը», որի մեջ ներգրավված են իշխանությունների տարատեսակ դրածոներ, շարունակելու է կատարել «դհոլի» դերը։ Համենայնդեպս այս պահի դրությամբ այդպես է իրեն պահում Սերժից պաշտոն խնդրող, բայց այդպես էլ չստացող թիմը։  Թե որքանով կհաջողվի Րաֆֆուն արդյունավետորեն իրականացնել իր քստմնելի դերակատարումը, «հերձումը» ցույց կտա։ Նկատենք միայն, որ քաղաքական դիակները ցանկացած բնագավառում անկարող են արդարացնել իրենց՝ լինի դա ծոմապահությունը, «ֆեյքություն» անելը կամ Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելը։

Եվ այսպես, ամեն ինչ շատ հստակ է՝ մի կողմում ՀՀԿ–ն է՝ Բաղրամյան 26–ի կամակատար և քաղաքականապես անմեղսունակ Տարոն Մարգարյանի գլխավորած ցուցակով, իսկ մյուս կողմում իշխանափոխության խնդիր դրած ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն։ Անկախ ամեն ինչից՝ այս ուժերը պետք է համատեղ ուժերով թիրախավորեն ՀՀԿ–ին, համագործակցեն ընտրատեղամասերում և կոալիցիա կազմեն մայրաքաղաքի ղեկավար մարմնում։

Երևանը պետք է ունենա դիմագիծ և չպետք է ունենա անդեմ քաղաքապետ։

Երևանից սկսելով՝ կարելի է փոխել Հայաստանը և իշխանությունը վերադարձնել քաղաքացուն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը