Մեկնաբանություն

11.04.2013 02:01


Այն մասին, թե ինչպես Րաֆֆին փրկեց Սերժին Ռոբերտ Քոչարյանից

Այն մասին, թե ինչպես Րաֆֆին փրկեց Սերժին Ռոբերտ Քոչարյանից

Ապրիլի 9–ի դեպքերից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները մեղավորներ, սադրիչներ և չուզողներ են փնտրում։ Բնականաբար ոչ մի թթու խոսք Սերժ Սարգսյանի հասցեին։ Մեղավոր են բոլորը, բացի «ազատամարտի ռահվիրայից» և Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանների զորավար Վլադիմիր Գասպարյանից։

Անկազմակերպվածությունը որպես լիբերալիզմի, իսկ անպատասխանատվությունը որպես քաղաքացիականության դրսևորում ներկայացնողներից այժմ պարզապես ծիծաղելի է սադրիչների մասին պատմություններ լսելը։

Քանի կար րաֆֆիականներն ու նրանց աջակցող իշխանամետ լրատվամիջոցները խոսում էին «ցանցային» կառավարման, քաղաքացիների ինքնակազմակերպման, հորիզոնական հարաբերությունների և նմանատիպ այլ «կրեատիվ» բաների մասին՝ փորձելով քաղաքական կառավարման հստակ պատկերացումների բացակայությունը ներկայացնել որպես նոր տեխնոլոգիաներ։

Հիմա պարզվում է Րաֆֆիի շարժումը զոհ է գնացել սադրիչներին։ «ժառանգությունում» ու դրա շուրջ խմբված մարդկանց փոքրիկ խմբակի կողմից սադրիչների փնտրտուքն այնքան տենդագին է, որ անգամ հոգեխանգարմունքի դեպքեր են արձանագրվել։

Այսպես՝ նախկինում լևոնական, այժմ րաֆֆիական, բայց իրականում «երկխոսական» Արսեն Խառատյան անուն–ազգանով երիտասարդը պարզվում է գտել է, թե ով է կանգնած սադրիչների և բախման հրահրիչների հետևում։ Ըստ պրպտուն միտք ունեցող այդ երիտասարդի՝ այդ ամենը Ռոբերտ Քոչարյանին էր պետք։

«Իմ համոզմունքն այն է, որ ամենաշատը Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան «հարամելու», թուլացնելու խնդիր էր դրված, և ես կարծում եմ, որ եթե վերջնական նպատակին չէր հասցվելու, ապա այն ավելի թուլացնելու միակ շահառուն Ռոբերտ Քոչարյանն էր»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «խիստ ընդդիմադիր» հայացքների տեր Խառատյանը, և բնականաբար՝ «անկախ» լրատվամիջոցները շտապել են տարածել այդ տեսակետը։

Փաստորեն, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակցի՝ ապրիլի 9–ին Սերժ Սարգսյանի դիրքերի թուլացման մեջ ամանաշահագրգիռը Ռոբերտ Քոչարյանն էր, և միայն նա էր ուզում հարամել ՄՀՀ–ում տեղի ունեցած ինաուգուրացիան։

Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե Րաֆֆուց է Սերժը հաղթանակը խլել և վերջինիս դիրքերի թուլացմամբ պետք է որ նախևառաջ «Ժառանգությա՛ն» ղեկավարը շահագրգիռ լիներ, մանավանդ որ խոստացել էր իր հետ դժոխք տանել Սերժին, եթե վերջինս կեղծ երդում տա Վեհամոր Ավետարանի վրա։

Մենք միամտաբար կարծում էինք նաև, որ Սերժի դիրքերի թուլացման մեջ շահագրգիռ են ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, որոնք դեմ են քվեարկել ՀՀԿ ղեկավարին և կողմ արտահայտվել իշխանափոխությանը։

Եվ վերջապես, մեր միամտությունն այնքան շատ էր, որ կարծում էինք, թե Ազատության հրապարակում «հակընդեմ» երդման արարողություն կազմակերպողներն էին շահագրգիռ Սերժի ինաուգուրացիան հարամելու հարցում։

Պարզվում է չարաչար սխալվել ենք, քանզի Սերժի դիրքերի թուլացման մեջ թիվ մեկ շահագրգիռը եղել է Քոչարյանը և հետևաբար՝ բախումը ձեռնտու էր նրան։ Ոչինչ որ երթ անելու որոշումը կայացրեց Րաֆֆին։ Ճիշտ է, նա այդ որոշումը կայացրեց սուլոցների ու «Հի–մա՛» վանկարկումների ճնշման տակ, բայց միևնույն է պատասխանատվությունն իրենն է։ «Հի–մա՛» գոռում էին նաև Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքների ժամանակ, բայց գործը բախումների ու սադրիչների փնտրտուքի չէր հասնում։ Ինչէ։

Եթե Րաֆֆու թիմակցի կողմից, ըստ էության, հայտարարվում է, որ բարի Սերժի ինաուգուրացիան հարամելու հարցում թիվ մեկ շահագրգիռը չար Քոչարյանն էր, ապա դուրս է գալիս, որ «զորավարի» վկա Րաֆֆին ու իր թիմակիցները փրկել են Սարգսյանին և խափանել 2–րդ նախագահի դավադիր ծրագրերը՝ ցուցարարներին լքելով և «զորավարի» հետ Ծիծեռնակաբերդում մոմավառություն կազմակերպելով։ Շատ հուզիչ և հեղափոխական տեսարան է ստացվում։ Փաստորեն, Սերժի իշխանության կայունության երաշխիքի ջատագով է ոչ միայն տխրահռչակ Դավիթ Շահնազարյանը, այլ նաև ոչ պակաս տխրահռչակ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Չգիտեմ գիտակցո՞ւմ է սույն երիտասարդը, թե՞ ոչ, բայց նա Քոչարյանի PR–ն է անում։ Արսենի ասելով ստացվում է, որ Սերժին դեմ քվեարկած հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր շահագրգռված էին Սերժի դիրքերի թուլացմամբ՝ ծպտյալ քոչարյանականներ էին։ Բայց այդ տրամաբանությամբ «Հի–մա՛»–ի կողմնակիցներ ներկայացող Նիկոլ Փաշինյանը և հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ նույնպես ծպտյալ քոչարյանականներ են դառնում, քանզի ամեն ինչ արեցին, որ Րաֆֆին գնա Բաղրամյան փողոց, որպեսզի կազմ ու պատրաստ սպասող սադրիչները բախումներ հրահրեն ու Քոչարյանը շահի։ Ճիշտ է, «Հի–մա՛»–ի գաղափարախոսին որևէ մեկը չտեսավ ոստիկանների հետ շփման առաջին գծում, բայց դա այլ խոսակցության թեմա է։ Տվյալ դեպքում ուշագրավն այն մարազմատիկ մտքերն էին, որոնք ներկայացվել էին նախկինում լևոնական, այժմ րաֆֆիական, իսկ իրականում «երկխոսական» երիտասարդի կողմից։

Մի խոսքով, րաֆֆիենք հերթական անգամ փորձեցին Սերժ Սարգսյանին  դուր եկող բաներ անել, բայց ստացվեց ինչպես միշտ։

Ինչ վերաբերում է սադրիչների թեմային, ապա թիվ մեկ սադրիչը Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Այդ նա էր, որ հայտարարեց, թե Սերժը ապրիլի 9–ին կերդվի իմ դիակի վրա։ Նա էր, որ իշխանամետ լրատվամիջոցների հետ համատեղ գործելով՝ մարդկանց մոտ համապատասխան սպասումներ առաջացրեց և հեղափոխական տրամադրություններ գեներացրեց (ի վերջո չմոռանանք, որ հայտարարվել է հեղափոխություն և կապ չունի, որ դրա անունը «Բարև» է. իշխանության հարցի հետ կապված հեղափոխությունը ենթադրում է բախում)։ Նա էր, որ հայտարարում էր, թե Սերժն ապրիլի 9–ից այլևս նախկին իշխանություն է լինելու։

Սրանք քայլեր ու հայտարարություններ էին, որոնք բերելու էին բախման։ Հետևաբար՝ ոստիկանների ու ցուցարարների բախման թիվ մեկ պատասխանատուն Րաֆֆի Հովհաննիսյանն է և պետք չէ դեմագոգիայով զբաղվել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը