Լրահոս

01.07.2009 18:11


Իտալիայի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Իտալիայի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Ս.թ. հուլիսի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիին (Mr. Bruno Scapini) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում՝ հույս հայտնելով, որ դեսպանն աշխատանքի ընթացքում իր նշանակալի ներդրումը կունենա հայ-իտալական բարեկամական փոխգործակցության ընդլայնման և խորացման գործում:

Դեսպան Սկապինին, կարևորելով հայ-իտալական փոխադարձ համակրանքի ու ջերմ հարաբերությունների ձևավորված ավանդույթը, նշեց, որ կանի առավելագույնը առկա համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:

            Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական և մշակութային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

            Հանդիպմանը նախարար Նալբանդյանը և դեսպան Սկապինին անդրադարձան նաև Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին և այդ շրջանակներում երկկողմ համագործակցությանը:

Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

            Տեղեկանք : Բրունո Սկապինին ծնվել է 1949թ. սեպտեմբերի 22-ին, Հռոմում: Ավարտել է Հռոմի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: 1975թ. աշխատանքի է անցել Իտալիայի ԱԳՆ համակարգում: 2001-2005թթ. եղել է Կոպերում (Սլովենիա) Իտալիայի գլխավոր հյուպատոսը, 2005-2007թթ.՝ Լոզանում Իտալիայի գլխավոր հյուպատոս: 2007-2009թթ. զբաղեցրել է Իտալիայի ԱԳՆ առընթեր դիվանագիտական ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: 1994թ. Սկապինիին շնորհվել է Իտալական Հանրապետության Պատվավոր ասպետի շքանշան:

Այս խորագրի վերջին նյութերը