Մեկնաբանություն

15.04.2013 12:20


Լևոն Տեր–Պետրոսյանի հիմնական մեսիջները

Լևոն Տեր–Պետրոսյանի հիմնական մեսիջները

Նախընտրական ու հետընտրական գործընթացների ժամանակ Սերժ Սարգսյանն ու իր «ֆեյքերը» հանրությանը մատուցեցին մտքի այնպիսի գոհարներ, որոնք կարող են քաղաքական հումորի և սատիրայի անսպառ աղբյուր դառնալ։ Ավելի ճիշտ՝ արդեն դարձել են։ «Ազատամարտի ռահվիրան» և «իրավատերը» աչքի ընկան բոլոր ժանրերում։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում քաղաքական հստակ խոսքն ու կապակցված միտքն իր տեղը զիջել էր անհոդաբաշխ ձևակերպումներին, էժանագին թատրոնին և կեղծ պաթոսին։ Տեղի ունեցածը կարելի է բնութագրել որպես «Ձոն ապուշության»։

ՀԱԿ համագումարում ունեցած իր ելույթով Լևոն Տեր–Պետրոսյանը լցրեց վերջին ամիսներին ստեղծված քաղաքական վակուումը։ Նա քաղաքականությունը դարձրեց քաղաքական։

Տեր–Պետրոսյանի մոտեցումների հետ կարելի է համաձայնել կամ ոչ, նրա առաջարկները կարելի է ընդունել կամ ոչ, բայց հնարավոր չէ չընդունել, որ գործ ունես հստակ քաղաքական խոսքի և կառուցվածք ունեցող մտքի հետ։

Ինչ վերաբերում է Տեր–Պետրոսյանի հիմնական մեսիջներին, որոնք նա հղեց քաղաքական ուժերին և հանրությանը, ապա դրանք հետևյալն էին.

1.Հայաստանում իրավիճակը փոխելու և զարգացման ուղի դուրս գալու համար անհրաժեշտ է բուրժուադեմոկրատական հեղափոխություն։ Բոլոր նրանք, ովքեր դեմ են հանդես գալիս այս տարբերակով Հայաստանում փոփոխություններ իրականացնելուն՝ կամա թե ակամա նպաստում են սերժսարգսյանական իշխանության պահպանմանը, իշխանություն, որը տոտալիտար բնույթ ունի և ձգտում է գերկենտրոնացման։

Գործնական քաղաքականության մեջ բուրժուազիայի և դեմոսի դաշինքի կողմեր են հանդիսանում ԲՀԿ–ն, ՀԱԿ–ն ու բոլոր այն կուսակցությունները, որոնք ինքնուրույնություն ունեն և ձգտում են իրական փոփոխությունների։

2.Իշխանափոխության ծրագրերն իրականացնելու համար լավ առիթ են Երևանի ավագանու ընտրությունները, որոնք նախևառաջ քաղաքական նշանակություն ունեն։ Ամբողջական իշխանության ձգտող ՀՀԿ–ի մենաշնորհը մայրաքաղաքում վերացնելը լուրջ հարված կհասցնի գործող վարչախմբին։ Ոչիշխանական ուժերի հաջողության միակ գրավականը միասնաբար հանդես գալն է։

Ի դեպ, համագումարին մասնակցող ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը և ՀՅԴ–ական Արմեն Ռուստամյանը կարևորեցին կոնսոլիդացիայի գաղափարը։

Եթե կան ուժեր և անհատներ, որոնք իրենց ընդդիմադիր են ներկայացնում և խոսում փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն ընդունելի չեն համարում ՀԱԿ նախագահի հղած մեսիջները, ապա զբաղվում են ամեն ինչով, բացի քաղաքականությունից։ «Դհոլությունն» ու «ազնիվքայարփինջությունը» քաղաքականություն չէ։

Պարզապես դեմագոգիա կամ անգրագիտություն է հայտարարելը, թե բուրժուադեմոկրատական հեղափոխությունն իշխանության է բերելու բուրժուազիային, իսկ ժողովուրդը մնալու է ձեռնունայն։ Եթե այդպես լիներ, ապա ամբողջ Արևմուտքը չէր լինի այնպիսին, ինչպեսին մենք ունենք այսօր։ Զարգացած ժողովրդավարական երկրներն անցել են բուրժուադեմոկրատական հեղափոխության (կոշտ կամ փափուկ ձևով) ճանապարհով և դարձել մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորներ։

Այնպես որ, «իրավատիրոջ» թիմակիցներին խորհուրդ կտայինք այդքան մեծ էնտուզիազմով չհարձակվել բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարի վրա և իշխանահաճո կոդերով չքննադատել ՀԱԿ առաջնորդին, քանզի երբ նրանք վերջնականապես հասկանան, որ «քցվել» և «էշի պոչ» են ստացել Բաղրամյան 26–ից՝ ստիպված գալու են Տեր–Պետրոսյանի ասածներին ու կրծքով պաշտպանելու են բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը։ Հարգելի՛ րաֆֆիականներ, գոնե մի քիչ հեռատեսություն ունենցեք և տեղ թողեք, որպեսզի հետագայում «Բարև Սե՛րժ» պսեվդոհեղափոխությունից հրաժարվելն այնքան էլ ցավոտ չլինի ձեզ համար։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ճիշտ կլինի, եթե ԲՀԿ–ն ու ՀՅԴ–ն նույնպես հետևեն ՀԱԿ–ի օրինակին և ներքին բարեփոխումներ իրականացնեն՝ ստեղծելով «ականազերծ» և գաղափարակիցներից կազմված կուռ թիմ։ Միևնույն է կյանքը ստիպելու է դա անել։ Եվ ուրեմն, որքան շուտ՝ այնքան լավ։

Սերժ Սարգսյանի երդման արարողությունն ու դրա հետ կապված որոշ երևույթները ԲՀԿ–ի քաղաքական թևին պետք է ստիպեն համապատասխան հետևություններ անել և գնալ զտման ու բյուրեղացման ճանապարհով։ 

Նույնը վերաբերում է ՀՅԴ–ին։ Համահայկական նշանակություն ունեցող այս կառույցն այժմ ներքին ճգնաժամ է ապրում։ Այն առայժմ տեսանելի չէ հանրության լայն շրջանակներին, սակայն քաղաքական անցուդարձին ուշադիր հետևողների համար ամեն ինչ պարզ է։

Դեռ երբեք ՀՅԴ–ն այսքան թուլացած չէր եղել։ Անգամ արգելված վիճակում, երբ դաշնակցականները հայտնվել էին անազատության մեջ, ՀՅԴ–ն  այսպիսի խնդիրներ չէր ունեցել։

Եթե ՀՅԴ–ն չգնա ներքին բարեփոխումների և կուսակցական էլիտայի փոփոխության (մասնավորապես՝ Բյուրոյում), ապա շատ կարճ ժամանակահատվածում կվերածվի Ռամկավար ազատական կուսակցության, այսինքն՝ պատմամշակութային միավորի՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։ 

Այս խորագրի վերջին նյութերը