Լրահոս

16.04.2013 15:45


«Առաջին անգամ ամաչեցի, որ ավանցի եմ»

«Առաջին անգամ ամաչեցի, որ ավանցի եմ»

Անկեղծ եմ ասում՝ էսօր առաջին անգամ ամաչեցի, որ ես ավանցի եմ, նույնիսկ փոշմանեցի, որ էսքան ժամանակ ոչ մի թթու խոսք չեմ ասել ավանցիների կամ Տարոնի մասին, չնայած շատ ու շատ առիթներ եմ ունեցել՝ հենց նույն Ավանի դպրոցներում անօրինական քարոզչության, շենքերում մարդկանց դռները ծեծելու, ցուցակագրելու, անձնագրեր հավաքելու ու նման բազում դեպքերի մասին։ Չեմ արել, որովհետև հարգել եմ Ավանում Տարոնի կատարած աշխատանքը ու հարգել եմ իմ համայնքի բնակիչներին։ Բայց սա արդեն լրիվ վերջն էր։ 
Չե՞ք ամաչում, այ ավանցիներ, բա մի երկու քոռ կոպեկը կամ ծանոթի կարգով՝ ավանցի լինելը շահարկելով, հարց լուծել կարողանալը կամ նույնիսկ Ավանում էդքան խաղահրապարակ ու կանաչ գոտիներ կառուցելը արժե՞ ճշմարտության դեմ դուրս գալու համար։ Ինձ հետաքրքիր էլ չէ, թե էդ բարեգործական ավտոբուսը ո՞ր կուսակցությունն է բերել, ես ամաչում եմ, որ ավանցին կանգնում ու դրա դեմ է խոսում՝ բա թե մենք լավ ավտոբուսներ ունենք, իմ երեխուն էդ դուրս գրված ավտոբուսը չեմ նստացնի, սա մյուս վարորդներին կվնասի, ֆլան–ֆստան։ Նախ դու չես նստացնի, այ դու վարչական ռեսուրսի ստրուկ, բայց էդ 100 դրամը չունեցող քո հարևանը կնստացնի, կամ ուրեմն չգիտե՞ք, որ Ավանի ամենամեծ խնդիրը հենց տրանսպորտն է։ 

Էնքան բարձրաձայնեցի 61 համարի երթուղայինի համար, խոստացան՝ հեսա–հեսա հարցը կլուծենք, վերջը մի երկու տարի հետո լուծեցին ու գիտե՞ք ոնց՝ պարզապես գծից հանեցին էդ երթուղին։ Ու հիմա Բաղրամյանից ասենք Դուրյան գնացող ավանցին ստիպված մի կերպ պիտի ճխտվի 58 համարի իրանց ասած էդ սիրուն ավտոբուսը, հասնի մինչև թաղապետարան, իսկ էնտեղից էլ՝ հայդա, ոտքով մի քանի 100 մ։ Կամ, որ դուք էդքան մտահոգ եք մյուս վարորդների մասին, բա մի օր ինչի՞ չեք բողոքում, որ էդ մարդկանց ամեն օր թալանում են՝ ամեն առավոտ մի քանի հազար դրամ գծի փող պոկելով, մեկ էլ նույն Z ընկերությանը պատկանող մոյկայում մեքենաները լվանալ պարտադրելով։ 
Բա էն օրն էլ, տեսքից միանգամայն ուսուցիչ երկու կին եկել էին մեր տուն ու Տարոնի բուկլետն են տալիս ինձ։ Ասեցի՝ շնորհակալություն, պետք չէ։ Դուք մենակ էդ կանանց սփրթնած դեմքը պիտի տեսնեիք։ «Ո՞նց պետք չէ»,–մի քանի րոպե պահանջվեց, որ մարսեին իմ մերժումը։ Իմ վրա էնպես էին նայում, ոնց որ ես եգիպտական բուրգ լինեի կամ էլ՝ կենդանացած մումիա։ Իրանց ուղեղի մեջ ոչ մի կերպ չէր տեղավորվում, թե ես ո՞նց կարող եմ մերժել Տարոնին կամ ՀՀԿ–ին։ Էլ չեն ասում, որ ախր մի օր առաջ էլ ԲՀԿ–ի բուկլետը չէի վերցրել, որովհետև ամբողջ օրը ես դրա մեջ եմ ու էդ սութի բուկլետներով չի, որ պիտի ճանաչեմ իրանց։ 
Տեսնես մարդիկ ինչի՞ են էդքան ստրկամիտ։ Դաստիարակությունի՞ց է, ի ծնե, թե՞ գաղջ շրջապատից։ Կամ էլ՝ բոլորը միասին։ Ուֆ, նեռվայնացա...Սրանից հետո Ավանի մասին թթու խոսք չասելու իմ ուխտն ավարտվեց, հերիք եղավ...

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը