Մեկնաբանություն

18.04.2013 13:27


ՀՀԿ–ն ընդդեմ ՀՀ սահմանադրության

ՀՀԿ–ն ընդդեմ ՀՀ սահմանադրության

2005թ. սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Երևանի ղեկավար մարմինը ոչ թե նշանակովի, այլ ընտրովի է։ Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին էր վերապահվել Երևանի քաղաքապետի ընտրության մեխանիզմը որոշելու հարցը։ Խորհրդարանը կիսատ քայլ արեց և ընդունեց մի օրենք, ըստ որի՝ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնն անուղղակիորեն է ընտրովի, այսինքն՝ քաղաքացիներն ընտրում են ավագանի, իսկ ավագանին, հաշվի առնելով անցողիկ շեմը հաղթահարած ուժերի հարաբերակցությունը, իր կազմից ընտրում է քաղաքապետ։ Ամեն դեպքում, Երևանի քաղաքապետն ընտրովի է։

2009թ. առաջին անգամ նոր Սահմանադրությունից հետո տեղի ունեցան Երևանի ավագանու  ընտրությունները։ Քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ–ական Գագիկ Բեգլարյանը, ով թեև անվերապահորեն ծառայում էր Սերժ Սարգսյանին, այդուհանդերձ որոշակի ինքնուրույնություն ուներ, այդ թվում՝ ֆինանսական։ Դա չէր կարող ընդունելի և հանդուրժելի լինել ՀՀԿ ղեկավարի համար, և Դոմինգոն երգեց։

Թողնենք մի կողմ այն հարցը, թե արդյոք Բեգլարյանը լա՞վ, թե՞ վատ քաղաքապետ էր։ Հարցը տվյալ դեպքում վերաբերում է հակասահմանադրական բնույթ ունեցող երևույթին, երբ ընտրովի մարմնի կառավարմանը կոպիտ միջամտում են։ 

2010թ. սկսած՝ Երևանում դե ֆակտո նշանակովի քաղաքապետի ինստիտուտ է ներդրվել։ ՀՀԿ–ական ավագանին կազմված է «անլեզու» և «մեծապատիվ» մտավորականներից, որոնք դակում են Բաղրամյան 26–ից իջեցված ցանկացած որոշման օգին ու քաղաքապետ «ընտրում» ըստ հրահանգի։ Սկզբում դա Կարեն Կարապետյանն էր, ում թողեցին մի քիչ «դրայվ» անել, բայց երբ զգացին, որ «ատկատների» հարցում այնքան էլ կարգապահ չէ և ժամանակին ու ճիշտ չափաբաժնով չի հասցնում վերև, անմիջապես փոխեցին՝ քաղաքապետ նշանակելով քաղաքականապես անմեղսունակ և նախագահական նստավայրի համար խամաճիկի դեր կատարող Տարոն Մարգարյանին։

Այժմ Տարոնին ուզում են վերանշանակել, որպեսզի Երևանը կրկին կառավարվի «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չի» տարբերակով, ինչը չի կարելի թույլ տալ։

Քվեարկելով ՀՀԿ–ի ցուցակի դեմ և ընդդիմադիր ուժերից որևէ մեկի (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ) օգտին՝ ընտրողը հնարավորություն կունենա ոչ միայն արդյունավետ կառավարման ակնկալիք և դիմագիծ ունեցող քաղաք ունենալ, այլ նաև վերականգնել սահմանադրական կարգը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը նշանակովիից դարձնելով ընտրովի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը