Լրահոս

02.07.2009 18:07


ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել քննարկում՝ սեռական անձեռնմխելիությունը թեմայով

Հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել քննարկում՝ «2008 թվականի ընթացքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով հետաքննության և նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության, դատարաններում մեղադրանքի պաշտպանության վիճակը» թեմայով:
Քննարկմանը մասնակցել են Հայաստանում գործող շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ: Հանդիպումը վարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:
Ըստ  կատարված ուսումնասիրությունների արդյունքների՝ մեր հանրապետությունում նմանատիպ հանցագործությունների աճի միտում կա, ինչը մտահոգիչ է: Մ. Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը հավասարապես պետք է մտահոգի ինչպես  իրավապահներին, այնպես էլ  ողջ հասարակությանը: 
Հասարակական կազմակերպությունները մի շարք հարցեր են ուղղել քննարկման կազմակերպիչներին և անդրադարձան այնպիսի հարցերի, ինչպիսիք են հասարակության  գրագիտության բարձրացմանը, հանրակրթական դպրոցներում մատաղ սերնդի սեռական դաստիարակությանը, ինչն ըստ հասարակական կազմակերպությունների, պետք է իրականացնեն մասնագետները՝ հոգեբանները և սեքսապաթոլոգները:

Քննարկման ընթացքում կարևորվել է  նաև տուժողների շահերի պաշտպանությունը, որի գրավականներից մեկն էլ   միջնորդավորված առերեսումներ կատարելու  ինստիտուտի  կիրառումն է:

Կարևորելով ՀՀ գլխավոր դատախազության և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը՝  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը հույս է հայտնել, որ նմանօրինակ հանդիպումները հետագայում ևս կշարունակվեն:

www.7or.am

Այս խորագրի վերջին նյութերը