Լրահոս

20.04.2013 13:02


Շախմատի ուսուցչին հեռացրել են Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի թոռների դպրոցից

Շախմատի ուսուցչին հեռացրել են Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի թոռների դպրոցից

galatv.am–ը գրում է, որ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը հրաժարվել է շարունակել դասավանդել այն դպրոցում, որտեղ, ինչպես հայտնել է ինքը, սովորում են Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի թոռները, և ուր իրեն պարտադրում են «8»-ից ցածր գնահատական չդնել:

Երեկ պարզվել է, որ դպրոցի տնօրենը նրան ազատել է աշխատանքից` առանց հիմնավորման: Նարեկը ի ցույց է դրել իր աշխատանքային գրքույկը, որտեղ երևում է, որ նախորդ աշխատատեղերում նրան աշխատանքի ընդունել և ազատել են որշակի օրենսդրական նորմերի և համապատասխան աշխատանքային փաստաթղթերի հիման վրա: Այս դեպքում աշխատանքից ազատելու որևէ հիմնավորում չեն ներկայացրել, բայց գրքույկի մեջ նշված է, որ աշխատանքի է ընդունվել Աշխատանքային օրենսգրքի հետևյալ հոդվածների հիման վրա.

Հոդված 85. Աշխատանքային պայմանագրի ձեւը եւ կնքման կարգը

1. Աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

Հոդված 94. Աշխատանքային պայմանագրի տեսակները

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Հոդված 95. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը

3. Աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կարող է կնքվել նաեւ, եթե՝

5) կատարվում է ժամանակավոր (մինչեւ երկու ամիս ժամկետով) աշխատանք:

Նարեկն իր աշխատանքային գրքույկից է տեղեկացել, որ ազատվել է աշխատանքից: Բայց զարմացած է, քանի որ ինքը աշխատանքային պայմանագիր չի ունեցել և որևէ դիմում չի գրել աշխատանքի ընդունվելու համար: Նա անձամբ չի վերցրել աշխատանքային գրքույկը, այլ այն փոխանցվել է իրեն: Իսկ դպրոցի տնօրենի հետ այս մասին չի խոսել, քանի որ, ինչպես ինքն է ասում, իմանալով նրա հայացքները, նրա քաղաքականացվածությունը, Հանրապետականին ծառայելը, անիմաստ է համարել:

Նարեկը Պուշկինի անվան դպրոցում աշխատանքի է գնացել Շախմատի ակադեմիայի առաջարկով: Տնօրինությունը նրանից պահանջել է ներկայացնել փաստաթղթեր` անձնագրի, սոցքարտի պատճեններ` 3- ական օրինակ, 3 տարով տրված շախմատի դասավանդման լիցենզիան` 20 բալանոց և աշխատանքային գրքույկ: «Իսկ երբ հարցրեցի, թե կարիք կա դիմում գրելու, չգիտեմ, իրենց մոտ երևի հանրապետականների տարբերակն է, իրենք են իմ փոխարեն դիմում գրել, թե ինչ են արել…»,- ասել է Նարեկը:

«Իմիջիայլոց, աննախադեպ է անձնագրի և սոցքարտի պատճեններից 3-ական օրինակ պահանջելը: Կոնկրետ հանրակրթական դպրոցների պարագայում ես փաստաթղթերի պատճենների 3-ական օրինակ երբևէ չեմ ներկայացրել: Ես այլ դպրոցներւմ եմ էլ աշխատել: Միգուցե նույնիսկ կարելի է ճշտել` արդյոք ես գրանցվել եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությո՞ւն, թե՞ ոչ»,- ասել է նա:

Թե որն է լինելու իր հաջորդ քայլը, Նարեկը նշել է. «Հաջորդիվ` տնօրենը պարտադիր պատասխան է տալու ՀՀ Սահմանադրւթյունն ու օրենքները խախտելու, անհիմն պատճառով ինձ աշխատանքից ազատելու, ինչպես նաև` անհիմն ինձ աշխատանքի ընդունելու համար: Սա, իմ կարծիքով, «ատկատի» պարզ օրինակ է»:

Այս խորագրի վերջին նյութերը