Մեկնաբանություն

21.04.2013 13:40


Ինչո՞ւ են Տարոն Մարգարյանից «զիբիլ թափող» սարքում

Ինչո՞ւ են Տարոն Մարգարյանից «զիբիլ թափող» սարքում

Իշխանությունները պարզունակ քայլի են  դիմում։ Ասում են՝ մայիսի 5-ին ոչ թե քաղաքական, այլ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են, հետևաբար պետք է ընտրել ոչ թե քաղաքական մարդկանց, այլ նախագահական նստավայրի հովանու տակ գործող «պռառաբի»։ Այդպիսով նրանք, կամա թե ակամա, խոստովանում են, որ ՏԻՄ ինստիտուտը ոչնչացրել են ու դարձրել գործադիրի կցորդը։

Ինչպիսի ձևակերպում էլ տան աշոտյանները գալիք ընտրություններին, այն, միևնույն է, քաղաքական նշանակություն ունի։ Ընտրությունները, լինեն դրանք համապետական կամ տեղական մասշտաբի, չեն կարող ապաքաղաքական լինել։ Որտեղ կա ընտրություն, այնտեղ կա քաղաքականություն և հակառակը։ Միայն տոտալիտար ռեժիմների դեպքում են ընտրություններն ապաքաղաքական լինում։

Զարգացած երկրներում ՏԻՄ ընտրություններն ամենաքաղաքականացվածն են, քանզի դրանք կանխորոշում են համապետական ընտրությունների արդյունքները։ Մեզ մոտ հակառակն է։ Մենք տոտալիտար երկիր չենք, բայց իշխանությունների ձգտումներն այդ ուղղությամբ ակնհայտ է։

Մեկ այլ հնարք էլ են կիրառում ՀՀԿ–ում։ Ասում են՝ դուք ընտրում եք Տարոն Մարգարյանին, ով «դոբրի» և ազնիվ տղա է ու կապ չունի կեղտոտ ՀՀԿ–ի հետ։ Այդպիսով փորձ է արվում նենգափոխել իրականությունը և շրջանցել այն հանգամանքը, որ տեղի են ունենալու կուսակցությունների ցուցակների ընտրություններ, այսինքն՝ քվեարկվում է ոչ թե Տարոնը, այլ ՀՀԿ ներկայացրած ցուցակն ու Տարոնին քաղաքապետ նշանակողը՝ Սերժ Սարգսյանը։ Բացի այդ՝ Տարոնի հայտարարագրած ու չհայտարարագրած եկամուտներից պարզ է դառնում, որ նա, մեղմ ասած, այնքան էլ «դոբրի» ու ազնիվ չէ, քանզի միայն կոռուպցիայի մեջ թաղված չինովնիկը, ինչպիսին ՀՀԿ ցուցակի առաջին համարն է, կարող էր միլիոններ կուտակել։ Ասել է թե՝ Տարոնն իր տեսակով և մտածողությամբ չի տարբերվում իշխող վերնախավը ներկայացնողներից։

Իշխանական քարոզչամեքենայի մյուս գիծն այն է, որ Երևանի քաղաքապետը, ըստ էության, զիբիլ հավաքող է՝ «դվոռնիկ»։ Շրջանառության մեջ է դրվել «Երևանին լավ կառավարիչ է պետք, այլ ոչ թե քաղաքական գործիչ» թեզը։

Անշո՛ւշտ, որևէ մեկը չի կարող ժխտել, որ ցանկացած համակարգ ունի գրագետ կառավարման խնդիր։ Երևան քաղաքն այդ առումով բացառություն չէ։ Բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ են իշխանությունները փորձում անհավասարության նշան դնել քաղաքական գործչի և մենեջերի միջև։ Ստացվում է՝ եթե մարդը քաղաքական գործիչ է, ապա նա պետք է անպայման վատ մենեջեր լինի, կամ հակառակը։ Այդ տրամաբանությամբ՝ ինչպիսի՞ գործիչներ պետք է լինեն երկրի նախագահը, խորհրդարանի խոսնակը, վարչապետը, նախարարները՝ քաղաքակա՞ն, թե՞ ֆունկցիոներական։ Համաձայնեք, որ առաջարկվող երկընտրանքն անհեթեթ է։ Դա նույնն է,  թե հայտարարես, որ ընտանիքի լավ հայրը չի կարող նաև լավ արհեստավոր լինել։

Ինչ վերաբերում է Տարոնի մենեջերական կարողություններին, ապա այդ առումով լուրջ վերապահումներ կան։ Եթե մարդն աշխատում է «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չի» հրահանգի շրջանակներում, ապա առնվազն ծիծաղելի են նրանից լավ մենեջեր կերտելու փորձերը։

Տարոն Մարգարյանին որպես զիբիլ հավաքող ձյաձյա Վանյա ներկայացնելով՝ իշխանությունները նախ իրական գնահատական են տալիս իրենց քաղաքապետացուին և միևնույն ժամանակ խոստովանում, որ Բաղրամյան 26–ում ուզում են ունենալ նշանակովի քաղաքապետ, որպեսզի ցանկացած պահի թաշկինակի պես փոխեն նրան՝ եթե, իհարկե, Տարոնը թերանա «ատկատների» կանոնակարգման և «Երևան» հիմնադրամի «ճիշտ» տնօրինման հարցերում։

Նույնիսկ եթե ընդունենք այն անհեթեթ պնդումը, թե Երևանի քաղաքապետի ֆունկցիան միայն ասֆալտապատումն ու զիբիլի հեռացումն է, ապա դրանք նույնպես քաղաքական հարցեր են, քանզի մայրաքաղաքի բյուջեի տնօրինման և միջոցների բաշխման հետ գործ ունենք։ Իսկ որտեղ բյուջեի կառավարում, այնտեղ քաղաքականություն։

Սերժ Սարգսյանին ապաքաղաքական ու անդեմ քաղաքապետ է պետք լրիվ այլ նպատակներով։ «Իշխանությունը փող է, փողը՝ իշխանություն». սա է այսօրվա խաղի կանոնը։ Եվ բնական է, որ այս պայմաններում Բաղրամյան 26–ին, իրոք, «մենեջեր» է պետք, որպեսզի նա «զիբիլ թափելու» փողը ժողովրդից հավաքի և այդ փողերն «ատկատ» անի իր կամ իր ընկերների կողմից ստեղծած աղբահանող կազմակերպությանը, ու քաղաքն էլի կեղտոտ մնա, որպեսզի նա ասֆալտի տենդերները միշտ նույն մարդկանց շահեցնել տա, որպեսզի նա վաղը-մյուս օրը  համապետական ընտրությունները «ճիշտ մենեջմենթի» ենթարկի և այլն, և այլն, և այլն։

Եվ ուրեմն՝ մայիսի 5–ին պետք է խափանել իշխանության ծրագրերը քաղաքական դաշտը մենաշնորհայնացնելու և Երևանն անտեր թողնելու ուղղությամբ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը