Լրահոս

22.04.2013 17:07


ՈՒԵՖԱ-ի Արտոնագիր ստացան 8 ակումբներից 6-ը

ՈՒԵՖԱ-ի Արտոնագիր ստացան 8 ակումբներից 6-ը
Ս/թ. ապրիլի 19-ին, ՀՖՖ-ի գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» եւ «Էրեբունի-Դիլիջան» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու 2013/2014թթ-երի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Արտոնագրման գործընթացը սկսելիս «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու դիմում էին ներկայացրել նաեւ «Ուլիս» եւ «Արարատ» ակումբները, որոնք, սակայն մինչև սահմանված վերջնաժամկետը չէին ներկայացրել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգով (2012թ. խմբագրություն) պահանջվող ֆինանսական չափանիշին վերաբերող փաստաթղթային փաթեթները:

Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ Արայիկ Մանուկյանը: Նիստին ներկա էին կոմիտեի փոխնախագահ Հայկ Սարգսյանը, ինչպես նաեւ անդամներ Դավիթ Գրիգորյանը, Դավիթ Ավանեսյանը, Հակոբ Համբարձումյանը, Գագիկ Ռեչելյանը և Հայկ Կարապետյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, տեղակալ Ամալյա Գրիգորյանը, բաժնի մասնագետ Ղազար Հակոբջանյանը, ֆինանսական հարցերով փորձագետ Աննա Բուչացկայան և ԶԼՄ-ների հետ կապերի գծով պատասխանատու Տիգրան Իսրաելյանը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից:

Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 8 ակումբներից 6-ին: «Ուլիս» և «Արարատ» ֆուտբոլային ակումբների դիմումները մերժվեցին, քանի որ վերջիններս դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար, բայց հետագայում մինչև սահմանված վերջնաժամկետը ընդհանրապես չէին ներկայացրել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգով (2012թ. խմբագրություն) պահանջվող ֆինանսական չափանիշին վերաբերող փաստաթղթային փաթեթները:

Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի (2012թ. խմբագրություն)  պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին: Այդ պարտավորությունների վերահսկմանն ուղղված կլինի ՀՖՖ Արտոնագրման բաժնի գործունեությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը, երբ կսկսի արտոնագրման նոր մրցաշրջանը: 

Այս խորագրի վերջին նյութերը