Լրահոս

23.04.2013 21:29


Իմունականխարգելման եվրոպական շաբաթ

Իմունականխարգելման եվրոպական շաբաթ
Սկսած 2004 թվականից՝ Եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով: Այս տարի «Իմունկանխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 22-ին և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը:
Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ փոքր ներդրումներով մեծ արդյունքներ են ապահովվում։ 
Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ՝ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է ինչպես կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը, այնպես էլ՝ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը՝ հնարավոր է և հասանելի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով.
• պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 2-3 մլն կյանք է փրկվում,
• պոլիոմիելիտի դեմ պատվաստումների շնորհիվ 1998թվականից ի վեր մոտ 5 մլն մարդ կարողանում է քայլել, իսկ մոտակա 40 տարում նրանց թիվը կգերազանցի 10.6 մլնը,
• Արևմտյան Եվրոպայում կարմրուկով մեկ հիվանդի բուժումը կազմում է 209-480 եվրո, մինչդեռ կարմրուկի պատվաստանյութի 1 դեղաչափն արժե 0.17-0.97 եվրո:
 
Սակայն այս նվաճումները մարդկանց կարծես թե հանգստացրեցին։ Ձևավորեց թյուր կարծիք, որ արդեն հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ այլևս պատվաստումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Նման կարծիքը խիստ վտանգավոր է, քանի որ այդ պարագայում կարող են առաջանալ դեռևս մահացու համարվող վարակիչ այդ հիվանդությունների բռնկումներ։ Այս առումով հատկանշական են հետևյալ թվերը և փաստերը. վերջին 2 տարվա ընթացքում գրանցվել են կապույտ հազի բռնկումներ Ճապոնիայում (13000 դեպք) և ԱՄՆ-ում (միայն 2010թ.7000 դեպք, մահվան 10 ելք), պոլիոմիելիտի բռնկում Տաջիկստանում (2010թ.` 458 դեպք, մահվան 29 ելք)։ 2010 թվականից առ այսօր ողջ աշխարհում շարունակվում է կարմրուկի համաճարակը։ Տարեկան 2 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտ Բ-ի բարդություններից: 
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով աշխարհում մինչև մեկ տարեկանը 22,4 միլիոն երեխա դեռևսչի ստացել տարիքի համար անհրաժեշտ բոլոր պատվաստումները: 2011 թվականի դրությամբ աշխարհում ԱԿԴՓ (դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում) պլանային պատվաստումներում երեխաների ընդգրկումը կազմում է ընդամենը 83%՝ թիրախային նվազագույն 95 %-ի փոխարեն: 
Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդությունների ռիսկը: Այսպես` ըստ վիճակագրության եթե 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ է զարգանում էնցեֆալիտ, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստում ստացած մեկ միլիոնից հետպատվաստումային էնցեֆալիտ կարող է զարգանալ մեկի մոտ: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80 000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում, և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել: 
 
Պատվաստումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այս կարգավիճակը: 1994-1995 թվականներին հանրապետությունում դիֆթերիայի բռնկումից հետո զանգվածային պատվաստումների շնորհիվ համաճարակային իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարվա ընթացքում դեպքեր չեն աձանագրվում: Այս օրերին աշխարհի շատ երկրներում` Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Թուրքիայում և այլուր լուրջ խնդիր են կարմրուկը և կարմրախտը: Դեռևս 2010 թվականից եվրոպայում սկսված կարմրուկի բռնկումը շարունակվում է մինչ օրս՝ պատճառ դառնալով հազարավոր մարդկանց հիվանդացման, վտանգավոր բարդությունների արդյուքում հաշմանդամության և նույնիսկ մահվան: 
Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը շատ հանգիստ է ու բարենպաստ: 2007 թվականին կարմրուկի և կարմրախտի դեմ իրականացված զանգվածային պատվաստումների, իսկ հաջորդիվ՝ պլանային պատվաստումներում ենթակա երեխաների մոտ 98 տոկոս ընդգրկվածության ապահովման արդյունքում այդ ժամանակից ի վեր հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի դեպքեր չեն արձանագրվում: 1999 թվականին հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ներդրումից հետո մինչև 14 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունը նվազել է մոտ 100 անգամ: 2009 թվականին հնգավալենտ պատվաստումների ներդրման արդյունքում հանրապետությունում 2012 թվականին մենինգիտները նվազել են մոտ 2 անգամ: 2012 թվականի նոյեմբերից հանրապետությունում իրականացվում են ռոտավիրուսային դիարեաների դեմ պատվաստումներ: Արդյունքում միայն 3-4 ամիս պատվաստումների իրականացման շնորհիվ հանրապետությունում նվազել է ռոտավիրուսների շրջանառությունը և 2013 թվականի սեզոնային բարձրացումների բարձրակետին (հունվար-մարտ) նախորդ տարիների համեմատությամբ զգալի նվազել են ռոտավիրուսային դիարեաներով հոսպիտալացումները (2012թ.հունվար-մարտ՝ 52-57%, 2013թ. հունվար -մարտ՝ 32-42%):
Հիշեցնենք, որ ՀՀ-ում կառավարվող վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում՝ տարիքային որոշակի խմբերի շրջանում: Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում յուրաքանչյուր երեխայի հաշվառումից հետո ծնողին տրվում է պատվաստման քարտ, որտեղ մանրամասնորեն ներկայացված են պատվաստանյութերի անվանումները, պատվաստման ժամկետները: 
 
Թե´ պետության և թե´ միջազգային կազմակերպությունների կողմից գնված բոլոր պատվաստանյութերը եվրոպական արտադրության են և ունեն ԱՀԿ-ի կողմից սահմանված որակի չափորոշիչներին համապատասխան արտոնագրեր: 
 
Այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները ներկրվող որակյալ պատվաստանյութերը պատշաճ պահպանելու և տեղափոխելու համար: Հանրապետության տարածքում պատվաստանյութերի տեղափոխումն իրականացվում է սառնարան-պայուսակներով` 24-ից մինչև 48 ժամ պահպանելով անհրաժեշտ 2-8օ ջերմաստիճանը, իսկ պատվաստում կատարող բոլոր ծննդատներն ու ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններն ապահովված են պատվաստանյութերի պահպանման հատուկ սառնարաններով: 
 
Մի մոռացե´ք ժամանակին այցելել ձեր տեղամասային պոլիկլինկա: Ժամանակին արված պատվաստումը կկանխի երեխային վարակիչ հիվանդություններով հիվանդանալուց` առաջացնելով կայուն պաշտպանություն:
Հիշե´ք պատվաստումը վարակիչ հիվանդություններից ապահով պաշտպանության միակ միջոցն է: 

Այս խորագրի վերջին նյութերը