Լրահոս

23.04.2013 20:20


Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ուկրաինայում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ուկրաինայում

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի կապակցությամբ  Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Ուկրաինայի հայերի միության եւ Կիեւի հայ համայնքի նախաձեռնությամբ Ուկրաինայի Գիտությունների Ազգային Ակադեմիայի քաղաքագիտության եւ ազգագրական ինստիտուտում  կայացավ կլոր սեղան` «1915 թ. հայերի ցեղասպանությունը. առանց մոռացության իրավունքի» խորագրով:

Կլոր սեղանին մասնակցեցին Ուկրաինայի Գերագույն Ռադայի վեց պատգամավորներ, ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններից, գիտական, ակադեմիական հաստատությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, ԶԼՄ–ների, հայ համայնքի, ազգային փոքրամասնությունների, ցեղասպանության, միջազգային եւ մարդու իրավունքների նշանավոր մասնագետներ եւ այլ բնագավառի ներկայացուցիչներ:

Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով կլոր սեղանի մասնակիցներին`  Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշեց ,որ այս օրերին ողջ հայ ժողովուրդը` Հայաստանում եւ սփյուռքում կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի կապակցությամբ՝ միաժամանակ մեկ անգամ եւս բերելով իրենց խոնարհումը եւ հարգանքի տուրքը անմեղ զոհերի հիշատակին:

Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի դարավոր պատմության ամենամռայլ էջն է, որի հետեւանքով մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքը 1,5 միլիոն մարդկային կյանք  եւ հարյուրամյակների ընթացքում ստեղծված   մեր մշակույթի հոգեւոր եւ նյութական արժեքները, իսկ ցեղասպանությունից փրկվածները սփռվեցին ողջ աշխարհով: Այն հիրավի հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի այլեւ` ողջ մարդկության հանդեպ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության  միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին՝ նա նշեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է կառավարական հանձնաժողով եւ Հայաստանը  սփյուռքի հետ համատեղ շարունակելու է  աշխատանքները այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով հասնել պատմական արդարությանը եւ դրանով նաեւ իրենց մասնակցությունը բերել աշխարհում հնարավոր նոր ցեղասպանությունների կանխմանը:

ՀՀ դեսպանը իր խորը երախտագիտությունը հայտնեց Ուկրաինային եւ  ուկրաինացիներին ցեղասպանությունից վերապրածների մի մասին  Ուկրաինայում հյուրընկալելու համար, իրենց  ակտիվ մասնակցությունն ու ներդրումն են բերել եւ շարունակում են  բերել երկրի զարգացման եւ ամրապնդման գործում:

Կլոր սեղանին ողջույնի խոսք ասեցին եւ մասնակիցներին բեղմնավոր աշխատանք մաղթեցին, Ուկրաինայի հայերի միության նախագահ ԳՌ–ի պատգամավոր Վ.Շատվորյանը, Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գ.Բունիաթյանը, ԳՌ -ի–ի պատգամավորներ Ա. Գերմանը, Բ.Ֆելդմանը, Ի.Շվայկը, Վ. Կուլչակը:

Նրանք բոլորը նշեցին, որ դա սարսափելի ոճրագործություն է, ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության հանդեպ եւ նրա  միջազգային ճանաչումը եւ դատապարտումը նոր հնարավոր ցեղասպանությունների կանխման լավագույն միջոցներից մեկն է:

Մասնավորապես, Աննա Գերմանը նշեց, որ կլոր սեղանին ԳՌ–ի պատգամավորների՝ նման պատկառելի կազմով մասնակցությունը վկայում է հայոց ցեղասպանության նկատմամբ  պետության վերաբերմունքի եւ հայ համայնքի դերի բարձր գնահատման մասին:

Կլոր սեղանին զեկուցումներով հանդես եկան Հոլոքոստի ինստիտուտի տնօրեն Ա.Պոդոլսկին, ազգային փոքրամասնությունների պետական կոմիտեի նախկին նախագահ Յու. Ռեշետնիկովը եւ պատմության ինստիտուտի Սեւծովյան քաղաքակրթության  սեկտորի ղեկավար Օ.Գալենկոն:

Այս խորագրի վերջին նյութերը